Գրքեր
9 Նոյեմբեր, Բշ Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օր

Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ: Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը, հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ: Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատի: Սուրբը մասնակցել է 381 թվականին Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր Հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի ապականությունն ու կռապաշտությունը, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը` որոշում է նվիրվել ճգնավորական կյանքին` հաստատվելով Փռյուգիայի լեռներում: Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ` պախարակում է հեթանոսական կուռքերին` քարոզելով քրիստոնեական հավատը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով` գլխատվում է: Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում` միշտ պատկերված ուղտի վրա: Ազգությամբ պարսիկ Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Ապա հրաժարվելով զինվորական ծառայությունից` նա նվիրվում է հոգևոր կյանքին` Բիթրազան քաղաքի եպիսկոպոս ձեռնադրվելով: Բազմիցս հալածվում է կռապաշտների կողմից, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական գործունեություն ծավալել` մինչև իսկ հասնելով Պարսից մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ էլ հրաժարվելով երկրպագել արեգակին` նահատակվում է պարսից Շապուհ (331-378) արքայի օրոք: Նրա հետ մարտիրոսական պսակն են ընդունում նաև իր երկու աշակերտները` Բուրաս քահանան և Շինու սարկավագը:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․