Գրքեր

Եսայի 3:16-4:1

16Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»։ 17Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց։ 18Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները, 19պիտի քանդի նրանց հիւսերը,վերացնի նրանց ծամակալները, 20նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քօղազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու ապարանջանները, մեհեւանդներն ու գինդերը, 21նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը, 22եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը, 23բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքօղը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները։ 24Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես։ 25Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն։ 26Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան,պիտի մատնուեն սգի,իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալուես գետին։ 
4 Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․