Ա Պետրոս 1.11

11. Որք վասն որոյ ի ձեզ լինելոց էին շնորհքն՝ մարգարէանային, ասէ. Քննէին յորում և յորպիսի ժամանակի գուշակէր ի նոսա Հոգին Քրիստոսի:

Որոնք մարգարեանում էին այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ: Քննում էին, թե որ և ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին:

Թեև ասում է, թե առակներով էին մարգարեների խոսքերը և օրինակով էին խոսում, այլև մարգարեանում էին այն շնորհների մասին, որ ձեր մեջ լինելու էին Քրիստոսի միջոցով: Քանզի, որքան էլ ի դեմս ժողովրդի պատգամներ էին խոսում նրանց Բաբելոնում գերության մեջ գտնվելու մասին և Բաբելոնից ազատության, սակայն այդ ամենն այլ բան էր նշանակում, ինչպես որ Պողոսն է ասում. «Եվ այս բոլորն իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրվեց մեզ համար» (Ա Կորնթ. 10:11)` խորհրդանշելով մեր գերությունը բռնավորի կողմից՝ մեղքի չար խառնակությամբ, և նորից՝ մեր ազատությունը հաստատվեց ոչ թե Զորաբաբելի միջոցով, այլ՝ Քրիստոսի, և ոչ էլ մեր երկրավոր քաղաքի և տաճարի շինությունը, կրոնի ու հայրենիքի վերստին նորոգումը նրանց նման եղավ, այլ պետք է հասկանալ, որ մեր գավառն ու քաղաքը ողջերի երկիրն է, որի վրա մահ զորություն չունի, և ազատների քաղաքը վերին Երուսաղեմն է, որը ոչ թե զինվորների ոտքի կոխան է դառնում, այլ փառավորվում է հրեշտակների միջոցով: Իսկ կրոնի նորոգումը Նոր կտակարանն է, որ տվեց մեզ Հիսուսը, ոչ ըստ Հին կտակարանի, որով ուխտ կնքեց նրանց հայրերի հետ, երբ ձեռնամուխ եղավ նրանց հանելու Եգիպտոսից, այլ նոր ուխտ և նոր կրոն տվեց մեզ, երբ եկավ ազատելու մեզ սխալական մարմնից և կենդանացնելու մեղքերի տիղմից: Մարգարեներն այսպիսի շնորհների տվչություն էին փնտրում և քննում:

Ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին: Այս ասելով ցույց է տալիս, որ մարգարեները մասնակի և ժամանակավոր էին համարում Հոգու շնորհները և ոչ թե կատարյալ: Քանի որ, ինչպես Հովհաննեսն է ասում. «Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7:39), հետևաբար, երբ փչում էր նրանց վրա, ապա սկսում էին պատգամներ խոսել ու մարգարեանալ, իսկ երբ լքում էր նրանց՝ այդպիսի ճշմարտությամբ չէին խոսում: Նույնը չէր առաքյալների պարագայում, քանզի սրանց մեջ ասում է էությամբ և աստվածությամբ բնակվեց՝ ըստ Տիրոջ նոր խոստման, թե՝ «Ձեզ մոտ պիտի բնակվի և ձեր մեջ պիտի լինի» (Հովհ. 14:17) հավիտյան, այսինքն՝ ոչ թե ժամանակավոր, այլ՝ հավիտենական՝ նրանց մեջ մնալով և նրանցում հանդես գալով: Այս ամենից բացի, կարծում եմ, մեզ այլ բան է ուզում մատուցել. ինչպիսի ժամանակի ասելով նկատի ունի նախքան Քրիստոսի գալուստը, քանզի տրտմալի գիշեր էր և հոգու խիստ խավար ու աղջամուղջ՝ զանազան մեղքերի, կռամոլության և դիվապաշտության պատճառով և բոլոր մարդիկ գիշերային պատերազմով տատանվում էին և չէին կարողանում որոշել, թե որն է թշնամին և որը՝ բարեկամը, քանզի դեռևս չէր ծագել արդարության Արեգակը և վեմն էլ սուրբ լեռան վրա չէր ցոլացել՝ կործանելու սնոտի պատկերները և վանելու խավարային մեղքերը: Հետևաբար, ասում է. այդպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին:

Քրիստոսի Հոգին ասելով նկատի ունի այն, ինչ Պողոսն ասաց. «Քրիստոսի մտածում» (Ա Կորնթ. 2:16), և նորից՝ «Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում» (Հռոմ. 8:9): Այսպես ասելով խոստովանում և ցույց է տալիս միակամությունը, նույն էությունը, բնությունն ու աստվածությունը, քանզի Քրիստոսի Հոգին ասելով չի ասում Քրիստոսից ինչպես պատճառից, որովհետև պատճառը միայն Հայրն է ինչպես Որդու, այդպես էլ Հոգու, մեկին՝ ծծնդյամբ, մյուսին՝ բխմամբ, ըստ Տիրոջ անսուտ ձայնի, որ ասում է. «Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից» (Հովհ. 15:26), իսկ իր՝ Հոգու հետ համակամությունը և հավասարությունը հայտնապես խոստովանում է, երբեմն իր իշխանությունն առաջ դնելով և ասելով. «Ինչ որ առնում է ինձանից, կհայտնի ձեզ» (Հովհ. 16:14), և նորից՝ «Եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16:7): Ապա, որպեսզի սրանից ոչ ոք չենթադրի, թե Հոգին Որդուց ցածր է, նրա իշխանությունն ակնհայտորեն ցույց է տալիս՝ ասելով. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, որ այժմ չեք կարող տանել: Երբ որ գա նա՝ ճշմարտության Հոգին, ձեզ ամեն ինչ կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 16:12-13, 14:26) և նորից՝ «Եվ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի հարցում» (Հովհ. 16:8): Արդ, այս օրինակով Քրիստոսի Հոգին ասել և խոստովանել հարմար է և տեղին, իսկ այլ կերպ՝ ոչ: Սակայն Հոգու վրա սա չի անդրադառնում, ինչպես որ Որդի Հոգուն ասելը կամ Հոգի՝ Որդուն և սա կամ իրերի կարգի պատճառով, որ մեզ համար անիմանալի է և անճառելի, կամ Հոգին Որդու հանդեպ այլ կարգավիճակ ունենալու պատճառով, ինչպես որ աստվածընկալներին էր ծանոթ և ովքեր իրենց մտքերում Քրիստոսին ունեին, որով էլ այսպես են խոստովանում և սրանցից առավել, սակայն լռությամբ անճառելի և անքննելի են ցույց տալիս:

Որ նախ զչարչարանացն Քրիստոսի վկայէր և յետ այնորիկ՝ զփառացն:

Որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին:

Մարգարեների մասին ասաց, թե Աստծու Հոգով խոսեցին պատգամները, ոչ թե ըստ իրենց ցանկության, այլ Հոգու միջոցով կանխագուշակելով և որ նրանք վկայություն գրեցին Քրիստոսի մարդանալու և նրա անպարտ չարչարանքների մասին, Հոգին էր, որ թելադրում էր նրանց շրթունքներով: Քանզի ինչպես Պողոսն էր Քրիստոսով խոսում, նույնպես նաև նրանք՝ Հոգով: Դավիթն իսկապես խոստովանում է սա՝ ասելով. «Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի, որով իմ գործերը պատմում եմ թագավորին» (Սղմ. 44:2): Իսկ Հոգուն վերագրելով չարչարանքների վկայությունը՝ կատարելապես մեծացնում է դրանց նշանակությունը և չարչարանքները պատկառելի ու պաշտելի ցույց տալիս, բայց ոչ թե միայն չարչարանքների մասին է վկայում, այլ մանրամասն չարչարանքների օրինակն է բերում. գանահարությունը, բռնելը, կապելը, ատյան տանելը, թքելը, ապտակը, գավազանը, փշե պսակը, թագավորական ծիրանին, լեղի տալը, քացախ խմեցնելը, ձեռքերն ու ոտքերը խաչելը, գեղարդով կողի խոցումը, զգեստները բաժանելը, խաչափայտի վրայից խոսելը և այդ ահավոր օրը կատարված հրաշագործությունները, կերպարանափոխությունը, և նմանատիպ այլ բաներ: Եթե մեկը ստուգապես մտաբերի մարգարեների խոսքերը, կգտնի սրանք, ինչպես նաև բազմաթիվ ու զանազան այլ վկայություններ:

Ապա ճշմարիտ է ասում. որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին: Հետևաբար Որդու չարչարանքը Հոգու կամքով էր, և եթե Հոգու կամքով էր, ապա նաև՝ Հոր: Ուստի և Հոր կամքով և Հոգու հաճությամբ մարմին առավ, որով և չարչարվեց, և քանի որ իրենն էր մարմինը, իրենն էր նաև չարչարանքը: Եվ Հոգին վկայում էր, որովհետև աստվածությանն էր չարչարանքը, ոչ թե ըստ բնության կրելով, այլ համարելով՝ հաստատելու համար, որ ոչ թե լոկ մարդը չարչարվեց և խաչվեց մարդկության համար, և ոչ էլ միայն աստվածությունը, այլ Աստված վերցնելով՝ կրեց չարչարանքները և անչարչարելի մնաց, քանզի Աստծով է մեր փրկությունը, այլ ոչ թե լոկ մարդուն հուսալով: Եվ այս էր վկայում Հոգին՝ մարդկանց վրա ծանրացնելով Որդու գործը և ցույց տալով, թե ինչպես փրկվեցին: Այդ պատճառով էլ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին: Այսինքն՝ գերեզմանից փառավոր հարությունը և աստվածանման համբարձումը, Հոր աջ կողմում նստելը և հաջորդ՝ ահավոր գալուստը՝ դատելու համար, այս ամենը փառքի ցուցիչներ են և մարդկանց համար արժանահավատ, որ եթե չարչարվեց անարգորեն աստվածային բնությունից դուրս, ապա փառավորվեց հարությամբ՝ ըստ աստվածային բնության: Այս ասելով մեզ խրատում է հետևել Հիսուսին. նախ հանձն առնել չարչարանքներ և ճգնությամբ զանազան առաքինություններ, սպանել մարմնի երկրավոր անդամներն ու ոչնչացնել ախտերի բազմությունը և ապա հույս ունենալ փառավոր հարության, երկինք մտնելու և Քրիստոսի աջ կողմում դասվելու: 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

04.06.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․