3 Մարտ, Քառասնորդական պահքի Դ կիրակի Տնտեսի կիրակի

Մեծ պահքի չորրորդ կիրակին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի մասին ավետարանական առակը (Ղուկաս 16:1-8), որի խորհրդով էլ կիրակին կոչվում է «Տնտեսի կիրակի»:

Անիրավ տնտեսի առակում պատմվում է, թե մի մեծահարուստ տանուտեր կար, ով իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Վերջինիս մասին մի օր ամբաստանություն է լսում, թե հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ: Տանուտերն այս որ լսում է, կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսն անակնկալի է գալիս, բայց չի շփոթվում, մտածում է թե ինչ պիտի անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ: Հնարամիտ տնտեսը կանչում է իր տիրոջ պարտապաններին և որոշակի տոկոսային հարաբերությամբ թեթևացնում նրանց պարտքերը: Տնտեսը փորձում է իր տիրոջ ունեցվածքով բարեկամներ շահել: Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասում է. «Հարյուր տակառիկ ձեթ» և տնտեսը նրան ասում է. «Առ քո մուրհակը և նստիր ու անմիջապես գրիր՝ հիսուն»: Ապա դարձյալ մյուսին ասում է. «Դու ինչքա՞ն պարտք ունես» և սա ասում է.«Հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասում է. «Առ քո մուրհակը և նստիր ու գրիր՝ ութսուն»: Թեև տնտեսն անիրավ էր, սակայն իր ունեցվածքից բաշխելով՝ դրանով բարեկամներ շահեց: Մուրհակները նրանց ձեռքը տվեց և հրամայեց պարտքը նվազեցնել, որպեսզի նրանք բարեկամանան իր հետ և իրեն ընդունեն իրենց տանը: Մեծահարուստը, փոխանակ բարկությամբ զայրանալու, հիանում է տնտեսի հնարագիտության վրա և գովասանքի արժանացնում: Այս առակի ամբողջ իմաստը այս վերջին արտահայտության մեջ է. «Գովեաց տէրն զտնտեսն անիրաւութեան»: Այստեղ գովերգվում է ոչ թե տնտեսի սխալ անելը, այլ գործելակերպը:

Եվ վերջում առակի բանալին 8-րդ համարում է, որտեղ ասվում է. «…որովհետև այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկաս 16:8): Լույսի որդիները հրեշտակներն են, քանի որ լույսից արարվեցին, աշխարհի որդիները՝ մարդիկ: Մարդկանց ավելի իմաստուն է ասում, քան հրեշտակներին, որովհետև մարդիկ փառքից զրկվելուց և Աստծուց օտարանալուց հետո հնար գտան ապաշխարությամբ փնտրելու Աստծուն ու Նրան մոտենալու, իսկ հրեշտակների դասերից շեղվածները՝ է՛լ ավելի չարացան և չիմացան, որ Նա, Ով հանցանքների պատճառով իրենց բարձունքից վայր է գցել, զորություն ունի նաև դատելու:

Առակի բուն խորհուրդը Քրիստոս տալիս է առակը պատմելու վերջում. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9): Մամոնա բառն ասորերեն կամ արամերեն արմատից է և նշանակում է ունեցվածք, հարստություն:

Այստեղ մամոնային անիրավ է ասում ոչ թե նրա համար, որ բնությամբ չար է, այլ որ ունեցվածքի տերն այն անիրավությամբ է ժողովել: Նաև երբ մեկն իր տիրոջ ունեցվածքն է տալիս աղքատին, դարձյալ անիրավությամբ է դա անում, սակայն քանի որ աղքատին է տալիս, գովության է արժանանում: Սրա համար Տերը գովեց անիրավ տնտեսին, որ կորստյան մատնված արծաթով աղքատներից իրեն բարեկամներ շահեց, նրանց միջոցով էլ՝ Քրիստոսին:

Սակայն անիրավ մամոնա ասելով պետք չէ հասկանալ միայն այն գումարը, որ գողացվել, կամ խարդախ ճանապարհներով է ձեռք բերվել: Մամոնան անիրավ է համարվում Ավետարանում նաև այն պատճառով, որ շատ անգամ մեղքերի պատճառ է դառնում, այսինքն՝ որևէ մեկը կարող է արդար քրտինքով հարստություն դիզել և կուտակել, բայց հնարավորությունը շատ մեծ է գայթակղվելու, մեղքի մեջ ընկնելու դրամի պատճառով: Այս կիրակին հորդորում է հեռու մնալ ագահությունից: Առակի ավարտին էլ Քրիստոս ասում է. «Ով հավատարիմ է փոքր ծառայության մեջ, մեծի մեջ էլ հավատարիմ է, իսկ ով փոքր ծառայության մեջ անհավատարիմ է, մեծի մեջ էլ անհավատարիմ է» (Ղուկաս 16:10):

Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մեկնության՝ տանուտերն Աստվածն է, իսկ տնտեսը՝ մարդը: Մեր կյանքը մերը չէ, Աստծունն է, Նա է այն մեզ պարգևել մեր: Տնտեսը չունի իր սեփականությունը, այլ ամեն ինչ տիրոջ կողմից է նրան վստահվել: Տնտեսի նման՝ մարդն էլ ոչինչ չունի և ամեն ինչ Աստծուց է ստացել: Ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր կյանքը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տանք Աստծուն: Օգտվելով Աստծո տված շնորհներից՝ միևնույն ժամանակ պարտավոր ենք դրանից բաժին հանել մյուսներին: Ամեն ոք, ով Աստծուց շնորհ է ստանում, այդ շնորհի տնտեսն է և պարտավոր է տնտեսին վայել գործել, հակառակ դեպքում կզրկվի ունեցվածքից: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մեղավորներին, ովքեր ներում են իրենց պարտապանների պարտքերը և աղքատներին առատապես բաշխում իրենց հարստությունն ու ունեցվածքը:

Մեր եկեղեցու հայրերը Տիրոջ նկատմամբ հավատքի դրսևորում են համարում բարեգործություն անելն ու կարիքավորներին օգնելը:

«Տնտեսի առակը» ներկայացնում է հոգևոր արթնության խորհուրդը. ամենայն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել, քանի որ պատասխանատվության պահը կարող է գալ ամեն ակնթարթ: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես» (Ղուկաս 12:42):

Այս կիրակին հուշում է պահքին միավորել ողորմածությունն ու աղքատասիրությունը՝ որպես հոգևոր տնտեսության կարևորագույն մասեր, քանի որ «անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել», մինչդեռ «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․