Գրքեր

Առակներ 4:10-27

10Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ։11Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։12Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, 13որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես։ 14Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն։15Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։ 16Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք։ 17Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում։ Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում, 18քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում եւ հարբում են անօրէնութեան գինով։ 19Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի։ 20Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի, եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն։ 21Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն։ 22Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 23քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար։24Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը։ 25Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։ 26Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն։ 27Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛, եւ քո ճանապարհները ուղղի՛ր։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․