23 Դեկտեմբեր, Բշ
8․ Նա՛խ քան զամենայն սէր սե՛րտ ունել ընդ միմեանս. զի սէր՝ ծածկէ՛ զբազմութիւն մեղաց։
Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ, որովհետև «սերը ծածկում է մեղքերի շատությունը»։
Եվ քանի որ Աստծու պատվիրաններից մեծագույնը սիրո պատվիրանն է, առաքյալն այնուհետև նկարագրում է այդ առաջին պատվիրանի բնույթը. «Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ»:
Աստծու բոլոր պատվիրաններն էլ ապրեցնող են, ուստի մենք պարտավոր ենք դրանք անհրաժեշտաբար կատարել: Սակայն այդ բոլոր պատվիրաններից առաջ սիրո պատվիրանն է, որ բոլոր պատվիրանների մայրն ու ծնողն է բազմաթիվ և ծանրակշիռ պատճառներով:
Նախ և առաջ՝ Աստծուն սիրո միջոցով ենք բնակեցնում մեր մեջ, և ապա՝ Նրան սիրելով սիրում ենք մեր ընկերոջն այնպես, ինչպես արժան է սիրել: Դարձյալ. այդպիսով հավուր պատշաճի կատարում ենք Տիրոջ պատվիրանը: «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ,- ասում է Քրիստոս,- որ սիրեք միմյանց»: Եվ կրկին՝ «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք», քանի որ ընկերոջը սիրել նշանակում է սիրել Աստծուն:
Եվ հենց այս երկու պատվիրանների մեջ են բովանդակվում Օրենքն ու մարգարեները՝ ըստ Տիրոջ խոսքի: Սա է պատճառը, որ Պողոսը ևս բազմօրինակաբար մեզ է ավանդում սիրո այս պատվիրանը. «Եղբայրասիրության մասին կարիք չկա ձեզ որևէ բան գրելու,- ասում է առաքյալը,- քանի որ ինքնին աստվածուսույց եք և գիտեք սիրել միմյանց»:
Իսկ ահա Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը ոչ միայն հրամայում է սիրել, այլև սիրո հույժ պատկառեցուցիչ օրինակ է բերում՝ ասելով. «Սիրելինե՛ր, սիրեցե՛ք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և յուրաքանչյուր ոք, ով սիրում է, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ»:
Այնուհետև Հովհաննեսը սպառնալիքով է հանդես գալիս և դիմում է նրանց, ովքեր թերանում են սիրո մեջ. «Եթե մեկն ասի, որ սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, սուտ է խոսում»: Դարձյալ. «Մարդասպան է նա, ով ատում է իր եղբորը»,- ասում է նույն առաքյալը:
Տեսնո՞ւմ ես, թե սերն ինչպիսի մեծ օգուտ է մեզ համար և թե ուր է տանում-հասցնում մեզ: Եվ տեսնո՞ւմ ես ատելության վնասը, թե ինչպիսի՜ անելանելի խորխորատն է գցում նրանց, ովքեր խաբվում են իրենով: Սրա համար է, որ Պետրոս առաքյալը ևս սույն միտքն է հաղորդում մեզ՝ ասելով. «Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ»:
Աստծու բոլոր պատվիրաններից առաջ, որոնք ավանդեցին մարգարեները, հարկ է միմյանց հանդեպ ջերմ սեր ունենալ: Քանի որ շատերը կան, որոնք «մակերեսորեն», մարդկանց ակնառու, երեսպաշտորեն կամ կեղծավորաբար են սիրում: Այդ երևույթին հաճախ ենք ականատես լինում, «սակայն ես այդպիսի սեր չեմ կամենում,- ասում է երանելին,- այլ ջերմորեն, ամբողջ հոգով սիրել եմ «պահանջում», այնպիսի՛ սեր, որ մարդ հանուն ընկերոջ նկատմամբ սիրո մինչև իսկ սեփական անձը զոհաբերի»:
Չէ՞ որ նաև Տերը մեզ պատվիրեց սիրել ընկերոջը սեփական անձի պես, հոգալ նրա կարիքներն ու ամեն բան ծառայեցնել ընկերոջ բարիքին: Ուրախության ժամանակ ուրախակից, իսկ վշտի մեջ եղած ժամանակ վշտակից լինել նրան, քանի որ դա՛ է ջերմ, կատարյալ ու աստվածային սերը:
Ապա նաև սիրո «օգուտն» է ցույց տալիս առաքյալը, որպեսզի այդպիսով մեզ հորդորի, վարձատրության սպասումն ունենալով, կատարելու այդ պատվիրանը:
«Որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը»։
Խիստ մեծարգի և պատվական է սիրո «հատուցումը», որը երանելին մեր դատին է հանձնում: Իբրև վարձատրություն առաքյալը չի «խոստանում» երկրավոր որևէ բան, որը մարդկային աչքերի համար ցանկալի կթվար, այլ մեր առջև է դնում մարդկային բնության համար ամենաօգտակարն ու անհրաժեշտը՝ մեղքերի թողությունը, որը պարգևվում է սիրո «փոխարեն», ինչպես նաև՝ ազատագրումը չարի ծառայությունից:
Սակայն առաքյալը մեկ այլ ուշագրավ, զարմանքի արժանի հանգամանք է մատնանշում, քանի որ չի ասում. «Սերը մեղքերի թողություն է պարգևում», այլ ասում է. «Սերը ծածկում է մեղքերի շատությունը»: Նրանք, ովքեր մեղք են գործում՝ անհնազանդ լինելով Աստծու պատվիրաններին, նախնի Ադամի կերպարանքն են հագնում, մերկանում են լուսատեսակ պատմուճանից, խայտառակվում, մերձավորների կատակի առարկան են դառնում և ծաղրվում են տեսնողներից: Արդարև գոյություն չունի այնպիսի գարշելի բան, քան մեղքի պատճառով լուսատեսակ փառքից մերկացած մարդը:
Քանի որ եթե մեկը, հանդերձներից մերկանալով, սաստիկ ամոթի պատճառով չի ցանկանում մերկ մարմնով երևալ բազմության աչքին, և դեռ պարկեշտ մարդկանցից շատերն անգամ իրենք իրենց մերկությունից են ամաչում, ապա որքա՜ն առավել մեղքի պատճառով առաքինության զգեստներից մերկացած խեղկատակը ամոթի կարժանանա՝ դևերի ծաղրուծանակի, ականատեսների կատակաբանության և այպանումի, սիրելիների ողբի ու արտասուքների, թշնամիների և ատելիների ոտնահարության առարկան դառնալով:
Արդ, սերը մեղքերի պատճառով այսքան ծաղրված մեկին այն լուսազգեստ պատմուճանն է հագցնում և ծածկում է նրա մերկությունը, արդարացնում ու փառավորում է Աստծու առջև:
Իսկ «բազմություն» բառն էլ պես-պես մեղքերի մասին է խոսում: Այսինքն՝ ոչ թե որոշ մեղքերի «մերկությունն» է ծածկում, իսկ մյուս մեղքերինը՝ ոչ, այլ բոլոր մեղքերն էլ վերացնում է՝ հոգում կերպավորելով Աստծու նմանությունը, Ով Ադամի և նրա կնոջ համար կաշվե հանդերձներ ստեղծեց ու հագցրեց նրանց՝ նախաստեղծների ամոթալի մերկությունը ծածկելով:
Ահա թե ինչու է առաքյալն ասում. «Որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը»: Ինձ թվում է, որ այս նույն միտքն էր արծարծում նաև Դավիթ մարգարեն, երբ իր երեսունմեկերորդ սաղմոսում երգում էր. «Երանի՜ նրանց, ում մեղքերին թողություն տրվեց, և նրանց, ում անօրինությունները ծածկվեցին, և երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում»:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը