Գրքեր

Ավետ. ըստ Ղուկասի 7:11-35

11Հետեւեալ օրը Յիսուս գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաեւ իր աշակերտները եւ բազում ժողովուրդ։ 12Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել, միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»։ 14Մօտենալով՝ դագաղին դիպաւ։ Դագաղը տանողները կանգ առան։ Եւ նա ասաց. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ 15Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել։ Եւ Յիսուս նրան մօրը տուեց։ 16Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»։ 17Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում։ 18Եւ Յովհաննէսին այս բոլորի մասին պատմեցին իր աշակերտները։ 19Եւ Յովհաննէսն իր աշակերտներից մի երկուսին իր մօտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մօտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 20Եւ այդ մարդիկ գալով նրա մօտ՝ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մօտ եւ ասում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 21Եւ նոյն ժամին նա շատերին բժշկեց հիւանդութիւններից, ցաւերի հարուածներից, չար ոգիներից եւ բազմաթիւ կոյրերի տեսողութիւն շնորհեց։ 22Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. 23եւ երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի»։ 24Եւ երբ Յովհաննէսի պատգամաւորները գնացին, նա սկսեց ժողովրդին խօսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժուող մի եղէ՞գ։ 25Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարուած մի մա՞րդ. ահաւասիկ նրանք, որ փառաւոր զգեստներով են եւ փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են լինում։ 26Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ, առաւել քան մի մարգարէ. 27որովհետեւ Յովհաննէսը նա է, որի մասին գրուած է. «Ահա քո առաջից ուղարկում եմ իմ պատգամաւորին, որպէսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ չկայ աւելի մեծ մարգարէ, քան Յովհաննէսը. բայց Աստծու արքայութեան մէջ ամենափոքրը աւելի մեծ է, քան թէ նա»։ 29Եւ երբ ամբողջ ժողովուրդը լսեց, նոյնպէս եւ մաքսաւորները, ընդունեցին Աստծու արդարութիւնը՝ մկրտուելով Յովհաննէսի մկրտութեամբ։ 30Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին։ 31«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման։ 32Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք. ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»։ 33Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ։ 34Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»։ 35Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․