Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 10.1-24

1 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգու եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2 Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3 Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4 Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5 Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. “Խաղաղութի՜ւն այս տանը”. 6 եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կհանգչի. ապա թէ ոչ՝ ձեզ կվերադառնայ: 7 Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: 8 Որ քաղաքը որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: 9 Եւ բժշկեցէ՛ք այնտեղ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. “Մօտեցել է ձեզ Աստծոյ արքայութիւնը”: 10 Իսկ որ քաղաքը որ մտնէք, եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք. 11 “Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեզ վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծոյ արքայութիւնը”: 12 Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը աւելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար: 13 Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում եղած լինէին այն զօրաւոր գործերը, որ կատարուեցին ձեր մէջ, արդարեւ վաղուց իսկ քուրձերի մէջ ու մոխրի վրայ նստած՝ ապաշխարած կլինէին: 14 Բայց Տիւրոսի եւ Սիդոնի համար դատաստանի ժամանակ աւելի տանելի կլինի, քան ձեզ համար: 15 Եւ դու, Կափառնայո՛ւմ, որ մինչեւ երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչեւ դժոխք: 16 Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»: 17 Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»: 18 Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը: 19 Ահա ձեզ իշխանութիւն տուեցի՝ կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ: Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու: 20 Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»: 21 Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: 22 Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ով է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ով է Հայրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում կկամենայ Որդին յայտնել»: 23 Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: 24 Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․