Գրքեր
4 Օգոստոս, Գշ Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր

Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին: Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց:  

Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ, նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․