Գրքեր
14 Մայիս, Եշ, Հինանց Խ օր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ):  Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:  

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Մինչ օրս, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում պահպանվել է այս գեղեցիկ ավանդույթը: 

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․