Գրքեր
22 Հունվար, Եշ Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի, Սբ.Վահան Գողթնեցու, Սուրբ Վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, որի անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է ու հոգին ավանդում` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել 305 թվականին: Հայ Եկեղեցին Սբ. Կիրակոսին պատվել է հատուկ շարականով:

Սբ.Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ: Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած մեծացել էր արաբական միջավայրում, բայց Վահանը գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա եւ ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին եւ վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ եւ տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին եւ վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին, դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:

Գորդիոսը Կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների` նա գնում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձերբակալում են և ստիպում, որ կուռքերին զոհեր մատուցի: Սակայն Սուրբն անդրդվելի էր: Բազում չարչարանքներից հետո նա 320 թվականին ավանդում է հոգին: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:

Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեություն: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև` պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է` արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թվականին:

Գրիգորիսը նահատակվել է 549 թվականին Դենշապուհի հալածանքների ժամանակ: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում` վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք` իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում:

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․