Գրքեր
24 Մայիս, Կիր, Հոգեգալուստ Հոգեգալուստ (Պենտեկոստե)

Առաքյալների վրա Սբ. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Սբ. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սբ. Հոգին Սբ. Երրորդության երեք անձերից մեկն է, համագո եւ հավասար Հորը եւ Որդուն: Քրիստոս Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սբ. Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սբ. Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26): Սբ. Հոգու գալուստը նկարագրված է Գործք Առաքելոցում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եւ նրանց երեւացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4): Աստվածաշնչյան այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաեւ Միջագետքը, Հրեաստանը եւ Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը: Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը: Հետեւաբար` այս նշանավոր իրադարձությանն ականատես են եղել նաև հայերը: Հայ Առաքելական Եկեղեցում Հոգեգալստյան շարականներից են «Առաքելոյ աղաւնոյ» (Սբ. Հոգին աղավնու տեսքով իջել է Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ) եւ «Երրորդութիւն անբաժանելի» շարականները, որոնք երգվում են առավոտյան ժամերգության ընթացքում: Իսկ երեկոյան ժամերգությունում կատարվում է անդաստանի արարողություն և ընթերցվում 12-րդ դարի Հայ եկեղեցու հայրերից Ներսես Լամբրոնացու այս առթիվ գրված աղոթքը: Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը ևս եկեղեցական որեւէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքն սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տեւում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․