Գրքեր
27 Հոկտեմբեր, Գշ Սամոսատում նահատակված Սբ. Հիպիրիքյանների, Սևերիանոս Սեբաստացու, Բաբելա Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների հիշատակության օր

Սբ. Հիպիրիքյանները 7 վկաներ էին Փոքր Հայքի Սամոսատ քաղաքից, Մաքսիմինոս Դաժ կայսեր օրոք, 3-4-րդ դարերում: Քաղաքի կուռքերի պատվին կազմակերպված տոնակատարության ընթացքում նրանք տանն աղոթում էին: Այդ ժամանակ նրանց այցելում են հեթանոս 5 բարեկամները, որոնք հարցնում են նրանց` տոնին չմասնակցելու պատճառը և ունկնդրելով վկաների քարոզը քրիստոնեության ճշմարիտ կրոն լինելու վերաբերյալ` դառնում են Քրիստոսի հետևորդներ: Նրանց դատական ատյան են տանում, սակայն բոլորն էլ հաստատուն են մնում իրենց հավատի մեջ` ընդունելով նահատակության անթառամ պսակը:

Սևերիանոսը († 320) նշանավոր զորավար էր Փոքր Հայքի Սեբաստիայի արքունի բանակում, Լիկիանոս կայսեր օրոք: Երբ «Հայկական լեգեոն» կոչված գնդի 40 քրիստոնյա զինվորները բանտարկվում են, Սևերիոսն այցելում է նրանց և հոգածություն ցուցաբերում: Նրանց նահատակությունից հետո էլ շարունակում է պաշտպանել քրիստոնյաներին և քննադատել օրվա իշխանավորներին, որոնք անտեղի հալածում են անմեղ քրիստոնյաներին: Սակայն կրկին դատական ատյան է բերվում, անլուր չարչարանքների ենթարկվում` արժանանալով մարտիրոսության պսակի:

Բաբելա Ծերունին († 298) ուսուցիչ էր Նիկոմիդիայում, Մաքսիմինոս կայսեր օրոք, որտեղ քրիստոնյա մանուկներին Սուրբ Գիրք էր ուսուցանում: Հեթանոսները կայսրին հայտնում են, որ նա երեխաներին Սբ. Գիրք և քրիստոնեական բարեպաշտություն է սովորեցնում: Կայսեր այն հարցին, թե` «Ինչո՞ւ ես երեխաներին օտար կրոն սովորեցնում և ոչ` մերը», ծերունին պատասխանում է. «Որովհետև ճշմարիտ հավատը քրիստոնեականն է»: Կայսեր հրահանգով ծերունին նետվում է բանտ և տանջանքների ենթարկվում: Նրանք փորձում են սիրաշահելով համոզել երեխաներին երկրպագել կուռքերին, սակայն ի պատասխան լսում են. «Մենք երբեք չենք երկրպագի անշունչ քարե արձանների»: Այս ամենից հետո ուսուցիչն աշակերտների հետ գլխատվում է:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․