Գրքեր
2 Օգոստոս, Բշ Սուրբ Վահան Գողթնեցու, Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

Վահան Գողթնեցի 700-737

Սրտառուչ է Վահանի վկայաբանությունն ու կյանքը՝ հայ ոգու, հավատքի, պարկեշտության և խոհականության ընդհանրության մի արտահայտություն է այն:

Նրա օրերին արաբները տիրում են Հայաստանին, օրվա իշխանավորը Ոկբա կոչված արաբ նշանավոր զորավարն էր, որի գլխավոր նպատակն էր վերացնել նախարարական տները, որոնք, յուրաքանչյուրն իր գավառի և շրջանի հայ քաղաքական և աշխարհիկ առաջնորդներն էին: Ահավասիկ Ոկբան 704 թ.-ին հայ նախարարներին նենգությամբ հավաքում է Նախիջևանում և մի եկեղեցու մեջ այրել է տալիս նրանց: Իսկ նրանց ընտանիքներին գերեվարում է Դամասկոս, որը Հայաստանին տիրող ամիրապետների մայրաքաղաքն էր: Այս գերյալների մեջ էր չորսամյա Վահան մանուկը, որը Նախիջևանում այրված Գողթնյաց գավառի Խոսրով իշխանի որդին էր: Այս անչափահաս տղաները Դամասկոսում իսլամական կրթություն են ստանում, սրանց մեջ իր ուշիմությամբ և առաջադիմությամբ աչքի է ընկնում Վահան մանուկը, որի անումը փոխել էին Վահապ: Իր դաստիարակությունը ավարտելուց հետո ամիրապետի դիվանադպիր է նշանակվում: Թեև Վահապը բոլորովին իսլամացած և գրեթե արաբացած էր, բայց տեղյակ էր իր հայկական ծագումի, քրիստոնյա լինելու և իշխանական տնից սերելու մասին:

Երբ Հովհաննես Օձնեցի մեծանուն Կաթողիկոսի միջնորդությամբ 719 թ.-ին Էոմեր Ամիրապետի կողմից քրիստոնյաներին ընդհանուր ներում և վերադարձի թույլտվություն շնորհվեց, Վահանը նույնպես փափագեց օգտվել այս ներումից:

«Էոմեր ամիրապետը մի հատուկ սեր ուներ իր դիվանապետի՝ Վահապի, հանդեպ և չցանկացավ նրան իր մոտից հեռացնել» (Օրմանյան էջ 848):

Վերջ ի վերջո Վահանը խոստացավ կրկին վերադառնալ Դամասկոս, միայն խնդրեց, որ մի անգամ էլ գնա տեսնի իր հայրենիքը, տիրանա հայրենական ժառանգությանը և գործակալներ նշանակի իր կալվածքների վրա:

Վերջ ի վերջո ամիրապետը զիջում է և 719 թ.-ին Վահանը վերադառնում է հայրենիք: Հաջորդ տարի մահանում է Էոմերը: Վահանն, իր վերադառնալու խոստումից ինքն իրեն ազատ համարելով, մնում է հայրենիքում և ամուսնանում է Սյունյաց իշխանի աղջկա հետ: Վերստին քրիստոնեություն է ընդունում և սրտանց կապվում է իր նոր հավատքի հետ և որպես Գողթնյաց գավառի իշխան՝ երկար տարիներ կառավարում է իր երկիրը, միաժամանակ ապաշխարհելով իր անգիտակից և երկարատև ուրացման համար:

Վերջ ի վերջո Դամասկոսի արքունիքի կողմից Վահանը փնտրվում և նրա վերադարձն է պահանջվում: Այս դեպքերից Վահանը որոշում է, մինչև իսկ իր ընտանիքից գաղտնի, հեռանալ Հայաստանից, անցնել հունական բաժինը և այնտեղ ազատաբար պաշտել իր վերագտած կրոնը, որին կապվել էր հոգով: Իր մտադրությունները գործի վերածելով, մի գիշեր, 20 ձիավորների ընկերակցությամբ, հեռանում է տնից: Կինը, իր հորը՝ Սյունյաց իշխանին լուր է ուղարկում և հայտնում է Վահանի անհետանալու մասին: Սյունյաց իշխանը նրան գտնում է Վայոց ձորում և իր քաղաքն է վերադարձնում:

Վերջ ի վերջո Վահանը բոլորին հայտնում է, որ ինքը ակամա իսլամացել է և այժմ վտանգված է թե՛ իր անձը և թե՛ իրեն պահողներինը: Հետևաբար խնդրում է, որ իրեն ընտանեկան կապերից ազատեն, որպեսզի ինքը առանձին մի հնար գտնի իր համար: Բոլորն էլ համաձայնվում են: Ուստի Վահանը հեռանում է յուրայիններից և շուրջ հինգ տարի թափառական կյանք է վարում: Այդ ընթացքում այցելում է Հայաստանի և Վրաստանի տարբեր վանքեր, սակայն ոչ մի տեղ մեկ տարուց ավելի չի կարողանում մնալ, քանզի վախենում է ոչ միայն իր համար, նաև այն բանի, որ իրեն հյուրընկալողների համար նեղությունների ենթարկվելու պատճառ կլինի: Այս ազնվական իշխանը ամբողջությամբ հրաժարվել էր աշխարհից, աղքատի տեսք ուներ և ապրում էր անհաստատ և անորոշ կյանքով՝ «մեկ հանդերձով և բոկոտն»:

Այս թափառական կյանքին մեկընդմիշտ վերջ տալու համար, որոշում է անձամբ ներկայանալ օրվա ամիրապետին, իր վիճակը պարզաբանել և նրանից իր հայրենի կրոնն իր հարազատ հայրենիքում ազատ պաշտելու շնորհը խնդրել:

Այս մտքով, 737 թ.-ին մեկնում է հյուսիսային Սիրիայի Ռուծափ, կամ Սերգիոպոլիս քաղաքը, որտեղ գտնվում էր այդ օրերի Հեշամ ամիրապետը: Նախ ներկայանում է արքունիքի իր երբեմնի ծանոթներին և բարեկամներին և նրանցից իր համար ամիրապետի մոտ միջնորդություն է խնդրում: Վահանը նրանց նախ հայտնում է իր հաստատամիտ քրիստոնյա լինելու, ապա անգիտակցաբար իսլամացած լինելու և քրիստոնյա մնալու իրավունքի մասին. «Նույն բանը ամիրապետի մոտ պաշտպանելու համար եմ եկել»,- ասում է նա: Սակայն երբ տեսնում է, որ ոչ ոք այս պայմանների համաձայն չի ցանկանում միջնորդել ամիրապետի մոտ, իր ասելիքը գրի է առնում և դահճապետի ձեռքով ամիրապետին է ուղարկում.

«Հեշամը (ամիրապետը) թուղթը կարդալուց հետո հրամայում է Վահապին իր մոտ բերել: Նախ խնդրանքներով, ապա խոստումներով և վերջապես սպառնալիքներով փորձում է Վահանին մտափոխել, բայց անօգուտ: Վահանը իր քրիստոնյայի իրավունքն է պաշտպանում, գանձեր ու հարստություն մերժում է, նույնիսկ չի վարանում Գողթնյաց աշխարհի վրա վերահաս սպառնալիքներից, միայն խնդրում է. «Ինձ թույլտվություն տուր համարձակապես քրիստոնեության սովորությունների համաձայն պահել իմ օրենքների ավանդությունը» (ՍՈՓ. ԺԳ 35-42): Հեշամը բարկանում է և հրամայում բանտ նետել նրան (Ազգ էջ 860):

Վահանը այլևս հասկացել էր, որ ազատապես քրիստոնեություն դավանելու համարձակություն ստանալու հույս չկար, և որ գործը վերջնակետին էր հասել (իսլամությունից հրաժարված համարվելով, մահվան էր արժանի): Ուստի, աղոթքով ինքն իրեն նահատակության էր պատրաստում… Հեշամը Վահանին նորից ատյան է հանում և հարձուփորձից, խոստումներից և սպառնալիքներից հետո մահվան վճիռ է արձակում, մանավանդ, որ Վահանի համարձակ պատասխանների համար ներկաներն էլ էին աղաղակում «որպեսզի անհապաղ կյանքին վերջ տրվի» (Ազգ հտծ. 589:

Սակայն Հեշամը տակավին հույս ուներ, որ Վահանին վախեցնելով՝ մտափոխվել կտա, ուստի հրահանգավորում է դահճապետին, որ սուրը շողացնելով և նրա պարանոցը քիչ-քիչ վիրավորելով՝ արյունոտի, որ թերևս ցավին չդիմանալով վերադառնա իրենց հավատքին:

Վահանը քաղաքից դուրս հանվեց: Դահճապետի սպառնալիքները անօգուտ եղան և տեսնելով Վահանի հաստատակամությունը, ի վերջո նրա գլուխը կտրելով գործադրեցին վճիռը 737 թ.-ին: Սուրբ նահատակի մարմինը մի գիշեր մնում է նահատակության վայրում և մյուս օրը հրաման է գալիս արքունիքից, որ եթե քրիստոնյաները ցանկանան՝ կարող են վերցնել նրա մարմինը: Քանի որ հայ քրիստոնյաներ չէին ապրում այդ քաղաքում, ուստի տեղի քրիստոնյաները նախ վիճում են թե ո՞վ պիտի վերցնի սրբի մարմինը: Վերջ ի վերջ «Հակոբիկյանները, Նեստորականները և Հոռոմները հավաքվելով՝ սրբի մարմինը թաղեցին Օտարների գերեզման կոչված տեղում»: Սերգիոպոլիսի Ասորի եպիսկոպոսը մի հատուկ վկայարան կանգնեցրեց սրբի գերեզմանի վրա:

Իսկ Հայաստանից Արտավազդ Վարդապետը, որը որոշ ժամանակ հյուրընկալել էր Վահանին իր հովվության տակ եղող վանքում, 744 թ.-ին որպես ուխտավոր եկավ Ռուծափ քաղաք;

«Եվ քննելով և գրավոր վկայություններ հավաքելով… և Հայաստանում իր լսածին Վահանի պատմածները միացնելով՝ մանրամասն վկայաբանություն կազմեց (Ազգ էջ 861-862):

Վահան Գողթնեցու տոնն էլ «Ապայից« կոչված տոներից է, ուստի երբ տարեգիրը Ա-Ծ է Գողթնեցու տոնը կատարում ենք Վարդավառից հետո եկող երրորդ, կամ չորրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի, երեքշաբթի, կամ հինգշաբթի օրերին: Իսկ երբ տարեգիրը Կ-Ք է՝ տոնվում է Ութօրեքին հաջորդող առաջին կամ երկրորդ երկուշաբթի, երեքշաբթի, կամ չորեքշաբթի օրերին: Երբեմն առանձին ենք տոնում, երբեմն տոնի հարևանությամբ հանդիպող սուրբերի հետ:

Մի յուրահատուկ, սրտառուչ Մանկունք ստեղի շարական ունի, որն ըստ ավանդության որպես հոգևոր երգ, իր քրոջն է վերագրվում:

Այդ շարականի առաջին և վերջին տները հետևյալն են.

«Երգերի եղանակներից ավելի,

քո ողբերի հնչյունները

ինձ համար զարմանալի եղան.

ով երանելի տեր Վահան, Աստծուց ընտրյալդ:

Քաջ նահատակի նման պատերազմի պատրաստվեցիր.

հարավային ազգերից արիաբար ընթացքդ կատարեցիր…

անմարմին հրեշտակների հետ դասվեցիր,

Ով երանելի Գողթնյաց իշխան Վահան:

 

 

Գորդիոս Հայրապետ

Մի Կեսարացի հարյուրապետ, որը քրիստոնյա ծնողների զավակ էր և պաշտոնավարում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք, կայսերական բանակում: Սակայն տեսնելով, որ օրըստօրե բազմաթիվ մարդիկ չարչարանքների են ենթարկվում և ինքը ոչինչ չի կարող անել նրանց օգնելու համար, ժամանակի ոգուն և մտայնությանը հետևելով, որոշում է աշխարհի չարիքներից և փորձություններից հեռանալով՝ առանձնանալ անապատում և ամբողջովին աստվածային կյանքին նվիրվել: Դիոկղետիանոսի և նրա հաջորդների հալածանքները հազիվ էին վերջացել, երբ Լիկիանոս կայսրը վերսկսեց հալածանքները: Այդ ժամանակ Գորդիոսը, աստվածային նախանձախնդրությամբ այրված, իր քաղաքը՝ Կեսարիա, իջավ և հեթանոսական մի տոնակատարության ընթացքում, երբ քաղաքի մեծամեծերը և ամբողջ բնակչությունը հավաքվել էր թատրոնում, առաջ եկավ և հայտարարելով իր քրիստոնյա լինելը՝ սկսեց քարոզել ճշմարտությունը: Իշխանը հրամայեց ձերբակալել և բանտ նետել նրան: Հաջորդ օրը հրամայեց նրան, որ կուռքերին զոհ մատուցի: Գորդիոսը պատասխանեց, որ նախնտրում է պաշտել երկնավոր Թագավորին և հավիտենական ու անմահ կյանքի արժանանալ, քան թե անմռունչ կուռքերին զոհ մատուցելով՝ անցավոր պատիվների տիրանալ: Բազում և ծանր չարչարանքների ենթարկվեց, որոնց բոլորին տոկաց զարմանալի համբերությամբ: Վերջ ի վերջո, կրակով մահվան դատապարտվեց և հոժարակամ կրակը մտավ և աղոթելով ու Աստծուն օրհնելով՝ ավանդեց իր հոգին, 320 թ.-ին: Քրիստոնյաները, հավաքելով նրա ոսկորները, պատվով թաղեցին: Տարիներ հետո Բարսեղ Հայրապետը նրա շիրիմի վրա եկեղեցի կառուցեց և սուրբ զորավարի հիշատակին նվիրված մի հոյակապ ներբող արտասանեց:

 

Պողիկտոս

Դեկոս կայսեր օրոք, մի մալաթիացի ազնվական զորապետ էր, հավանաբար՝ հայ: Հռոմեացի կառավարիչ Ֆելիքսի դստեր՝ Պավլինեի հետ ամուսնանալով՝ փեսայացել էր նրան: Սերտ բարեկամական կապեր ուներ նույն քաղաքում պաշտոնավարող ոմն Ներարխոն զորավարի հետ, որը քրիստոնյա էր: Նրանից քրիստոնեական կրոնի վերաբերյալ ամեն անհրաժեշտ բաները սովորելով՝ կատարելապես համոզվեց, որ այն անհունորեն ավելի բարձր է, քան իրենց կռապաշտությունը: Թեև դեռ չէր մկրտվել, բայց քրիստոնեական կյանքով էր ապրում:

Դեկոս կայսեր հալածանքների հրովարտակը նաև Մալաթիա հասավ: Երբ հրովարտակը հրապարակում, կուռքերի առջև կարդացվեց, Պողիկտոսը, աստվածային նախանձախնդրությամբ լցված, ընթերցողի ձեռքից խլեց հրովարտակը, պատռեց, գետին նետեց և հատուկ երկրպագության համար հրապարակ բերված կուռքերն ավերելով, ամենքի դեմքին գոչեց՝ ասելով. «Եթե ես՝ մահկանացու մարդս, կարող եմ այս անմռունչ աստվածներ կոչվածներին ոչնչացնել, ապա նրանք ինչպես կարող են մեր փրկիչները և աստվածները լինել: Մեկ է աշխարհի Բարերարը՝ ճշմարիտ Աստվածը, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, մեկ է Փրկիչը, նույն ինքը Հիսուս Քրիստոսը, Որը բոլորիս մեղքերի համար տվել է իր կյանքը և հարություն առել»: Բոլորը սահմռկեցին, Ֆելիքս դատավորը զայրանալով ասաց. «Քո այս ամբարիշտ արարքները և հանդուգն խոսքերը բավական են, որ այս վայրկյանին մահվամբ պատժվես, բայց հանուն կայսեր, իմ, կնոջդ և զավակներիդ՝ զղջա ասածիդ համար և վերադարձիր հայրերիդ կրոնին, և ներման պիտի արժանանաս»: Պողիկտոսը մինչև իսկ իր կնոջ թախանձանքների հանդեպ անդրդվելի մնաց, որը ծնկաչոք աղաչում էր, որ իրենից և իր զավակներից հեռու տաներ այդ անարգանքը: «Այլևս աշխարհի հետ ոչ մի կապ չունեմ, իմ համար Քրիստոս ամեն ինչ է և Նրա համար մեռնելը՝ փառք, ես երկնավոր Թագավորի զինվորն եմ և պատրաստ եմ արյունս թափել Նրա համար»: Երբ Ֆելիքսը տեսնում է, որ նրան դարձի բերելու բոլոր փորձերը ապարդյուն են՝ մահվան վճիռ է արձակում: Երբ գլխատվելու էր տարվում՝ Նեարխոնը մոտենալով ողջագուրվում է և ասում. «Երկրի վրա միասին էինք, երկնքում նույնպես անբաժան պիտի մնանք, նահատակությամբ քեզ պիտի հետևեմ այնպես, ինչպես դու ինձ հետևեցիր քրիստոնեությամբ»: Թեև Պողիկտոսը մկրտված չէր, բայց իր արյան հեղումը նրա համար մկրտություն համարվեց և գլխատմամբ իր կյանքը կնքեց հանուն Քրիստոսի սիրո և հռչակավոր նահատակ դարձավ, որի անունով հետագայում Մալաթիայում կառուցված եկեղեցին մեծ ուխտատեղի դարձավ: Որոշ ժամանակ հետո նաև իր սիրելի բարեկամը՝ Նեարխոնն էլ նահատակվեց, որը մեր հայսմավուրքներում ընդգրկված է հունվարի 9-ին, Պողիկտոսի հետ:

 

Գրիգորիս Ռաժիկ 548

Ազգությամբ պարսիկ, Ռաժիկ ցեղից, Մանաճիհր անվամբ, Հայաստան էր գաղթել Զ դարի առաջին կեսերին, և հաստատվել էր Դվին քաղաքում, Մժեժ Գնունի հայ Մարզպանի օրոք: Այստեղ վերահասու եղավ քրիստոնեության ճշմարտությանը և վեհությանը, հավատաց և մկրտվեց՝ ստանալով Գրիգորիս անունը: «Մի զվարթասիրտ մարդ էր, Ս. Հոգով լցված, եռում էր աստվածապաշտությամբ և օրինակելի էր իր առաքինի վարքով» (Լիակատար):

Քրիստոնեական կատարելության մեջ ավելի առաջադիմելու ձգտումով վանք մտավ և կրոնավորի աստիճան ստացավ: Այստեղ նրան հյուրընկալի պաշտոն տվեցին: Բոլորին սրտանց ծառայելու պատրաստակամությամբ և բարությամբ գրավեց բոլոր վանք այցելողների սրտերը, նրա հռչակը բոլոր կողմերն այն աստիճան տարածվեց, որ վանքը սկսեցին իր անունով կոչել՝ Գրիգորիս Ռաժիկի վանք:

Քանի դեռ Հայոց մարզպանը Մժեժ Գնունին էր՝ երկիրը խաղաղության մեջ էր, թե՛ քաղաքական և թե՛ կրոնական հողի վրա: Սակայն 548 թ.-ին, նրա մահվանից հետո, պարսից շահը Հայաստանի վրա մարզպան նշանակեց Դենշապուհ Պարսիկին՝ «Կռամոլ և ժանտ մարդ«, որը Հայաստանում կրակապաշտությունը տարածելու համար իր հետ մոգեր էր բերել, «Քրիստոնյաներին ստիպում էր կրակապաշտություն ընդունել, և շատերը հավատքի համար նահատակվեցին»:

Երբ տեղեկացավ, որ Գրիգորիս Ռաժիկը նախկինում պարսիկ է եղել և կրոնով էլ կրակապաշտ, իր մոտ հրավիրեց նրան և հորդորեց, որ իր նախկին կրոնին վերադառնա: Երբ Գրիգորիսը մերժում է, սովորության համաձայն, արիական կամքը և համարձակ դիմադրությունը կոտրելու համար, նախ սաստիկ տանջանքների ենթարկեց նրան, ապա բանտարկեց: Երբ անհնար եղավ նրան կրակապաշտության բերել, սրով գլխատելու հրաման արձակեց: Գրիգորիսը զվարթ տրամադրությամբ ընդունեց վճիռը և ուրախությամբ նահատակվեց, ըստ Օրմանյանի 549 թ.-ի, ըստ Լիակատարի 551 թ.-ի հունվարի 2-ին, Դվինում:

Մենք նրա հիշատակը տոնում ենք Կիրակոս Մանկան, նրա մայր Հուղիտայի, Գորդիոսի և Պողիկտոսի հետ; Երբ տարեգիրը Ա-Խ է հիշատակվում է Վարդավառին հաջորդող երկուշաբթի, երեքշաբթի, կամ հինգշաբթի օրերից մեկում, իսկ եթե տարեգիրը Ծ-Ք է հիշատակվում է ութօրեքին հաջորդող առաջին, կամ երկրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի, երրեքշաբթի, կամ հիգշաբթի օրերից մեկում: Այս բոլոր ճշտումները կատարվում են տոնացույցի երկրորդ հատորի ցուցումների համաձայն:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․