16 Հուլիս, Գշ Աթանագինե եպիսկոպոսի, տասն աշակերտների և հինգ վկաների հիշատակության օր

Աթանագինե եպիսկոպոս

Անվան հունական տարբերակը Աթենոգենես: Նա քրիստոնյա ծնողների զավակ էր, որոնք ապրում էին Դիոկղետիանոս Կայսեր ժամանակաշրջանում՝ Սեբաստիայում:

Նա ամուսնացած էր և զավակներ ուներ, հետագայում քահանա է ձեռնադրվել և ապա իր հայրենի քաղաքի քորեպիսկոպոսն է դարձել: Նրա քրոջ՝ Մարիամի հետ էր ամուսնացել Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ նախքան Տրդատի մոտ ծառայության անցնելը, երիտասարդ տարիներին: Իր աղոթքներով և գավազանով սարսափ սփռող մի վիշապի սատկացնելուց հետո, որպես երախտագիտական արարք, Սեբաստիայի միտրոպոլիտը նրան Պիտակոս քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրում: Հետագայում այդ շրջանի դատավորը նրան, իր տասը աշակերտների հետ միասին, ատյան է կանչում և երբ մերժում են կուռքերին զոհեր մատուցել՝ բոլորին գլխատելով նահատակում է: Նրա նշխարները, Ս. Հովհաննես Մկրտչի մասունքների հետ, Ս. Գրիգոր Լուսավորիչը իր հետ Հայաստան բերեց և Տարոն գավառի Կլակի վանքում տեղադրեց:

Մենք տարին երկու անգամ տոնում ենք նրա տոնը. առաջինը՝ Հարության Ա. Կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը՝ Ս. Հովհաննես Մկրտչի հետ միասին, հիշատակելով նրանց մասունքների բերվելը Հայաստան, մյուսը՝ Վարդավառի երկրորդ կիրակիից հետո եկող երրեքշաբթի օրը՝ իր տաս աշակերտներով, որը համապատասխանում է հուլիսի 16-ին:

 

«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․