23 Նոյեմբեր, Շբ
Բժիշկ Մարկը ուռուցքաբանության ոլորտի հայտնի մասնագետ էր: Մի անգամ նա պատրաստվում էր մեկ այլ քաղաք մեկնել՝ շատ կարևոր մի կոնֆերանսի մասնակցելու, որտեղ պետք է նրան մրցանակ հանձնեին իր հետազոտությունների համար: Սակայն, թռիչքից մեկ ժամ անց նրանց օդանավը հարկադիր վայրէջք կատարեց մոտակա օդանավակայաններից մեկում, քանի որ ինչ-որ տեխնիկական խնդիր էր առաջացել: Բժիշկը վախենում էր, որ չի հասցնի ժամանակին տեղ հասնել, ուստի մեքենա վարձեց և շարունակեց ճանապարհը: Սակայն, այս անգամ էլ եղանակը փչացավ, ուժեղ փոթորիկ սկսվեց, և սաստիկ անձրևի պատճառով բժիշկը կորցրեց ճանապարհն ու մոլորվեց: Երկար ու ապարդյուն վարելուց հետո, երբ արդեն սարսափելի հոգնել էր ու քաղցել, մի փոքր հին տուն տեսավ ճանապարհին: Նա ծեծեց դուռն ու խնդրեց թույլ տալ օգտվել նրանց հեռախոսից: Դուռը բացած կինը պատասխանեց, որ իրենք հեռախոս չունեն, բայց նա կարող է ներս գալ ու այնտեղ սպասել մինչև եղանակը կարգավորվի: Նա տաք թեյ ու ուտելիք հյուրասիրեց հյուրին և առաջարկեց միանալ իր աղոթքին: Բժիշկը ժպտալով հրաժարվեց՝ ասելով, որ ինքը միայն աշխատասիրությանն է հավատում: Իր թեյը խմելով, մոմի աղոտ լույսի ներքո բժիշկը հետևում էր, թե կինն ինչպես է աղոթում մանկան մահճակալի մոտ: Նա հասկացավ, որ կինն օգնության կարիք ունի և սպասելով, որ աղոթքն ավարտի, հարցրեց, թե հատկապես ինչ է ուզում Աստծուց և արդյոք մտածում է, որ Աստված երբևէ կլսի նրա աղոթքները: Կինը տխուր ժպտաց և ասաց, որ իր փոքրիկ որդին քաղցկեղի հազվադեպ հանդիպող մի տեսակով է տառապում և միայն մեկ բժիշկ՝ Մարկ անունով, կարող է բուժել նրան, սակայն ինքն այդքան գումար չունի անվանի բժշկին դիմելու համար և բացի այդ, նա ուրիշ քաղաքում է ապրում: Հավելեց նաև, որ Աստված դեռ չի պատասխանել իր աղոթքին, բայց ինքը վստահ է, որ Նա անպայման կօգնի և ոչինչ չի կարող կոտրել իր հավատը: Ապշած ու խոսելու կարողությունը կորցրած բժիշկը չկարողացավ արցունքները պահել: Նա շշնջաց, որ հիրավի մեծ է Աստված և հիշեց այն ամենն, ինչ այդ օրը տեղի էր ունեցել իր հետ: Եվ Աստված ոչ թե ուղղակի պատասխանել էր կնոջ աղոթքներին, այլ իրեն՝ բժշկին հնարավորություն էր տվել դուրս գալ նյութական աշխարհից և օգնել կարիքավոր մարդկանց, որոնք ոչինչ չունեն աղոթքից բացի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի