Գրքեր
8 Դեկտեմբեր, Բշ Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օր

Սուրբ Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը (Դ. դ.) նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք, Ալեքսանդրիայում:
Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ այդ խռովահույզ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, որից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այս մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս:
Ալեքսիանոսը (Ե. դ.) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով, գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում էր, որ ինքը «Աստծու մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությունով իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:
Հովհաննեսը ծնունդով Կ. Պոլսից է, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, իր ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում, և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Ալեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Գ. կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:


lusamut.net

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․