Քրիստոնեական հին ժամանակներում, երբ շատ մեծ վանքեր կային Եգիպտոսում, մի վանական ընկերություն էր անում մի անուս ու հասարակ գյուղացու հետ: Մի անգամ գյուղացին ասաց վանականին.
- Ես էլ եմ այս աշխարհն արարող Աստծուն պաշտում: Ամեն երեկո այծի կաթ եմ լցնում ափսեի մեջ ու դնում արմավենու տակ: Աստված գիշերը գալիս ու խմում է իմ դրած կաթը: Այն շատ է դուր գալիս Նրան: Դեռ ոչ մի անգամ ափսեի մեջ կաթ չի մնացել:
Այս բառերը լսելով՝ վանականն սկսեց ծիծաղել: Նա բարեհոգությամբ ու հասկանալի եղանակով բացատրեց ընկերոջը, որ Աստված այծի կաթի կարիքը չի զգում: Սակայն գյուղացին համառորեն իրենն էր պնդում: Եվ այդժամ վանականն առաջարկեց գիշերը թաքնվել ու հետևել, թե ինչ է տեղի ունենում, երբ կաթով լի ափսեն մնում է արմավենու տակ:
Ասածն արած էր: Գիշերը վանականն ու գյուղացին թաքնվեցին արմավենուց ոչ հեռու և լուսնի լույսի տակ շուտով տեսան, որ մի աղվես մոտեցավ ափսեին ու ողջ կաթը խմեց: Գյուղացին կարծես շանթահարվել էր այս բացահայտումից:
- Այո,- վշտացած սրտով ընդունեց նա,- այժմ տեսնում եմ, որ դա Աստված չէր:
Վանականը փորձեց մխիթարել նրան ու սկսեց բացատրել, որ Աստված Հոգի է, որ լիովին այլ է մեր աշխարհի համեմատությամբ, որ մարդիկ հատուկ կերպով են Նրան ճանաչում… Բայց գյուղացին միայն գլխահակ կանգնել էր նրա առջև, իսկ հետո լաց լինելով իր հյուղակը գնաց: Վանականն էլ դեպի իր խուցը ճանապարհվեց: Սակայն դրան մոտենալով՝ ապշեց՝ դռան մոտ հրեշտակի տեսնելով, ով փակում էր իր ճանապարհը: Վանականը վախով ծնկի իջավ, իսկ հրեշտակն ասաց.
- Այդ հասարակ մարդը ո՛չ դաստիարակություն ուներ, ո՛չ իմաստություն և ո՛չ էլ գիրք էր կարդացել, որպեսզի իր իմացած ձևից զատ այլ կերպ պաշտեր Աստծուն: Իսկ դու՝ քո իմաստությամբ ու գրքայնությամբ խլեցիր նրանից այդ հնարավորությունը: Կասես, թե անկասկած ճի՞շտ ես լուծել այս հարցը: Բայց մի բան չգիտես, ո՜վ իմաստուն. Աստված, նայելով այս գյուղացու անկեղծ սրտին, ամեն գիշեր արմավենու մոտ էր ուղարկում աղվեսին, որպեսզի մխիթարի նրան ու ընդունի նրա զոհաբերությունը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի