Ծուլության, ձանձրույթի և թախիծի մասին

Ձանձրույթ, թախիծ կամ տխրություն՝ դարաշրջանի վտանգավոր հիվանդություններ, որ ներքուստ ջլատում և քայքայում են մարդուն, եթե ժամանակին չկանխվի նրանց տարածումը: Եկեղեցու հայրերն իրենց խրատներում նշում են, որ մյուս կրքերի նման թախիծն ու ձանձրույթը նույնպես սարսափելի են հոգու համար:

«Ձանձրույթը հոգու թուլացում է, մտքի հոգնություն: Ձանձրույթի ժամանակ է երևում հոգևոր կյանքում առաջադիմողը, և ոչինչ այնքան պսակների չի արժանացնում, ինչպես ձանձրույթի ոգուն հաղթելը: Պատերազմենք այս տանջարարի դեմ մեր մեղքերի հիշողությամբ, նաև՝ աղոթքով և ծնրադրումներով, հալածենք աշխատանքով և ապագա երանությունների մասին մտածելով»,- խրատում է Հովհաննես Սանդուղքը:

Ամբրոսիոս Անապատականը ձանձրույթի առաջացման պատճառներից նշում է փառամոլությունը, ուժերից վեր բաներ անելը, ծուլանալը պետքականի մեջ, չափից ավելի ջանքերը և խորհուրդ է տալիս ամուր բռնել երեք բաներից. Աստծո հանդեպ ունեցած երկյուղից, խոնարհությունից և մշտապես ապաշխարությունից:

Ուստի եկեղեցու հայրերի հորդորն է՝ ոչ մի դեպքում և ոչ մի իրավիճակում մի ընկեք ձանձրույթի մեջ: Ձանձրույթը դահիճ է, որը ոչնչացնում է եռանդը և կորովը, իսկ դրանք հարկավոր են, որպեսզի մարդն իր սրտում ստանա Սուրբ Հոգին: Քանի որ ձանձրացողը կորցնում է աղոթքը և մահանում է հոգևոր սխրանքների համար:

Մտապահենք` «Բարին գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք» (Գաղատացիներ 6:9):

Ձանձրույթից թախիծ մեկ քայլ է

Կյանքի ծանր հանգամանքների դեպքում մարդու սովորական էմոցիոնալ արձագանքն է լացը, ցավը, տրտմությունը, և քչերն են, որ նման դեպքում կարող են անտարբեր լինել: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, լաց եղավ, երբ եկավ իր ընկեր Ղազարոսի գերեզմանի մոտ: Նա հոգեպես խռովվեց և հուզված ասաց, թե որտեղ թաղեցիք նրան: Նրանք ասացին, թե՝ արի և տես: Հրեաները միմյանց ասում էին. «Տեսե՛ք ինչքան էր սիրում նրան» (Հովհաննես 11:35-36): Մենք չենք կարող սառնասիրտ կամ անտարբեր լինել ծանր իրավիճակների դեպքում: Մեր հույզերը օգնում են մեզ առաջինը հաղթահարելու սթրեսը, երկրորդ՝ ուժ հավաքելու դժվարությունների դեմ պայքարելու համար:

Սբ. Նեղոս Սինայեցին, նկարագրելով այս մեղքն, ասում է. «Թախիծն առյուծի երախ է, որ կուլ է տալիս թախծողին: Թախիծը բթացնում է մտքի ինքնախոհականությունը: Կրքերից գերվածը կապվում է թախծոտությամբ»: Իսկ մեկ ուրիշ տեղում սուրբը նշում է, որ թախիծը չի տիրապետում նրանց, ովքեր հաղթել են կրքերին և նա է հաճախ ընկնում տխրության մեջ, ով սիրում է աշխարհը:

Տխրության հիմքում կարող է լինել բարկությունը, որից ծնված վեճերի արդյունքն է տխրությունը, մռայլ տրամադրությունը: Շատ հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր կարծում են, որ բոլորն իր շրջապատում մեղավոր են և պարտավոր են իրեն: Իսկ քրիստոնեական մտածելակերպ ունեցողի մոտ հակառակ պատկերն է՝ ոչ ոք ինձ պարտավոր չէ և ոչ ոք մեղավոր չէ, որ ես խնդիրներ ունեմ: Այս կերպ մտածողը հեշտությամբ է հաղթահարում հուսահատությունը, փոխվում է իր կյանքը և հարթվում են մարդկանց հետ իր փոխհարաբերությունները:  

«Կա նաև մի այլ՝ շատ վատ տեսակի տրտմություն, երբ այն մեղանչողի հոգում ներդնում է ոչ թե կյանքը փոխելու և կրքերից մաքրվելու նպատակաուղղվածություն, այլ՝ միայն կործանարար հուսահատություն: Սա էր, որ ոչ Կայենին թողեց ապաշխարել եղբայրասպանությունից հետո, ոչ էլ Հուդային թողեց մատնությունից հետո միջոց գտնել, այլ՝ հուսահատությամբ մղեց խեղդամահ լինելու» (Հովհաննես Քասսիանոս):

Տխրության մեջ երկար մնացողին շատ քիչ ճանապարհ է մնում հասնելու դեպրեսիային՝ հոգու հիվանդությանը: Այս դեպքում տխրությունը դառնում է կախվածություն, մարդը սկսում է նրան ծառայել: Նման դեպքում մարդն ի վիճակի չէ համապատասխան կերպով գնահատել կյանքը, մարդկանց և ինքն իրեն: Այդ հոգեվիճակում մարդն ոչ միայն չի կարողանում աղոթել, այլ ի վիճակի չէ ոչինչ անելու: Տխրությամբ տառապող մարդը հետևյալ մտքերն է ունենում՝ ամեն ինչ վատ է և անիմաստ, ոչ մի լավ բան չկա իմ կյանքում:  Տխրությունն ու հուսահատությունը թուլացնում են մարդու կամքը, իսկ այն կոփելը դա հենց տվյալ մարդու անելիքն է, քանի որ ըստ եկեղեցու հայրերի՝ Աստված չի փրկում մեզ առանց մեզ:

Հետևյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպրեսիան կախված չէ կյանքի հանգամանքներից, այլ ունի ներքին պատճառ: Ամենամեծ աստիճանը դեպրեսիայի և ինքնասպանության ոչ թե աղքատ երկրներում է գրանցվել, այլ առավել զարգացած և հարուստ երկրներում, որտեղ շատ բարձր է կյանքի մակարդակը: Աշխարհի մեծահարուստ մարդկանց յուարաքանչյուր հինգերորդը տառապում է դեպրեսիայով: Եվ ինչն է հետաքրքիր, որ ամենաղքատ երկրներում համարյա թե չի լինում ինքնասպանություն:

Ինչո՞ւ է տխրությունն ու անհանգստությունն այդ աստիճան տարածված ժամանակակից աշխարհում: Այս ամենի քննությունը տանում է նրան, որ երբ նվազում է մարդու հավատը, ապա հնարավոր է նա հայտնվի վերոհիշյալ մեղքերի սարդոստայնում: Անհավատ մարդու կյանքում վաղ թե ուշ այցելում է տխրությունը, քանի որ իրական հույսը նրա կյանքում բացակայում է: Երբ մարդու մոտ բացակայում է իրական հավատը Աստծո հանդեպ և չկա այն գիտակցումը, որ Աստված հոգ է տանում և պահպանում է իրեն՝ «Ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի:  Եվ ձեր համբերութեամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկաս 21:18), ապա նրա սրտում առաջ է գալիս անհանգստություն, մտավախություններ, ինչն էլ անվստահության մթնոլորտ է ստեղծում: Հավատավոր մարդը վստահ է, որ Աստված երբեք չի թողնի իրեն, որ նա մենակ չէ իր դժվարությունների մեջ:

Տխրությունը, դեպրեսիան բուժվում են Աստծո հանդեպ երախտագիտության, հավատի, վստահության դեպքում, ինչպես նաև բարեգործությամբ: Առանց Աստծո հանդեպ հավատի անհնար է հաղթահարել այս մեղքը:

Ե՞րբ է տրտմությունն օգտակար

Ըստ եկեղեցու հայրերի՝ տրտմությունը կարող է օգտակար լինել միայն այն ժամանակ, երբ այն լինում է մեղքերի զղջման համար, կամ կատարելության հասնելու ջերմ ձգտման դեպքում, կամ գալիք երանությունների ցանկության: Այդ մասին երանելի Պողոսն ասում է. «Որովհետև տրտմությունը, ըստ Աստծո ուզածի՝ ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում, իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթացիներ 7:10), սրանցից բացի մյուս բոլոր տեսակի տրտմությունները, ինչպես աշխարհի համար եղողը, որ մահ է ծնում, պետք է արմատախիլ անել և մի կողմ նետել, ինչպես՝ շնությունը, արծաթսիրությունը և բարկությունը:

Այս մասին Սբ. Նեղոս Սինայեցին հետևյալ օրինակն է բերում՝ ինչպես հալեցնող վառարանը մաքրում է անմաքուր արծաթը, այնպես էլ Աստծո հանդեպ ունեցած տխրությունը մաքրում է սիրտն ամեն տեսակ պղծությունից, նորոգում է հոգին, նրանում բնակեցնում մոտալուտ մահվան և դատաստանի վերաբերյալ հոգալու պատրաստությունը, և կամաց-կամաց սովորեցնում է սպասել այդ օրվան:

Իսկ Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ չկա ավելի քաղցր բան, քան Աստծո հանդեպ ունեցած տխրությունը:

Այսպիսով, զերծ մնանք այն  տխրությունից, որ վնասում է մարմնին և հոգուն, հաղթահարենք այն՝ հուսալով առ Աստված, մեր դժվարություններն ու անհանգստությունները հանձնելով Նրան.  «Հոգսդ դի՛ր Տիրոջ վրա, ու նա քեզ կկերակրի և չի թողնի, որ արդարը հավիտյան սասանվի» (Սաղմոս 54:23):   

 

Կարինե Սուգիկյան

Հայրերի վարքից
1. Մի ճգնավոր ձանձրացավ ջրի գնալու դժվարությունից: Ջրհորը քսան մղոն հեռու էր իր կացարանից, և որոշեց կացարանը շինել ջրի մոտ: Եվ երբ այդ մտածելով գնում էր, ետ նայելով տեսավ .....
Ծուլության, ձանձրույթի և թախիծի մասին
1. Ոչ մի րոպեն ծուլությանը մի՛ զոհիր (Անտոն Անապատական): 2. Սիրի՛ր աշխատանքը, մարմնավոր աշխատանքը սրտին մաքրություն է տալիս (Անտոն Անապատական): 3. Այստեղ հանգիստ չփնտրեք, .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․