Գրքեր
9 Դեկտեմբեր, Գշ, Պահք Ս. Աննայի հղությունը Սուրբ Մարիամ Աստվածածնով

Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: Սուրբ Կույսի ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում և ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Բանն Աստծու մայրը: Որպես մայր նա անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է, որին որպես օրինակ պիտի ունենա ամեն մի հայ մայր, ամեն մի հայ աղջիկ, որ պատրաստվում է մայր դառնալ: Հայ եկեղեցին Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը հաստատուն կերպով նշում է դեկտեմբերի 9-ին:

 

http://www.qahana.am/

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․