23 Սեպտեմբեր, Բշ, Պահք Սուրբ Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

Մամաս

Մամասի ծնողները Պապագոնյա նահանգի Գանգրա (այսմ Չանգրա) գյուղից էին, աղքատ և աննշան, բայց քրիստոնյա և բարեպաշտ, որի համար էլ ձերբակալվեցին և Կեսարիա ուղակվեցին ու բանտարկվեցին: Հայրը բանտում մահացավ, իսկ մայրը այնտեղ լույս աշխարհ բերեց Մամասին և կարճ ժամանակ անց մայրն էլ առ Աստված ննջեց:

Մի քրիստոնյա կին որդեգրեց Մամասին, սնեց և ուսման տվեց: Տասնհինգ տարեկան հասակում արդեն իսկ ամուր համոզմունք ունեցող և իր կրոնը քարոզող մի քրիստոնյա էր, որի պատճառով ձերբակալվեց և չարչարանքների ենթարկվեց, որոնցից ազատվելով Արգես լեռան վրա ապաստանեց, որտեղ որոշ ժամանակ ճգնողական առաքինի կյանքով ապրեց: Քանի որ իր քարոզչական շնորհի հետ նաև քաղցր ձայն ուներ, որով խաղաղեցնում էր մարդկանց հոգիները, հետևաբար ինքնաբերաբար դարձավ այդ լեռան վրա ապաստան գտած մյուս քրիստոնյաների առաջնորդը: Անգամ անմեղ կենդանիներն էին նրա շուրջը հավաքվում և ոչ միայն այն պատճառով, որ տեղանքը ջրարբի էր, այլև որ նա նրանց պաշտպանում էր վայրի գազաններից և որսորդներից: Եղնիկներն իրենց ձագերին նրա բնակության շրջակայքում էին պահում, նա կթում էր նրանց կաթը, պանիր պատրաստում և բաշխում աղքատներին: Մամասը կրկին է մատնվում դատավորին և չարչարանքների ենթարկվում: Ի վերջո եռաժանի երկաթյա գործիքով խոցվում և մարտիրոսանում է Աստծո ծառա Մամասը 273 թ.-ին, Ավրելիանոս կայսեր օրոք:

Հայերս նրա տոնը տոնում ենք Սբ. Խաչին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը,

 

Փիլիկտիմոն

Հույների և լատինների վկայաբանություններում հանդիպում է որպես Ֆիլոմենոս, որը ապրել է Ավրելիանոս կայսեր ժամանակներում (270-275): Որպես ցորենի վաճառքով զբաղվող, Անկյուրա (Անկարա) ճանապարհորդության ժամանակ ձերբակալվեց, դառը տանջանքների ենթարկվեց, ապա ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամելով, 274 թ.-ին նահատակվեց:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Սբ. Խաչին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

 

 

Սիմեոն Սյունակյաց

Ճգնողականությունը իր ծայրագույն աստիճանին հասցրեցին «սյունակյացները», որոնցից շատերն են հիշվում պատմության կողմից, և որոնցից առաջինն ու ամենանշանավորը Սիմեոն Սիրիացին էր: Այս մարդն աշխարհի մեջ ապրելով հանդերձ, աշխարհի հետ իր շփումը խզելու դիտավորությամբ տարիներով սյան վրա ապրելու գաղափարը հղացավ:

Համարում են, որ Սիմեոնը ծնվել է 390 թ.-ին, Կիլիկիայում: Սիմեոնը տղա ժամանակ հովվություն էր անում: Մի օր, երբ եկեղեցում էր, օրվա ընթերցված ավետարանը չկարողացավ հասկանալ և հարցրեց կողքի ծերունուն, թե «ինչի՞ մասին է այսօրվա ավետարանական հատվածը», ծերունին պատասխանեց.

- Ժուժկալության:

- Ի՞նչ է ժուժկալությունը,- հարցրեց Սիմեոնը:

- Ժուժկալությունն անձի փրկությունն է, որը երկնքի արքայությանն է առաջնորդում:

- Մարդը ինչպե՞ս է ժուժկալ լինում:

- Պահեցողությամբ, աղոթելով, երկյուղածությամբ և պատկառանքով, կանոնավոր և առանց բացակայելու եկեղեցում ժամերգություններին ներկա լինելով, իր պարտականությունների բաժինը ամբողջությամբ անելով: Բայց այս ամենը միայն վանքերում է լինում, - ասաց ծերունին,- որտեղ մարդիկ ժամանակ առ ժամանակ իրենք իրենց անոթության և ծարավի, ցրտի և տաքի, զրկանքների և ինքնախարազանման, ապաշխարության և անքնության են ենթարկում, բայց ամեն ինչից առավել իրենք իրենց կրթում են խոնարհության, հնազանդության, անընչասիրության, սակավապետության, այսինքն ուտելիքի, խմելիքի, հագուստի և բնակվելու տեղի տեսակետից նվազագույնով գոհանալու մեջ: 

Այս լսելով Սիմեոնը հյուսիս-արևմտյան Սիրիայում՝ ներկայիս Հաթան նահանգում, մի վանք մտավ և կրոնավոր դարձավ, ինքն իրեն ենթարկելով խստագույն ճգնությունների: Ապա մի անմարդանակ վայրում առանձնանալով, մի խղճալի խուց պատրաստեց և հետևելով այն սկզբունքին, թե երբ մարմինը տկարանա՝ հոգին կզորանա, երեք տարի անհավանական խստությունների մեջ անցկացրեց: Աստված նրան քարոզելու և բժշկելու շնորհ պարգևեց: Նրա մոտ էին գալիս հազարներով, որոնց քարոզում և բժշկում էր:

Տեսնելով, որ բազմությունը չափազանց շատ է նեղում իրեն և ինքը դեռևս աշխարհի հետ խառնված է, մտածեց գոնե մասամբ կտրվի իր մոտ եկողների հետ շփումից: Ուստի նախ մի բարձրադիր վայր կառուցեց մի փոքրիկ պատուհանով, որտեղից միայն գլուխն էր երևում և այդպես քարոզում էր և այդտեղ էլ ապրում: Այդ բարձունքը հետզհետե ձևափոխվելով, վերջ ի վերջո 60 կանգուն բարձրությամբ սյան տեսք ստացավ, որի գագաթին չորս կողմից պաշտպանված մի շրջանակաձև տեղ հարմարեցրեց, որտեղ իր կյանքը կանգնած, կամ ծնկած վիճակում անցկացրեց, քանի որ նստելու կամ մեկնվելու տարածք չկար: Գլխավերևում որևէ տանիք չկար, որի պատճառով էլ հարաժամ տաքի և ցրտի, քամու և փոթորիկի և բնության բոլոր խստություններին էր ենթարկվում: Սյան վրա բարձրանալու, կամ ցած իջնելու մի մնայուն սանդուղք կար: Նրա սովորական սնունդը շաբաթական մեկ անգամ ընդունած հաղորդությունն էր:

Ինչպես նշեցինք այս սյան վրայից քարոզում էր ներքևում տարածված ժողովրդին և հիվանդների համար աղոթում էր: Բժշկվածներին խստագույնս պատվիրում էր. «Եթե մեկը հարցնի քեզնից, թե ով բժշկեց, ասա Աստված, քանի որ այդ է ճշմարտությունը, որովհետև բժշկությունը միայն Աստծուց է լինում, չլինի որ հանկարծ ասեք Սիմեոնը բժշկեց, քանի որ սուտ խոսած կլինեք և ձեր ախտը կրկին ձեզ կվերադառնա»: Հազարավոր մեղավորներին իր պարզ խոսքերով և սրբակենցաղ վարքով դարձի էր բերում:

Փոքր հասակից, առանց մորը զգուշացնելու, վանք մտնելու պատճառով տնից փախել էր: Երբ իր համբավն այսպես, աշխարհի բոլոր կողմերում տարածվեց, իր մայրը լսածներից ենթադրեց, որ նորօրյա հրաշագործը հենց իր կորած որդին է: Ուխտավորների հետ ինքն էլ եկավ տեսնելու իր որդուն՝ Սիմեոնին, քսանյոթ տարի հետո: Երբ հայտնեցին, որ մայրդ եկել է և ցանկանում է քեզ տեսնել, լուր ուղարկեց ասելով. «Թող ինձ ների իմ մայրը և չձգտի ինձ տեսնելու, թող ջանա արժանանալ հավիտենական կյանքին, որտեղ իրար կտեսնենք»:

Բազմաթիվ դրվագներ են պատմվում իր հրաշագործությունների և հրեշտակային կյանքի մասին: Իր սյան վրա կանգնած, ներքևում հավաքված հսկայական բազմությանն ասում էր.

- Աստված ինձ այս սյան վրա որպես հսկող կանգնեցրեց, որպեսզի ձեզ կյանքում ապաշխարության մասին քարոզեմ: Սակայն դուք իմ խոսքերը չեք լսում, կապված եք մնում ձեր ագահություններին, հաճույքներին և անօրեննություններին: Հետևաբար նախընտրելի է, որ ես այլևս Աստծո հետ խոսեմ, քան թե ձեր նման մի անհավատ ժողովրդի: Դուք Աստծուն փնտրում եք, երբ որևէ վտանք է սպառնում ձեզ, այլապես մոռանում եք Աստծուն: Այդ իսկ պատճառով ձեր աղոթքները Աստծուն լսելի չեն, ոչ էլ ձեզ համար արված ուրիշների աղոթքները:

Երբ վախճանվեց մարմինը մեծ հանդիսությամբ Անտիոք տարան, որտեղ իր անունով մի փառավոր եկեղեցի կառուցեցին, որը հետագայում հրաշքներով վկայված մեծ ուխտատեղի դարձավ: Ուխտատեղիի վերածվեց նաև իր ճգնած վայրը, որի վրա էլ հետագայում եկեղեցի կառուցվեց: Ենթադրվում է, որ մահացել է շուրջ 460 թ.-ին, 70 տարեկան հասակում: Իսկ նրա սյունակեցության տարիները համարվում է, որ 47-ն են եղել:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Սբ. Խաչին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․