Գրքեր

Ավ. ըստ Մարկոսի 9:29-47

29Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ, 30քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 31Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել։ 32Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ 33Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը։ 34Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»։ 35Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։ 37Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»։ 38Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է։ 40Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։ 41«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր։ 42Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ։ 43Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես։ 44Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 45ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, 46որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի։ 47Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․