Գրքեր

Ավետ. ըստ Ղուկասի 9:1-17

Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները։ 2Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին։ 3Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք։ 5Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»։ 6Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ։ 7Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ, 8թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել։ 9Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Եւ ուզում էր նրան տեսնել։ 10Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում։ 11Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց։ 12Եւ օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»։ 13Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»։ Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»։ 15Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին։ 16Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն։ 17Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․