30 Սեպտեմբեր, Բշ Սուրբ Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օր
Դավիթ Դվնեցի
Պարսիկ հոր և քրիստոնյա մոր զավակ, նախկին անունն էր Սուրհակ, իսլամ ընդունած ծառայում էր Հայաստանում, արաբական բանակում: Քրիստոնյաների հետ մտերիմ շփումներից հետո, ինքնաբերաբար իր մեջ քրիստոնյա դառնալու ցանկություն առաջացավ: Իր այս մտադրությունը Գրիգոր Մամիկոնյան իշխանին հայտնեց, որք քաջալերեց նրան և օրվա Անաստաս Կաթողիկոսի մոտ տարավ, որը անհրաժեշտը ուսուցանելուց հետո, իր իսկ ձեռքով, նրան մկրտեց Արուճի իր նորակառույց Կաթողիկե եկեղեցում: Գրիգոր Մամիկոնյանն էլ դարձավ իր կնքահայրը և իր հոր՝ Դավթի անունը տվեց նորահավատ իշխանին: Ապա նրան ամուսնացրեց և մի գյուղ էլ հատկացրեց որպես ապրուստի միջոց; Ապա Դավիթը Դվին տեղափոխվեց և շուրջ 30 տարի բարեպաշտ քրիստոնյայի կյանքով ապրեց, որի պատճառով էլ կոչվեց Դվնեցի:
Երբ արաբ Աբդուլահը. «ժանտ, անառակ և ապերես այրը», Հայաստանի ոստիկանը դարձավ, սկսեց հալածել քրիստոնյաներին: Երբ իմացավ, որ Դավիթը նախկինում իսլամական է եղել, նրան առաջարկեց վերադառնալ նախկին կրոնին: Դավիթը իր հավատքի մեջ աներեր մնաց: Վերջապես նրան խաչելու հրաման արձակվեց և նիզակահարվեց ու սպանվեց 701թ.-ին, գրեթե 60-65 տարեկան հասակում: Եվ թաղվեց Դվինի Ս. Գրիգոր Կաթողիկե եկեղեցում: Նրա հիշատակը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող երրորդ երկուշաբթի օրը: Երեք Հայսմավուրքներում հիշատակվում է մարտի 31-ին, Օրմանյանը նախընտրում է ապրիլի 4-ը:
Իրեն նվիրված և երեք տներից բաղկացած յուրահատուկ Մանկունք շարական ունի, որի մեկ տունը ստորև ներկայացնում ենք:
Աստվածային շնորհուվ լցվեցիր,
Ով երանելի սուրբ ճգնավոր տեր Դավիթ.
Եվ քո քաջի անունը մինչև երկինք բարձրացավ՝
Որպես հրեշտակների ուրախություն,
Եվ ամբողջ աշխարհում տարածվեց՝
Մարդկանց ցնծության համար:
Ղամբեոս
Անվան հունարեն տարբերակը Եվլամպիոս է, նրա վարքը և մարտիրոսությունը անբաժան է իր քրոջից՝ Ղամբեուհուց, կամ Եվլամբիայից (տես Գլուխ Դ թիվ 17): Ապրել են Մաքսիմինոս հալածիչ կայսեր օրերին (284-305) Նիկոմիդիա քաղաքում: Որպես քրիստոնյա ձերբակալվեց և նրան բռնությամբ ստիպեցին զոհեր մատուցել կուռքերին: Երբ մերժեց՝ մերկացրին և արջառաջլերով ձաղկելուց հետո բանտարկեցին: Ապա կրակի և այլ տանջանքների փորձություններից ողջ մնալով՝ սրով ստացավ իր նահատակության պսակը:
Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրորդ երկուշաբթի օրը:
Ղամբեուհի
Հունարեն տարբերակը Եվլամպիա է: Նիկոմիդիա քաղաքից է: Իր պատմությունը անբաժան է իր եղբոր պատմությունից, որի անունը Ղամբեոս, կամ Եվլամպիոս է: Նախ եղբայրը որպես քրիստոնյա ձերբակալվեց և չարչարվեց, ապա նրան միացավ նաև Ղամբեուհին և երկուսը միասին արիաբար պաշտպանեցին Ս. Կրոնը և անարգեցին կուռքերին: Ծանր չարչարանքների ենթարկվելով՝ միասնաբար գլխատվեցին շուրջ 303 թ.-ին: Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրորդ երկուշաբթի օրը:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը