Ըստ ավանդության` Ս. Աբգարն 1-ին դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի և հույն Պրոկոպիոս, Եվսեբիոս պատմիչները: Ս. Աբգար թագավորը կառուցել է Եդեսիա քաղաքն այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի գետաբերանը հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում Ս. Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքը, բոլոր կուռքերը և այլն: Այս թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին՝ Ս. Աբգարը հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապել է չարաչար ցավերով: Պատասխան թղթում ասվել է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի Իր աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ս. Ադդե մետաքսագործին: Հիսուս Ս. Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում: Այս ամենից հետո Ս. Աբգար թագավորը նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Աստվածորդի և Փրկիչ: Ս. Աբգարը մահացել է հավանաբար 1-ին դարի առաջին կեսին:
http://www.qahana.am