23 Դեկտեմբեր, Բշ
Հոկտեմբերի 1-3-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդները եռօրյա հոգևոր-ճամբար էին կազմակերպել Հաղպատավանքում:
Թեմի երիտասարդաց միությունների ատենապետերից ու անդամներից 20-ը ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի օգնությամբ Հաղպատավանքում մեկտեղվել էին ԱՀԹ երիտասարդական գալիք ծրագրերի մշակման և հստակեցման համար:
Ճամբարականները քննարկեցին գալիք տարվա իրենց անելիքները: Որոշվեց արդեն ավանդույթ դարձած մի շարք միջոցառումներ՝ Բարեկենդանը, Միջինքը, Վարդավառը Ս. Հարության տոնի առթիվ կազմակերպվող «Կանթեղներով երթը», Խաչի քարոզը և այլ տոներ ու նախաձեռնություններ ավելի մեծ շուքով նշել, ինչը կնպաստի հոգևոր ու ազգային զարթոնքին և եկեղեցի-երիտասարդ կապի ամրապնդմանը: Թղթին հանձնվեցին նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն 2016-ին:
Ծրագրային հագեցած քննարկումից զատ՝ երիտասարդները մասնակցեցին նաև հոգևոր զրույցների, քարոզների և ժամերգությունների, որոնք անց էր կացնում Հաղպատավանքի վանահայր Տ. Ղազար քահանա Թորոսյանը:
Ճամբարային առօրյան հագեցած էր ազգային պարով ու երգով, թիմային աշխատանքին նպաստող խաղերով ու հոգևոր ֆիլմերի դիտում-քննարկումներով:
Երիտասարդները վերադարձան նոր ծրագրերով, 2016-ի հոգևոր տարին էլ ավելի աշխուժացնելու, իրենց առջև ծառացած խնդիրների միասնական հաղթահարման հաստատակամությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին