Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ: Լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, նա միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այդ անհանդարտ քաղաքի բնակչությանը, հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավարարվում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ: Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալ ճշմարիտ հավատի: Սուրբը մասնակցել է 381 թվականին Կ.Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է:
Ս. Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր Հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի ապականությունն ու կռապաշտությունը, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը` որոշում է նվիրվել ճգնավորական կյանքին` հաստատվելով Փռյուգիայի լեռներում: Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ` պախարակում է հեթանոսական կուռքերին` քարոզելով քրիստոնեական հավատը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով` գլխատվում է: Ս. Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում` միշտ պատկերված ուղտի վրա:
Ազգությամբ պարսիկ Ս. Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Ապա հրաժարվելով զինվորական ծառայությունից` նա նվիրվում է հոգևոր կյանքին` ձեռնադրվելով Բիթրազան քաղաքի եպիսկոպոս: Բազմիցս հալածվում է կռապաշտների կողմից, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական գործունեություն ծավալել` մինչև իսկ հասնելով Պարսից մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ էլ հրաժարվելով երկրպագել արեգակին` նահատակվում է պարսից Շապուհ (331-378) արքայի օրոք: Նրա հետ մարտիրոսական պսակ են ընդունում նաև իր երկու աշակերտները`Ս. Բուրաս քահանան և Ս. Շինու սարկավագը:
http://www.qahana.am