28 Նոյեմբեր, Եշ
5 Սեպտեմբեր, Եշ Սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օր
Սուրբ Հովհաննես Կարապետ
Ավետարաններում, Հիսուս Քրիստոսից հետո հաջորդ մեծագույն անձը և Նոր Կտակարանների առաջին գլուխների գլխավոր կերպարը: Հովհաննեսը «Աստծո թագավորության», այսինքն՝ Քրիստոնեական դարաշրջանի պաշտոնապես բացողը եղավ:
Ինչպես հայտնի է, խոստումի զավակ էր և նրա ծնունդը հրաշալի պայմաններում եղավ: Իր ապագա դերը հանգամանորեն ներկայացվում է հրեշտակի կողմից իր հորը տված ավետիսում:
«Որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի և մոր որովայնից սկսած սուրբ հոգով կլցվի և Իսրայելի որդիներից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը: Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Նրա առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»: (Ղուկ. 1:15-17): Հովհաննեսի մանկությունը և պատանեկությունն անցավ մարդկանցից հեռու՝ մենակության մեջ, Աստծո ներկայության և շնորհների հովանու ներքո:
Նա որպես քարոզիչ հանդես եկավ երեսուն տարեկան հասակում՝ Հռոմի «Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում» (Ղուկ. 3:1): Քարոզչության վայրը Հորդանանի հովիտն էր: Ավետարաններում Հովհաննեսը նույնացվում է Եսայի մարգարեի կողմից մարգարեացված «Անապատի մեջ կանչողի ձայն»-ի հետ, որը ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցեք Նրա շավիղները: Բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները թող խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ» (Ղուկ 3:5):
Հովհաննեսի քարոզչությունը իր զգեստի և կերակուրի, իր հոգու և կյանքի պես պարզ ու ժուժկալ էր: Կարելի է խտացնել երկու բառերի մեջ՝ ապաշխարանք և արդարություն:
«Ապաշխարեցե՛ք որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Այսուհետև ապաշխարության արժանի պտուղներ տվեք… Բայց ահավասիկ կացինը ծառի արմատի վրա է. Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում» (Ղուկ. 3:8-9, Մտթ. 3:2): Եվ ավելացնում է. «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի նույն ձևով թող վարվի» (Ղուկ. 3:11-14):
Տեսնելով Հովհաննեսի ուժեղ ու անվախ քարոզչությունը և մեծ հեղինակությունը, ոմանք հարցնում էին՝ Արդյո՞ք սա է Մեսիան: Հովհաննեսը ասում էր՝ ոչ. « Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մտթ. 3:11):
Հովհաննեսի գործունեության կիզակետը Հիսուսին մկրտելը և Նրան իբրև խոստացված Մեսիա հայտարարելն էր: Երբ տեսավ, որ Հիսուսը, նույնպես, բոլորի նման բազմությանը խառնված մկրտության էր գալիս, իր մարգարեական հոգով ճանաչեց Նրան և ցանկացավ արգելել ասելով. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ինձ մոտ ես գալի՞ս» (Մտթ. 3:14): Հիսուսի պնդելուց հետո զիջեց և մկրտեց հայտարարելով. «Ահա՛ Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքերը» (Հովհ. 1:36). և ավելացրեց, որ մարդկանց փոխարեն զոհվելով քավություն պիտի տա նրանց մեղքերին ու շարունակեց. «Սա է Նա, Որի մասին ես ասում էի՝ իմ հետևից գալիս է Մեկը… Տեսա Հոգին, որ իջնում էր երկնքից որպես աղավնի և հանգչում Նրա վրա: Եվ ես չէի ճանաչում Նրան. սակայն Նա Ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. «Ում վրա, որ տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» և ես տեսա և վկայեցի, թե Սա՛ է Աստծո Որդին» (Հովհ. 1:30-34):
Հիսուսին մկրտելուց և Նրան իբրև խոստացված Մեսիա հայտարարելուց հետո Հովհաննեսի առաքելությունը վերջացած էր այլևս: Արդարև, այս իրադարձություններից հետո Հերովդես թագավորը, իր եղբոր կնոջը հափշտակելու պատճառով իրեն հանդիմանելու համար, նախ բանտարկում է Հովհաննեսին և մի քիչ անց, ծանոթ եղերական պայմաններում, գլխատել տալիս նրան:
Քրիստոսը Հովհաննեսի մասին մեծ կարծիք ուներ. մի առիթով նրան բնութագրեց. «Առավել քան մի մարգարե». և նրան նմանեցրեց Մաղաքիա մարգարեի գրքի վերջին համարներում նախանշված Աստծո պագամավորի հետ և ավելացրեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել. Բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է… Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննես: Եվ եթե ուզում եք ընդունել Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու էր» (Մտթ. 11:11-14):
Հովհաննեսը ուներ աշակերտներ, ինչպես այն ժամանակվա բոլոր մեծ ռաբբիները և քարոզիչները:
Հովհաննեսի մասին հիշատակում է նրա ժամանակակից Հովսեփոս հրեա պատմիչը, որը վկայում է նրա Հերովդեսի կողմից է սպանված լինելը:
Մեր եկեղեցում Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբն է Հովհաննեսը: Նա սերտորեն կապված է մեր եկեղեցու և պատմության հետ: Հայաստանի ամբողջական դարձի օրերին, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից ձեռնադրված վերադառնում է, ապա իր հետ բերում է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որոնք զետեղում է Մուշ քաղաքի մոտակայքում՝ հայոց հողի վրա հաստատված առաջին հայտնի աղոթատեղիներից մեկում, որտեղ հետագայում կառուցվում է «Ս. Կարապետ» վանքը, որը մեր եկեղեցու ամենահռչակավոր ուխտավայրերից մեկն է:
Հայ եկեղեցին տարեկան չորս տոն է սահմանել նրա համար: Առաջինը նրա ծննդյան հիշատակությունն է, Սուրբ Ծննդյան ութ օրերից հետո, երկրորդը՝ գլխատումը, Ս. Զատկին հաջորդող շաբաթ օրը, երրորդը՝ Ս. Կաթողիկե եկեղեցու տոնի հինգշաբթի օրը Աթանագինե եպիսկոպոսի հետ, որի նշխարները Ս. Գր. Լուսավորիչը Մկրտչի նշխարների հետ բերեց Սեբաստիայից, իսկ վերջինը՝ Վերափոխման տոնից հետո, երրորդ շաբաթի հինգշաբթի օրը, Հոբի հետ միասին: Շատ շարականներ և տաղեր են հորինվել ի պատիվ նրան, որոնցից գլխավոր տեղ են գրավում ջրօրհնեքի շարականները, որոնցում Հովհաննես Մկրտիչը կենտրոնական անձն է:
Հոբ
Հոբն իրենից առաջ և իրենից հետո հիշվածների նման մարգարե չէ, բայց որպես այդպիսին ընդունվել է, թե՛ հույների և թե՛ լատինների մոտ և նույնիսկ մահմեդականների մոտ: Ուստի նրան զետեղում ենք, որպես գործող և գրող մարգարեների կենտրոնական օղակ:
Հոբն իր անունը կրող գրքի կենտրոնական անձն է, գրքի, որի մասին միշտ բարձր են արտահայտվել մեծ մտածողները: «Ամբողջ Աստվածաշնչի գերազանց գիրքն է» ասում է Լյութերը: Դենիսն այն նկատել է, որպես «հին և նոր ժամանակների մեծագույն բանաստեղծությունը»: Կարլայլը հայտարարել է. «Մի ազնիվ գիրք է, համայն մարդկության գիրքը… կարծում եմ, որ չկա մի գիրք՝ Աստվածաշնչում, կամ դրանից դուրս, որ հավասարվի դրա գրական արժեքին»: Այս ամենին հակառակ, որքան էլ, որ հայտնի է Հոբի պատմությունը, այդքան էլ անծանոթ է այս հոյակապ գիրքը:
Հոբի անվան իսլամական հնչելաձևը՝ Էհուբ, ավելի հարազատ է և մոտ սկզբնական ձևին: Մեր և եվրոպական լեզուներում գործածություն ստացած ձևը տառադարձության ընթացքում, որը հունական ձևից է գալիս և ոչ թե եբրայական, կորցրել է իր հարազատությունը բուն անվան հետ:
Հոբի մեզ ծանոթ պատմությունը ներկայացված է համանուն գրքի առաջին երկու գլուխներում և արձակ ոճով վերջին գլխի վերջաբանում: Իսկ գրքի միջանկյալ 40 գլուխներն արդարի տառապող սրտի բանաստեղծական և պատկերալից ոճով մի պոռթկում է, որին միանում են Հոբի երեք բարեկամներն՝ իրենց խայթիչ վերագրումներով և Աստված՝ պատգամներով: Գիրքը ծայրից ծայր մի խարխափում, երբեմն բացահայտում է, բայց միշտ կյանքի և կրոնի հիմնական հարցերի պատասխանների մի որոնում է, որոնք այնտեղ էլ իրենց ամբողջական լուծումը չեն գտնում և կարծես սահմանված են հավիտենապես անլուծելի մնալու համար: Հոռետեսության և դառնության լարին է դիպչում նաև Աստծո մեծության և փառքի քնարը, և այս գրքի հեղինակը, կյանքի գաղտնիքը Աստծո կամքին համակերպվելու իմաստության մեջ է գտնում: Ինչպես որ արել էր Ժողովող գրքի հեղինակը:
Հոբի գիրքը մի մարդու պատմություն է, որն իր կյանքի ընթացքում ահավոր փորձանքների է ենթարկվում, որոնց միջից հաղթանակով և հաջողությամբ է դուրս գալիս: Գրքի վարագույրը բարձրանում է մի երջանիկ ընտանիքի տեսարանով: Ընտանիքի հայրը՝ Հոբը, հրեա չէր, այլ Աբրահամից առաջ ապրող արդարներց որևէ մեկի նման, մարդկային որևէ ցեղին պատկանող մի մարդ էր: Մեր Աստվածաշնչի համանուն գրքի վերջում տրված ծանոթագրության հիման վրա նա եդոմացի էր, հրեաներին ցեղակից և հարևան մի ժողովուրդ, որոնք ապրում էին Մեռյալ ծովի հարավային կողմում տարածվող լեռնաշղթաների մեջ: Հոբը ներկայացված է որպես «Կատարյալ և աստվածապաշտ մի մարդ, ամեն տեսակի մեղքից ու չարիքից հեռու»: Ունի յոթ արու զավակ և երեք դուստր՝ մի կատարյալ ընտանիք: Մեծահարուստ է՝ յոթ հազար այծ-ոչխարի, երեք հազար ուղտի, հինգ հարյուր լուծ եզի, հինգ հարյուր մատակ էշի և բազմաթիվ ծառաների տեր էր: Հարստությունը չէր այլասերել այս մարդու բնավորությունը, ինչը որ սովորաբար անում է: Մեծագործ և բարեսեր էր: «Այնպես որ այս մարդն արևելքի ազնվականներից մեծագույնն էր»: Հոբի զավակները միասին շարունակ խրախճանքների մեջ են: Իսկ Հոբն, իր զավակների հավանական սահմանազանցությունների քավության համար, աղոթող և ծիսական սրբագործությունների մեջ անթերի է: Սա գրքի նախաբանն է (1:1-5):
Բուն դրաման սկսվում է, երբ տեսարանը հանկարծ երկինք է փոխադրվում: «Աստծո հրեշտակները, կամ ըստ եբրայերեն բնագրի, «որդիները», մի օր Տիրոջ մոտ են բարձրանում: Սատանան էլ է նրանց հետ և Աստված զրույց է սկսում սատանայի հետ.
- Որտեղի՞ց ես գալիս,- հարցնում է Աստված:
- Երկրում շրջագայելուց,- պատասխանում է սատանան:
- Ճանաչո՞ւմ ես իմ ծառա Հոբին, նրա նման երկրի վրա չկա, մի անարատ, ուղղիղ և աստվածապաշտ մարդ է, ամեն տեսակ չարիքից ու մեղքից հեռու:
- Միթե՞ Հոբն իր Աստծուն ձրի է պաշտում,- վրա է բերում սատանան:- Բոլոր կողմերից նրան պաշտպանում ես, օրհնել ես նրա ձեռքի գործը և բազմացրել ես նրա հարստությունը: Բայց մի րոպե երկարացրու ձեռքդ և նրա ունեցվածքին հարվածիր և տես, թե ինչպես է Քեզ անիծելու:
- Լավ,- ասաց Աստված,- նրա ամբողջ ունեցվածքը քո տրամադրության տակ եմ դնում, բայց նրա անձին չդիպչես:
Սատանան, իր որսը գտած մեկի նման, Աստծո մոտից ներքև է սլանում և անխնայաբար ու մեկ առ մեկ ոչնչացնում է Հոբի ամբողջ ունեցվածքը և սպանում է նրա զավակներին:
Այս ամբողջ նախճիրների դեմ Հոբը ոտքի է կանգնում, որպես ահավոր ցավի և սգի նշան, պատռում է իր հագուստները, կտրում է գլխի մազերը և գետին է ընկնում, երկրպագում է Աստծուն և միայն ասում է.
«Մորս որովայնից մերկ դուրս եկա, Եվ մերկ էլ պիտի վերադառնամ, Տերը տվեց, Տերն էլ վերցրեց. Օրհնյալ լինի Տիրոջ անունը»:
Եվ ավելացնում է գիրքը. «Այս ամենի մեջ Հոբը Տիրոջ դեմ չմեղանչեց և Աստծուն անզգամ բաներ չվերագրեց»:
Կրկին տեսարանը երկինք է փոխադրվում, նույն տեսարանը և նույն սկզբնական խոսակցությունը Աստծո և սատանայի միջև, ի վերջո Աստված ավելացնում է.
- Թեև դու դատարկ տեղը ինձ դրդեցիր, որ ես նրա ամբողջ ունեցվածքը ոչնչացնեմ, բայց տեսար, որ Հոբը պահեց իր անմեղությունը:
- Մաշկի դեմ մաշկ,- պատասխանեց սատանան:- Մարդը իր կյանքը պահպանելու համար, իր ամբողջ ունեցվածքը կտա: Սակայն մի անգամ ձեռքդ երկարացրու և նրա ոսկորներին և մարմնին կպիր և տես, թե ինչպես պիտի քեզ անիծի:
- Լավ,- ասաց Աստված,- ահա նրան քո ձեռքն եմ տալիս, բայց նրա կյանքին չպիտի կդիպչես:
Ուստի սատանան Հոբի մարմինը, ոտքից մինչև գլուխ, թարախոտ վերքերով վարակեց: Հոբն աղբանոցի վրա նստած, մի խեցի վերցրած քերում էր թարախը: Ոչ ոք չէր նայում նույնիսկ նրա երեսին, նույնիսկ կինը, որը հեռացել էր նրանից, օրերից մի օր նրա մոտ եկավ միայն ասելու համար.
- Մինչև ե՞րբ այսպես, փրկության ակնկալությամբ պիտի համբերես, անեծք կարդա Աստծո առաջ և մեռիր ու ազատվիր:
- Մի անզգամ կնոջ պես ես խոսում դու,- ասաց Հոբը,- եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, ինչու չպիտի համբերենք չարիքներին:
Հոբի երեք բարձրաստիճան բարեկամները, երբ լսեցին նրա գլխին եկած փորձությունների մասին, եկան որպեսզի մխիթարեն նրան: Երբ տեսան նրան, չկարողացան ճանաչել և իրենց ձայնը բարձրացնելով՝ սկսեցին լալ: Հոբի վիճակն այնքան անմխիթար էր, որ սփոփանքի ոչ մի խոսք չկարողացան գտնել: Նրա մոտ «յոթ օր և յոթ գիշեր» նստեցին և անխոս մնացին: Ի վերջո Հոբը լռությունը խզեց և ասաց.
«Թող կորչի իմ ծննդյան օրը, Եվ այն գիշերը, երբ ասվեց՝ տղա է ծնվել, Խավարով պատվի և այն օրերի հետ չհաշվվի. Եվ նրա վրա լույս չծագի…»:
Եվ այստեղից էջերով բացվում է Հոբի և երեք բարեկամների միջև դրամատիկ զրույցի կծիկը, մինչև որ Աստված միջամտում է, հանդիմանելով նրա երեք բարեկամներին, որոնք պնդում էին, որ Հոբը որևէ ծանր մեղք գործած պիտի լինի, որի պատճառով էլ այս պատուհասները նրա գլխին են եկել: Ի վերջո Հոբը արդարացած է դուրս գալիս այս փորձությունից: Եվ Աստված նախկինից էլ մեծ օրհնությամբ է վարձատրում նրան:
«Հարվածից հետո Հոբը ապրեց 170 տարի: Հոբի բոլոր տարիների թիվը 248 եղավ: Հոբը տեսավ իր թոռներին և նրանց որդիներին, վախճանվեց ծերացած և իր օրերը սպառած: Եվ ապագայում հարություն է առնելու նրանց հետ, որոնց Տերը հարություն պիտի տա»:
Այսպիսի երջանիկ վերջավորություն ունեցավ կյանքը մի մարդու, որը համբերության մարմնացումը եղավ: Առանց համբերության ոչ ոք չի կարող հաղթական կյանք վարել երկրի վրա և հավիտենականությունը ժառանգել, ինչպես էլ հաստատել է մեր Տերը. «Ով որ մինչև վերջ համբերի» միայն նա արժանի պիտի լինի հավիտենականությունը ժառանգելուն:
Հոբի կյանքը մեզ երկու ճշմարտություններ է սովորեցնում կյանքի վերաբերյալ: Նախ՝ աշխարհի չարիքների հետևում միշտ թաքնված է չար ոգին՝ սատանայի մատը: Երկրորդ՝ մարդուն ապերջանիկ դարձնելու նպատակով նրա հրահրած նեղությունները և տառապանքները նպաստում են մարդու կատարելագործմանը և նրա փառքն ու վայելքը ավելացնելուն, հալոցքի մեջ եղող ոսկու նման, կամ այն քարածուխի, որի մասին ասում են, թե երկրաբանական ահավոր ճնշումների տակ ի վերջո վերածվում է սպիտակ և գեղեցիկ մարմարի:
Մեր եկեղեցում Հոբի հիշատակը տոնվում է Վերափոխմանը հաջորդող երրորդ հինգշաթի օրը, Հովհաննես Մկրտչի հետ:
«Աստուածաշնչական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը