12 Հոկտեմբեր, Շբ
17 Հունվար, Գշ Սուրբ ճգնավորներ Անտոնի, Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր
Սուրբ Անտոն Ճգնավոր կամ Անտոն Անապատական
Հայրն ու հիմնադիրը ճգնակեցության, որով էլ` վանականության: Իր մասին մեր ունեցած տեղեկությունների համար առավելապես պարտական ենք իր ժամանակակից և բարեկամ Աթանաս Հայրապետին, որը գրել է նրա կենսագրությունը:
Ծնվել է 251 թ,-ին, բարեկեցիկ ընտանիքում, Եգիպտոսի Կահիրե քաղաքի հարավում գտնվող Կոմա գյուղում: Շուրջ քսան տարեկան հասակում, երբ արդեն ժառանգել էր իր ծնողների հարստությունը, մի օր եկեղեցում լսեց ավետաևանական հետևյալ հատվածը. «Եթե ցանկանում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ, աղքատներին տո՛ւր և ինձ հետևի՛ր»: Այս խոսքն իրեն ուղղված համարելով՝ ամբողջ ունեցվածքը վաճառեց, տվեց աղքատներին և աղոթքով, պահքով և բարեգործությամբ ինքն իրեն ամբողջովին հոգևոր կատարելության կյանքին նվիրեց, ուրիշ խոսքով ասած՝ Աստծուն նվիրվելու համար «աշխարհից հրաժարվեց»: Նախապես, իր այս հոգևոր կյանքը իր տան մեջ էր ապրում; Այստեղ էր, որ դևերի հետ, որոնք վայրի գազանների կերպարանքներով նրա համար ֆիզիկական կերպարանք էին ստանում, ահավոր և տարօրինակ պայքարներ ունեցավ, և սարսափելի ու երկարատև մաքառումներից հետո սպառված և գրեթե կիսամեռ վիճակում էր, բայց երբեք տեղի չէր տալիս դրանց փորձություններին և չարչարանքներին: 15 տարի պայքարի և մաքառումների այսպիսի կյանք ապրելուց հետո՝ 35 տարեկանում, հեռացավ բնակավայրերից և հեռավոր անապատի մի լքված բերդի մեջ բոլորովին առանձնացավ և այնտեղ քսան տարի ապրեց, բոլորովին մարդու երես չտեսնելով: Սակայն իր սրբության և հոգևոր զորության համբավը, թաքնված մանուշակի բույրի պես, ամեն կողմ, անզգալի կերպով, տարածվեց, և բազմաթիվ ուխտավորներ և հոգևոր կյանքին ծարավ մարդիկ սկսեցին այցելել նրան և հաստատվել շրջակայքի քարայրներում: Սկզբում, հակառակ իրեն տեսնելու և իր աղոթքից ու օրինակից օգտվելու բոլոր խնդրանքներին, Ս. Անտոնը ոչ ոքի համար չէր բացում իր բերդի դուռը: Ի վերջո, շրջակայքում հաստատված, պարբերաբար և թախանձագին խնդրեցին նրանից, որ այլևս դուրս գա իր առանձնությունից և իրենց համար հայր ու առաջնորդ դառնա: Ի վերջո, 305 թ.-ին, երբ 55 տարեկան էր, դուրս եկավ իր բերդից և այնտեղ հավաքված մարդկանց բացատրելով ճգնավորական կյանքի կանոնները, նրանց համար դաստիարակ դարձավ, այսպիսով կազմակերպված ճգնավորական կյանքի և նախնական վանական համակարգի հիմք հանդիսանալով: Մի քանի տարի նրանց դաստիարակելուց և նրանց հոգևոր կենցաղը որոշակիորեն կազմակերպելուց հետո դարձյալ հեռացավ ավելի խոր և ամայի մի անապատ: Այստեղ անցկացրեց իր կյանքի մնացած քառասուն տարիները: Ասում են, որ միայն երկու անգամ է դուրս եկել իր այս թաքստոցից, առաջինը 311 թ.-ի ահավոր հալածանքների ժամանակ, հավատացյալներին սրտապնդելու և զորացնելու համար, մյուսը 350 թ.-երին, որպեսզի արիոսականներին դեմ արտահայտվի, որոնք Եկեղեցուց ներս տիրապետող էին դարձել: Վախճանվել է խաղաղ մահով 105 տարեկան հասակում 355 թ.-ին: Իր հատուկ ցանկությամբ, իրեն թաղող երկու աշակերտները, նրա գերեզմանի տեղը գաղտնի են պահել:
Պատմականորեն Ս. Անտոնը առաջին ճգնավորը չէր, որ ստորև կտեսնենք: Այսուհանդերձ նա չի դադարում ճգնակեցության հայրը և հիմնադիրը հանդիսանալ: Նախ, քանի որ, երբ Ս. Անտոնը արդեն իսկ անապատական էր և մենակյացների առաջնորդ, ստորև հիշվելիք ճգնավորի գոյությունն աշխարհին հայտնի չէր, երկրորդ՝ ոչ ոք ճգնակեցության վրա այնպիսի անջնջելի հետք չի ունեցել, ինչպիսին Ս. Անտոնը: Այս ազդեցությունը նախ այն բացառիկ սրբության արդյունքն էր, որին նա հասել էր այն բացառիկ կանոնավոր կյանքի շնորհիվ, որն ամբողջությամբ իր ժամանակների ապականված և անբարոյական հեթանոսական աշխարհի հակապատկերն էր մի կողմից, և մյուս կողմից՝ այդ օրերի Եկեղեցու աշխարհականացած կենցաղի:
Այդ հակադրությունը, կամ տարբերությունը, նաև կարող ենք տեսնել մի կողմից նրա խոհականության, լրջության ու չափավորության և մյուս կողմից՝ իր ժամանակակից ճգնավորներից մի մասի կողմից գործածվող չափազանցությունների մեջ, որոնք ֆիզիկական վարժություններին չափազանց կարևորություն տալով՝ ճգնությունը կամաց-կամաց վերածում էին, այսպես ասած հոգևոր «ձյուդոիզմի»:
Ս. Անտոնը բարձր նկարագրով, լրջախոհ մի անձնավորություն էր, որքան որ ազդեցիկ էր իր ֆիզիկական հասակով, նույնքան և ավելի՝ իր բարոյական և հոգևոր մեծությամբ: Իր բարձր բարոյական հատկությունները հայտնի են դառնում, թե՛ իր ժամանակակից և թե՛ իրենից հետո ապրած վարքագիրների մոտ: Նրանցից մեկը Ս. Անտոնի մասին ասում է. «Իր ուսմունքը մաքուր և անխոցելի է եղել, խառնվածքը՝ բարձր և երկնային: Վախկոտության և վարանման, թախիծի և անձկության, ձևականության և հանձնապաստանության ոչ մի հետք չուներ; Նա լցված էր Աստվածային խաղաղությամբ և Աստծո հանդեպ սուրբ վստահությամբ, օժտված էր հոգեկան արիությամբ և սուրբ զորությամբ: Խանդավառված էր սրբության և կատարելության գաղափարներով, սակայն դա մոլեռանդական չափազանցությունների մեջ ընկնելու պատճառ չէր: Նրա ազնվականությունը և զգաստությունը ի հայտ են գալիս իր մասին պատմվող մի շարք դրվագներում»: Ս. Անտոնն ասել է. «Խոհականությունը կատարելության հասնելու համար հիմնական առաքինությունն է»:
Իր անմիջական ազդեցությամբ հաստատված ճգնողական կյանքն ավելի ազդեցիկ դարձավ և տարածում գտավ Հյուսիսային Եգիպտոսում: Հարավային շրջաններում կիրառում էին Պախոմիոսի հաստատած կանոնները: Ս. Անտոնի կանոնները կարծես մենակեցության և հավաքական կյանքի բարեխառնումը լիներ: Նրա հաստատած կարգերի համաձայն, ճգնավորները բնակվում էին առանձին այրերում, կամ խցերում, բայց ապրում էին նույն շրջանում և նույն կանոնով առաջնորդվող ճգնաղական հավաքականության անբաժանելի մասն էին կազմում և առհասարակ բոլորը հավաքական պաշտամունքի (ժամերգության) ժամանակ մեկտեղվում էին: Ամեն մի անհատ նույն կանոնների և ցուցումների լույսի ներքո ձգտում էր իր հնարավորության և իր խառնվածքին համապատասխան ապրելու մի կատարյալ կյանքի: Իր ցուցմունքով և իր առաջնորդությամբ ապրողների թիվը նրա կյանքի վերջում հազարների էր հասել:
Նրա կենսագիրներից մեկը հետևյալ եզրակացությունն է անում.
«Քիչ անուններ կան, որ այնքան մնայուն, խորը և բարերար ազդեցություն են թողել մարդկային ազգի վրա, որքան Ս. Անտոնինը»:
Ս. Անտոնին ընծայված շարականի «կանոնը» հետևյալ քառատողով է սկսվում.
«Որ գերազանցյալ գտար
Առաւել քան (ը)զբնութիւն մարդկան,
Երանելիդ ի հարս Ս. Անտոն,
Առ Քրիստոս բարեխօսե՛ա վասն անձանց մերոց», և ավարտվում է հետևյալ տողերով.
«Բաժակ հոգևորական՝
Լցեալ Աստուածային ուրախութեամբ,
Ո՛վ Ս. Հայր Անտոն
Զաղաչանս մեր մատո՛ Ս. Երրորդութեան»:
Տրիփոն
Փռյուգացի քրիստոնյա ընտանիքի զավակ էր, ապրել է Գ դարում: Վաղ տարիքում հայրը մահացավ, բարեպաշտ մոր խնամքի տակ, բարեպաշտությամբ մեծացավ: Մատաղ տարիքից արժանացավ գերբնական շնորհների և աղոթքներով բժշկություններ էր կատարում: Դեկոս կայսեր հարուցած հալածանքների ժամանակ ձերբակալվեց և ահավոր չարչարանքների ենթակվեց, որոնց հրաշալի համբերությամբ տոկաց: Վերջ ի վերջո գլխատմամբ տիրացավ մարտիրոսության պսակին:
Պարսամ կամ Բարսիմեոս Եդեսիայի եպիսկոպոս
Մեր տոնացույցում ընդգրկված Պարսամ անունով մի սուրբ կա, որը, որպես ճգնավոր, ճգնավորների հետ հիշատակվում է Վարդավառից հետո հանդիպող չորրորդ հինգշաբթի օրը: Նույնն է նաև Ս. Պատարագի ընթացքում «միանձնացելոց սրբոց առաքինասեր կրոնավորաց»-ի ժամանակ նրա հիշատակությունը: Սակայն մեր Հայսմավուրքների մեջ այս անունով որևէ սրբի հիշատակության հետքի չկարողացանք հանդիպել, ոչ էլ Լատինների, կամ Հույների տոնացույցներում: Դրա փոխարեն վերոհիշյալ բոլոր տեղերում էլ հանդիպում ենք ոմն Բարսիմեոս Եպիսկոպոսի հիշատակությունը: Հույները և Լատինները նրան տոնում են հունվարի 29-ին կամ 30-ին: Իսկ մեր Հայսմավուրքներում, ընդարձակ վարքագրությամբ, նրա հիշատակությունը նշված է դեկտեմբերի 9-ին: Այդ վկայաբանության համաձայն Բարսիմեոսը Եդեսիայի եպիսկոպոսն է և ապրում է Տրայանոս կայսեր օրոք, այսինքն Բ դարի կեսերին: Նրա կողմից դարձի բերված հեթանոսների թվի մեջ էր նաև քաղաքի քուրմը իր քրոջ հետ, որոնք ի վերջո որպես քրիստոնյա նահատակվեցին: Ինքն էլ ձերբակալվեց և ծանր չարչարանքների ենթարկվեց և արդեն մահվամբ պիտի կնքեր իր կյանքը, «երբ մեծ եպարքոսից հրովարտակ եկավ հասավ… թե կայսեր կողմից տանջանքի և բանտի մատնված քրիստոնյաներին ազատության հրաման է արձակվել»: Այս կերպ, սուրբ եպիսկոպոսը ազատվեց իր կապանքներից և «բարի վարքով ու առաքինությամբ ապրելով… խաղաղությամբ վերջացրեց իր կյանքը»:
Ոնոփրիոս ճգնավոր
Նա Թեբայիդի սովորական վանքերից մեկում ճգնավոր էր: Ապա անդրադառնալով, որ Եղիան և Հովհաննես Մկրտիչը ամբողջապես մենակյաց կյանք էին վարում, ինքն էլ բնակավայրերից հեռացավ և բոլորովին առանձին կյանքով ապրեց: Հայսմավուրքը ասում է, որ «60 տարի բոլորովին մարդու երես չտեսավ»:
Պափնոտիոս անունով մի այլ ճգնավոր, Ս. Հոգու ազդեցությամբ, գնաց այն լեռը, որտեղ բնակվում էր սուրբը: Գտավ նրան «ահավոր տեսլյամբ», այսինքն մերկ մարմինը վերից վար խիտ մազերով ծակված «թավագլուխ ծերունուն», որ մի ժայռի ստվերում հանգստանում էր: Մեծ տարիքի և խիստ ճգնությունների պատճառով իսպառ տկարացել էր:
- Քեզ Աստված ուղարկեց որդյակ,- ասում է ճգնավորը եկվորին և ավելացնում,- այսօր վերջանում են իմ կյանքի օրերը, մարմինս թաղիր և գնա իմ եղբայրներին ասա, որ եթե մեկը իմ հիշատակի համար խունկ ծխի, կամ նվեր տա, կամ աղքատներին իմ անունից կերակրի, ես էլ նրան Քրիստոսի առջև պիտի հիշեմ: Աստծուց իմ վերջին խնդրանքը այս է, որ ով իր աղոթքներում նաև ինձ հիշի, թող Աստծուց հիշվի և մեծ վարձ ստանա:
Այս ասելով իր հոգին ավանդեց, մոտավորապես 400-ական թվականներին:
«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը