27 Նոյեմբեր, Բշ Սուրբ Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օր

Հուլիանե

Այս անվամբ շատ սրբեր կան թե՛ լատինների և թե՛ հույների մոտ: Իսկ մեր Հայսմավուրքում ամենաքիչը երկու սրբուհիների հանդիպեցինք: Մեր տոնացույցում ընդգրկված Հուլիանան կարծում ենք Նիկոմիդացի Հուլիանան է, որը ապրել և նահատակվել է Դ դարի սկզբներին, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ: Մատաղ տարիքում Հուլիանան արդեն քրիստոնյա է դարձել և իրեն նվիրել է կուսական կյանքին, հետևաբար մերժում է մի հեթանոս երիտասարդի ամուսնության առաջարկը: Մատնում է դատավորին և ահավոր չարչարանքների ենթարկվելով՝ ի վերջո բանտարկվում է: Այնտեղ էլ ենթարկվում է բարոյական փորձության՝ չարության ոգին հրեշտակի կերպարանքով մոտենում է նրան, որպեսզի հայտնի, որ Աստված այլևս չի ցանկանում, որ սրբուհին չարչարվի, ուստի պիտի կայսեր հրամանին ենթարկվի և չերկմտի կուռքերին զոհ մատուցելու համար: Այս բոլոր փորձությունների միջից հաղթական է դուրս գալիս: Երբ բանտից հանեցին, որպեսզի կրակի մեջ նետեն՝ կրակը մարեց: Այս հրաշքը տեսնելով շատերը դարձի եկան և հենց այդտեղ էլ նահատակվեցին: Ի վերջո 311 թ.-ին, երբ 19 տարեկան էր, գլխատվելով նահատակվեց:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց առաջին երկուշաբթի օրը:

 

Վասիլուհի

Այս անվամբ նույնպես ազմաթիվ վկայուհիներ կան հույների և լատինների տոնացույցներում: Մեր տոնացույցում ընդգրկվածի համար ենթադրում ենք, որ Նիկոմիդացի է և փոքր հասակից քրիստոնյա է եղել, որի պատճառով էլ կայսեր կողմից նշանակված դատավորի հրամանով չարաչար տանջանքների ենթարկվեց: Բոլոր չարչարանքներից անվնաս մնալով ազատվեց և ճգնողական կյանք ապրելով, մաքուր սրբությամբ առ Աստված գնաց 309 թ.-ին:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց առաջին երկուշաբթի օրը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․