Աղոթքի առանձնություն

 Աղոթքի առանձնություն |Aghotqi Arandznutyun

 «Եվ առավոտյան մոտ, լույսը բացվելուց առաջ, վեր կացավ և ելավ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղոթում էր: Նրա հետևից Նրան փնտրելու գնաց Սիմոնը և նրանք, որ նրա հետ էին»  (Մարկ. 1.35-36):

 

Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, սիրում էր գնալ անապատ վայրեր` այնտեղ աղոթելու, որովհետև սիրում էր առանձնությունը, միայնությունը: Մեր Տերը կարիք չուներ առանձնանալու, միայնանալու և աղոթելու, որովհետև Իր մեջ ամբողջ Երկնքի Արքայությունն էր բնակվում, Իր մեջ ամբողջ Երկինքն էր իր զարդերով, հրեշտակաց դասերով, բայց սիրում էր առանձնանալ և աղոթել, որպեսզի մեզ օրինակ տա, որ մենք էլ սիրենք առանձնանալ և աղոթել, որովհետև Ավետարանում մեկ ուրիշ տեղ Քրիստոս ասում է. <<Այլ դու երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները և ծածուկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես>> (Մատթ. 6.6): Քրիստոս մեզ հորդորում է, որպեսզի աղոթքի անկյուն, աղոթքի սենյակ ունենանք մեր տանը, մեր օջախում, որը կարծես հեռացած կլինի կենցաղային հոգսերից, զբաղմունքներից, վեճերից, անիմաստ խոսակցություններից: Եվ մենք մեր սրտով, մեր հոգով սիրենք այդ աղոթքի անկյունը և այդտեղ գնալով մեր հարազատ ապրումները, ամենաքաղցր, բարի զգացումները ունենանք, որ Երկնքի Արքայությունը պետք է արթնացնի մեր սրտի մեջ: Բայց մեր Տերը նաև ասում է, որ մենք մեր հոգու խորքում պետք է աղոթքի անկյուն ունենանք, ոչ միայն մեր տանը, մեր բնակավայրում, այլ նաև մեր հոգու տանը, մեր հոգու բնակավայրում. ամենախորունկ, ամենանվիրական մի անկյուն, որը մենք փայփայենք, պահենք և այդտեղ ծնվեն ամենաբարի զգացումները` սերը, խաղաղությունը, երջանկությունը: Դա է մեր հոգու անկյունը և աղոթքի վայրը, որը Ս. Գրիգոր Նարեկացին կոչում է  <<սրտի խորք>> (<<ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ>>):

Այո՛, Աստված մեզնից ուզում է, որ մեր սրտի խորքերից խոսենք Տիրոջ հետ, որովհետև մեր սրտի երեսը երբեք մաքուր չի լինում. մեր սիրտը, մեր միտքն ու հոգին պղտորված են լինում աշխարհի հոգսերով, մեղքերով և ցանկություններով: Եվ Աստված չի ուզում, որ մեր պղտորված միտքը, մեր ցրված զգացմունքները, մեր աղտոտված ապրումները նվիրենք Իրեն: Ուզում է, որ մեր սրտի խորքի, հոգու ամենախորունկ վայրի մաքուր մնացած նվիրական, անկեղծ զգացումը, ապրումը և սերը նվիրենք Աստծուն, որն  Ինքն է դրել մեր մեջ: Այս էր ասում Քրիստոս. Նա սիրում էր գնալ անապատ վայրեր և աղոթել, որպեսզի մենք էլ դուրս գանք այս աշխարհի թոհուբոհից, ալեկոծությունից, մտնենք մեր հոգու անապատը, մեր աղոթքի անկյունը և այնտեղ աղոթենք: Եվ ինչ որ ծածուկ է, Աստված կփոխհատուցի մեզ հայտնապես:

<<Եվ երբ գտան Նրան, ասացին. <<Ամենքը փնտրում են Քեզ>>: Եվ նրանց ասաց. <<Եկեք գնանք այլ մոտակա գյուղաքաղաքներ ևս, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել>>>> (Մարկ. 1.37-38):

Իրապես, մենք փնտրում ենք Քրիստոսին ամենուրեք` մեր մտքում, մեր հոգում, այս աշխարհում, բայց Քրիստոս ամենուրեք է: Եվ այն ժամանակ, երբ դժվարությունների, նեղությունների, մեղքի և ցանկության մեջ խորտակվում ենք, մեզ թվում է, թե Քրիստոս հեռացել է մեզանից: Ո՛չ, Քրիստոս ամենուրեք է և ընդմիշտ է մեզ հետ: Մենք ենք, որ Տիրոջ հետ չենք, մենք ենք, որ հեռանում ենք Քրիստոսից. բայց Քրիստոս ասում է. <<Եկեք գնանք այլ մոտակա գյուղաքաղաքներ ևս, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ>>: Ամեն տեղ են փնտրում Տիրոջը և ամենուրեք, ամեն ժամ, ամեն ակնթարթ պետք է փնտրել Տիրոջը և երբեք երես չդարձնել Քրիստոսից, որովհետև Քրիստոս միշտ մեզ հետ է: Եթե մենք Տիրոջից երես ենք դարձնում, ապա դառնում ենք դեպի մեղքը, դեպի չարը: Մե՞ղք ենք գործել, ամաչու՞մ ենք մեր կատարած անօրինությունների համար, զղջումով դառնանք Տիրոջը, արտասուքներով դիմենք Քրիստոսին, ներողություն խնդրենք: Չհետաձգենք մեր ապաշխարությունը, չասենք` <<չեմ կարող, հիմա նեղված եմ, հիմա տրամադրված չեմ զղջալու, ապաշխարելու>>: Ո՛չ, շուտ պետք է զղջալ: <<Թե բարկանաք էլ,  մեղք մի գործեք. արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի>> (Եփես. 4.26), այսինքն` երբեք մի թողեք, որ հնանա մեղքը. որքան թարմ է չարիքը, այնքան արագ կարող ենք ապաշխարել, զղջալ և դարձի գալ: Եվ Քրիստոս ամենուրեք մեզ պետք է փնտրի և մեզ պետք է գտնի, ինչպես այսօր Քրիստոս փնտրում էր և ու՞մ գտավ. <<Եվ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում և դևեր էր հանում: Նրա մոտ եկավ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր և ասում. <<Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել>> >> (Մարկ. 1.39-40): Քրիստոս բազմաթիվ բարիքներ գործեց, Իր ամբողջ ընթացքը Լույսի ընթացք էր. դևերին էր հանում, կույրերին էր տեսնել տալիս, կաղերին էր բժշկում, բայց Ավետարանը հիշատակում է այս բորոտ մարդուն, որովհետև նշանավոր խոսքեր է արտասանում, որ արժե մենք էլ դաս քաղենք. <<Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել>>: Բորոտը կարծես խոստովանում է և գիտե, որ Տերը ինչ էլ որ կամենա, կարող է անել, որովհետև երկնքի ու երկրի Արարիչն է, բայց մնում է կամենա, ուզենա անել: Մեր խնդրանքն էլ սա պետք է լինի. <<Մեր Տեր Հիսուս Քրիստոս, Դու կարող ես, ինչպես բորոտին սրբեցիր մարմնի ախտից, այնպես էլ մեր հոգին սրբել ամեն տեսակի մեղքից, միայն կամենաս>>: Եվ ինչպես Ս. Գրիգոր Նարեկացին է ասում. <<Եթե աստվածային կամեցողությունն ու կարողությունը միավորվեն, ապա աշխարհի վրա որևէ անհնարին բան չի լինի>>: Մեր անդադար պաղատանքը, աղաչանքն ու խնդրանքը պետք է լինի Երկնավոր Հոր բարի կամեցողությունը Իր ծառաների հանդեպ: Մեր մեղքերի պատճառով Աստված Իր բարի կամեցողությունը հեռացնում է մեզանից, և մենք ավելի ենք խարխափում խավարի մեջ, բայց երբ շրջվենք դեպի Տերն ամբողջ հոգով, ամբողջ մտքով և սրտով և այս բորոտի նման ասենք. <<Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել>>, անմիջապես Տիրոջ կամեցողության բարի աղբյուրները կբացվեն և աստվածային շնորհները կհորդեն մեզ վրա. Աստված բարին է կամենում և կարող է բարին իրագործել, և մենք կմաքրվենք մեղքերից: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան                

         

13.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․