23 տարի փոքրիկների կողքին

Հոկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում Արարատյան Հայրապետական թեմի ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի շահառուները հանդիպեցին գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Արդեն 23 տարի է, որ ամեն աշուն Գերմանիայի փոքրիկ քաղաքում՝ Նյոենհաուսում ապրող բարերարները գալիս են Հայաստան և իրենց օգնությունն են բերում հայ ծնողազուրկ փոքրիկներին: Միջոցառումը սկսվեց աղոթքով, որից հետո Տեր Եսայի քահանա Արթենյանը շնորհակալական խոսք ուղղեց բարերարներին և նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Մինչ նվերների և դրամական օգնության բաշխումը՝ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ պարոն Անդրեաս Գրիսը ներկաներին պատմեց կազմակերպության հիմնադիր Գյունթեր Բրինգմանի մասին` ներկայացնելով, թե ինչպես են հավաքվում այդ գումարները: «1992 թվականին մի հոլանդուհի, ով եղել էր Երևանում, պատմել էր Բրինգմանին մի հիվանդանոցի մասին, որում նունիսկ ջերմաչափ չկար: Չկար ո՛չ դեղորայք, ո՛չ սարքավորումներ: Այդ ժամանակ պարոն Բրինգմանը, ով բժիշկ էր և միաժամանակ Նյոհենհաուսի եկեղեցու երգչախմբի ղեկավարը, որոշում է բարեգործական համերգների միջոցով գումար հավաքել և ուղարկել Հայաստան՝ այդ հիվանդանոցին: Այն ժամանակ նրան «խենթ» համարեցին: Իսկ այժմ ունենք այն, ինչ դուք տեսնում եք»,- ասաց պարոն Անդրեաս Գրիսը: Միջոցառման վերջում ծնողազուրկ ընտանիքների անդամները ստացան բարերարների կողմից տրամադրված օգնությունը:

 

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

09.10.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․