Գրքեր

Գործք 21:37-22:29

37Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ»։ Եւ նա ասաց. «Յունարէն գիտե՞ս. 38չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»։39Պօղոսն ասաց. «Ես հրեայ մարդ եմ, կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, ինձ հրամա՛ն տուր, որ իմ խօսքն ուղղեմ այդ ժողովրդին»։ 40Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը։ Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն լեզուով եւ ասաց. 
22 «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, այժմ լսեցէ՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»։ 2Երբ լսեցին, որ եբրայերէն լեզուով դիմեց իրենց, առաւել եւս հանդարտուեցին եւ լռեցին։ 3Եւ նա ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, եւ դաստիարակուել եմ այստեղ, այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ, կրթուած ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան։ Նախանձայոյզ էի Աստծու հանդէպ, ինչպէս դուք բոլորդ՝ այսօր։ 4Ես այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ՝ կապելով եւ բանտերի մատնելով տղամարդկանց եւ կանանց, 5ինչպէս ինձ վկայ են քահանայապետը եւ ամբողջ ծերակոյտը, որոնցից եղբայրներին ուղղուած նամակներ էլ առնելով՝ Դամասկոս էի գնում եղբայրների մօտ՝ այնտեղից եւս կապեալներ բերելու համար Երուսաղէմ, որ պատժուեն։ 6Եւ մինչ գնում էի եւ մօտեցայ Դամասկոսին, կէսօրուայ ժամանակ յանկարծ երկնքից սաստիկ լոյս փայլատակեց իմ շուրջը.7եւ ես գետին ընկայ. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ 8Եւ ես պատասխանեցի. «Ո՞վ ես, Տէ՛ր»։ Եւ ինձ ասաց. «Ես Նազովրեցի Յիսուսն եմ, որին դու հալածում ես»։ 9Ինձ հետ եղողները եւս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խօսում էր։ 10Եւ ես ասացի. «Ի՞նչ պէտք է անեմ, Տէ՛ր»։ Եւ Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ Դամասկոս, եւ այնտեղ քեզ կը պատմուի այն բոլորի մասին, որ հրամայուած է քեզ անել»։ 11Եւ քանի որ այդ լոյսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնելով, առաջնորդեցին ինձ, եւ Դամասկոս մտայ։ 12Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից, 13եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր»։ 14Եւ ես իսկոյն դէպի վեր նրա՛ն նայեցի։ Եւ ինձ ասաց. «Մեր հայրերի Աստուածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը եւ տեսնես Արդարին ու լսես նրա բերանից ձայնը, 15որպէսզի բոլոր մարդկանց մօտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր։ 16Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»։ 17Եւ երբ ես վերադարձայ Երուսաղէմ եւ տաճարում աղօթում էի, մտայափշտակութեան մէջ ընկայ. 18տեսայ նրան, որն ինձ ասում էր. «Շտապի՛ր, իսկոյն Երուսաղէմից դո՛ւրս ել, քանի որ իմ մասին քո վկայութիւնը չեն ընդունելու»։ 19Եւ ես ասացի. «Տէ՛ր, իրենք իսկ գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հաւատացողներին։ 20Եւ երբ թափւում էր քո վկայի՝ Ստեփանոսի արիւնը, ես ինքս էի, որ նրա մօտ էի կանգնել եւ համաձայն էի լինում նրա սպանմանը. եւ նրան սպանողների զգեստներն էի պահում»։21Եւ նա ինձ ասաց. «Գնա՛, որովհետեւ ես քեզ պէտք է ուղարկեմ հեռաւոր հեթանոսների մօտ»։ 22Մինչեւ այս խօսքը նրան ունկնդրում էին. ապա բարձրացրին իրենց ձայները եւ ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մէկին, որովհետեւ այդպիսին չպէտք է ապրի»։ 23Եւ մինչ նրանք աղաղակում էին, զգեստները հանում գցում էին եւ փոշին օդի մէջ ցանում, 24հազարապետը հրամայեց, որ նրան զօրանոց մտցնեն. եւ ասաց. «Ծեծելով հարցաքննեցէ՛ք նրան, որպէսզի իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նրա դէմ այդպէս աղաղակում»։ 25Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասաց հարիւրապետին, որ վերակացուն էր. «Հռոմէացի եւ չդատուած մարդուն օրինաւո՞ր է, որ դուք ծեծէք»։ 26Երբ հարիւրապետը այս լսեց, մօտեցաւ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. 27«Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմէական քաղաքացի է»։28Հազարապետը մօտեցաւ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմէացի՞ ես»։ Եւ նա ասաց՝ այո՛։ 29Հազարապետը ի պատասխան ասաց. «Ես ի գին մեծ գումարի եմ ստացել այդ քաղաքացիութիւնը»։ Իսկ Պօղոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․