Գրքեր
20 Հունվար, Գշ Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես Հայրապետին: Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ. Պոլսի Տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսրին արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար: Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են, ընդունելով քրիստոնեական հավատը: Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի եւ արթնանում միայն 389 թվականին: Թեոդոս բարեպաշտ կայսրի օրոք: Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․