Գրքեր

Ավետ. ըստ Մատթեոսի 9:35-10:15

35Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները։ 36Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն։ 37Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ 38Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։ 
10 Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն։ 2Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս, 3Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց,4Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան։5Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, 6այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ 7Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 8Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք։ 9Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ. 10ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին։11Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք։12Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»։ 13Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ։14Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․