ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը մեկնեց ուխտագնացության

Երկնավոր Հոր համար Իր պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր մի որդի անկրկնելի է: Հոգածու Հոր սերը վայելող ամեն մի որդի փորձում է ավելի լավ ճանաչել իրեն սնող և խնամող Ծնողին: Հայրն Իր որդիներին Իրեն ճանաչելու բազմաթիվ ճանապարհներ է շնորհել, մնում է միայն, որ որդիներն իրենց կողմից ջանք թափեն փնտրելու և գտնելու այդ ճանապարհները, որոնք միավորվում են՝ դառնալով դեպի Հայրը տանող միակ փրկարար ուղին: Աստվածճանաչողության և Աստծուն մոտենալու ճանապարհներից մեկն է նաև ուխտի ճանապարհը: Օգոստոսի 13-ին այդ ճանապարհով անցան ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի աշխատակիցներն ու շահառուներն իրենց ընտանիքների հետ միասին: Թվով 20 ուխտավորները, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի գլխավորությամբ, հանուն մարմնի և հոգու առողջության համար իրենց աղոթքները հնչեցրին Հովհաննավանքում, Սաղմոսավանքում և Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում:

Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցում (1216-1221 թթ) ուխտավորները մասնակցեցին Արևագալի ժամերգությանը: Ապա վանքի ամենահին Սբ. Կարապետ անունը կրող բազիլիկ տիպի եկեղեցում՝ կառուցված չորրորդ դարի սկզբներին Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից, իրենց խոնարհումը բերեցին այնտեղ ամփոփված Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքի առջև՝ խնդրելով սրբի բարեխոսությունը: Շարունակելով իրենց աղոթքի ուղին՝ հաջորդ սրբավայրում՝ Սաղմոսավանքում, ուխտավորները սաղմոսերգեցին: Ապա Սաղմոսավանքի կանաչապատ բակում սիրո ճաշ ունեցան և հոգևոր զրույց, որ վարեց Վաչագան սարկավագը: Հոգու և մարմնի առողջության վերաբերյալ զրույցի ընթացքում սարկավագը մասնավորաբար նշեց՝ ասելով, որ մարմնի առողջությունն ուղիղ համեմատական է հոգու առողջության հետ և առանց Աստծո առողջությունն անեծք է: Հաջորդ ընդհանրական աղոթքին՝ Հանգստյան ժամերգությանը, ուխտավորները մասնակցեցին Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում:

«Ցերեկային կենտրոն»-ի ուխտավորներն վերադարձան Երևան այն հոգևոր ուրախությամբ, որ ապրում է Երկնավոր Հորն ընդառաջ գնացող ամեն մի որդի: Սբ. Հովհաննես առաքյալն ասում է. «Տեսեք, թե ինչպիսի՜ սիրով մեզ սիրեց Հայրը՝ կամենալով, որ մենք կոչվենք Աստծո որդիներ և արդարև, Աստծո որդիներ ենք»: Ուստի առաքյալը կարևորում է, որ որդիները միացած մնան Քրիստոսին, որպեսզի Նրա գալստյան օրը, երբ նա հայտնվի, ամոթով չմնան, այլ համարձակ կանգնեն Նրա առաջ. «Դուք գիտեք, որ Նա արդար է, ուստի ով որ արդարություն է անում, նրա հարազատ զավակն է» (Ա Հովհաննես 2:28; 3:1):

 

Կարինե Սուգիկյան

13.08.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․