Գրքեր
14 Փետրվար, Շբ Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը, Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սբ. Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները, մատուցվում բաց Պատարագ:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․