5 Ապրիլ, Դշ, Պահք Ավագ Չորեքշաբթի

Ավագ Չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ Չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդոց 18), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12-14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19):

Ավագ Չորեքշաբթի օրը հիշատակվում է այն մեղավոր կինը, ով թանկարժեք յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը՝ յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա Իմ հանդեպ մի բարի գործ կատարեց, աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա Իմ թաղվելը կանխանշեց: Լա՛վ իմացեք, որ աշխարհում ո՛ւր էլ որ Ավետարանը քարոզվի, մարդիկ պիտի խոսեն նրա արածի մասին և հիշեն նրան» (Մատթեոս 26:6-13): Ըստ ավետարանական այս հատվածի մեկնության՝ Սիմոնը հրեաների օրինակն է, քանի որ երբ Տերն եկավ նրանց մոտ, նրանք չհավատացին և չազատվեցին օրենքի անեծքից, այլ մնացին անեծքի տակ, ինչպես և Սիմոնը մնաց իր բորոտության մեջ: Իսկ կինը հեթանոսների օրինակն է, ովքեր պոռնկացել էին բազմաստվածության մոլորություններից, սակայն Տիրոջ գալստյամբ Քրիստոսով զգեստավորվեցին ավազանի միջոցով և Նրա հետ թաղվեցին մահվան մկրտությամբ: Իսկ ողջ աշխարհում այս կնոջ արածի մասին իմանալու հետ կապված կարդում ենք, որը Ավետարանի քարոզության խոսքերը տարածվելու էր տիեզերքի բոլոր ոլորտները, և բոլոր ազգերն ու անձերը տենչալով պիտի ցանկանան այդ երջանիկ կնոջ փոխարեն լինել, ով արժանի եղավ հանդիպելու և մերձենալու անժամանակյա, մարմնացած Բանն Աստծուն:

Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի՝ Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթեոս 26:14):

Դրա համար առաքյալները կարգեցին և հաստատությամբ դրեցին ամեն չորեքշաբթի պահք մսեղենից, քանի որ արյան գինն ենք մեծ ու մշտնջենավոր, անժամանակ ու աներևույթ Աստծու Միածնի ու Քահանայապետի, Ով մեր պատճառով վաճառվեց, որպեսզի մեզ փրկի այս նանիր աշխարհից և տաժանելի զբաղմունքներից: Որպեսզի Հուդայի հետ չկորչենք հավիտենական կորստյամբ, այլ պահի մեզ մարմնացած Աստված, Ով մեզ համար առավ ծառայի կերպարանք, որպեսզի մեզ ավազանից վերստին ծնելով զգեստավորի արարչական և անապական պատկերով և արժանավոր անի խոստացած բարիքներին Հիսուս Քրիստոսով՝ մեր Տիրոջով:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․