Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 19:29-48

29Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք։ 31Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»։ 32Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար։ 33Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»։ 34Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»։35Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին։ 36Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ։ 37Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան։38Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»։39Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»։ 40Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ՚աղաղակեն»։ 41Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. 42«Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից.43որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից 44ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»։ 45Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց 46ու ասաց նրանց. «Գրուած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»։ 47Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտռում նրան կորստեան մատնելու,48բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․