Գրքեր
14 Հոկտեմբեր Ս. առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օր

Ս. Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Ս. Պողոս առաքյալին: Ս. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցելուց` քարկոծվելով մահացել է: Ս. Մատաթիան այն աշակերտներից մեկն էր, ով միշտ շրջել է Հիսուսի հետ` սկսած Նրա մկրտությունից մինչև համբարձումը: Նա առաքյալ ընտրվեց Հուդա Իսկարիոտացու փոխարեն (տես Գործք. 1:21-23): Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից: Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության, առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով: Ս. Հովհաննեսը կամ Տիրոջ սիրելի առաքյալը Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Ս. Հովհաննես Մկրտչին: Սուրբ Աստվածածնի վերափոխումից հետո գալիս է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվում` աքսորվելով Պատմոս կղզին, ուր և գրում է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնություն»-ը: Նա միակ առաքյալն է, որ մահացել է իր բնական մահով: Ս. Շիղան եղել է Պողոս առաքյալի գործակիցներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոսն է: Բանտարկվել է Ս. Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ: Հայ Առաքելական եկեղեցին Ս. առաքյալներ Անանիայի, Մատթեոսի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակը տոնում է Սուրբ Խաչի հինգերորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․