Գրքեր
21 Սեպտեմբեր, Բշ, Պահք Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում,աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա: Բանտում Մամասի ծնվելուց հետո, մահանում է նրա մայրը: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ քրիստոնյա մի կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Տասնհինգ տարեկանում, արդեն համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար` ձերբակալվում և չարչարանքների է մատնվում: Զրկանքներից ազատվելով՝ պարտադրված առանձնանում է Արգեոս լեռը: Ս. Մամասն իր ողջ կյանքում ծառայում է աղքատներին, սակայն կրկին մատնվում է, դատվում և խիստ չարչարանքներից հետո 273 թվականին խոցվում է եռաժանիով` նահատակվում:
Ս. Փիլիկտիմոնը, որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որն իր հավատի համար, Ս. Մամասի նման Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակվում 274 թվականին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամված:

Ս. Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թվականին, Կիլիկիայում: Մանկուց եղել է հովիվ: Մի օր եկեղեցի է մտել և չհասկանալով ընթերցված Ավետարանի իմաստը, դիմել է մի ծերունու, որն էլ բացատրել է, որ խոսքը ժուժկալ լինելու մասին է, այսինքն` մարդը ճգնությամբ, զրկանքներով, ծոմապահությամբ պետք է երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը գնացել է Սիրիայի Հաթա նահանգ, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստացել: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում, քարոզելու համար սկզբում մի խոր փոս է փորել, որտեղից միայն գլուխն է երևացել, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրացել: Գլխավերևում ծածկ չունենալով` ամբողջ օրը միայն կանգնած կամ ծնկած է անցկացրել` իբրև սնունդ շաբաթը միայն մեկ անգամ Ս. Հաղորդություն ստացել: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզել է և իր աղոթքներով բժշկել բազմաթիվ հիվանդների: 

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․