23 Դեկտեմբեր, Բշ
Ամեն տարի՝ ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Ավետումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը: Ավետման տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այդ օրը բոլոր եկեղեցիներում Սբ. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Եկեղեցական անշարժ այս տոնն էլ հիմք ունենալով՝ պետության կողմից հաստատվել է մայրության և գեղեցկության տոնը:
Տոնական այս օրը «Դալան» ցուցասրահում նկարչական յուրահատուկ մի ցուցահանդես էր կազմակերպվել, որ կրում էր «Մանուկները մայրիկներին» խորագիրը: Ժամանակակից արվեստում ստեղծագործող նկարիչների երեխաները և թոռնիկներն իրենց նկարներով անակնկալ էին պատրաստել տատիկներին ու մայրիկներին:
Իսկ մինչ անակնկալը, նկարչական ցուցահանդեսի բացմանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, հանդես եկավ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը: Նրանք կատարեցին «Զարթիք փառք իմ», «Բազում են քո գթութիւնքդ» շարականները, «Սբ. Ծննդյան ավետիս» շարականի երկու մշակումներ, նաև կոմիտասյան մշակմամբ «Մեր դռանը խնկի ծառ», «Սոնա յար», «Ալագյազ» և «Զար զընգը» ժողովրդական երգերը: Նախքան ելույթը, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանը ներկայացրեց երգչախմբի գործունեությունը՝ անդրադառնալով նաև հոգևոր ու ժողովրդական երգի դերին և նշանակությանը երեխաների դաստիարակության հարցում:
«Զորավոր մանկունք»-ի անկեղծ և անկաշկանդ կատարումներն անկախ տարիքից գրավել ու հիացրել էր ունկնդիրներին:
«Զորավոր մանկունք» երգչախմբի անդամներից Քոչարյան Մարիամը (11 տ.) շատ լավ գիտի, որ Աստվածամորը նվիրված յոթ տոներն իր անվանակոչության օրերն են, իսկ ապիրլի 7-ին նա կրկնակի առիթ ուներ նշելու. «Աղոթում եմ բոլոր մայրերի համար, իմ մեծ ցանկությունն է, որ բոլոր մայրերը միշտ ուրախ լինեն, ժպիտը չպակասի նրանց դեմքից և երբեք չհանդիպեն անհաջողությունների»:
Խրիմյան Հայրիկը մորը համարում է ընտանիքի թագուհի. «Տունն ու ընտանիքը մի փոքրիկ թագավորության երկիր ու սահման են, որի նահապետական աթոռի վրա նստում են ծնողները. հայրն՝ իբրև թագավոր, մայրն՝ իբրև թագուհի, ու կառավարում են հպատակ ընտանիքը: Այս ընտանեկան պալատում և թագավորությունում ո՛չ ոստիկան կա, ո՛չ սուր, ո՛չ բռնություն, ո՛չ գավազան. ամեն տեղ հայրական սեր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը՝ ծնողների կենդանի օրինակը»:
Կարինե Սուգիկյան