23 Դեկտեմբեր, Բշ
Օգոստոսի 27-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի խումբ երիտասարդներ միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի հետ մեկնեցին Գուգարաց թեմ: ԱՀԹ երիտասարդները, միանալով Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր» նախաձեռնությանը, Վանաձորի կարիքավոր, բազմազավակ ընտանիքների համար օգոստոսի 16-ից մեկ շաբաթ շարունակ հավաքել են անհրաժեշտ պարագաներ, ինչին մեծ աջակցություն էին ցուցաբերել ԱՀԹ եկեղեցիների համայնքները: Թեմի բարեգործական միջոցներից ևս տրամադրվել են ձմեռային կոշիկներ, հագուստ, դպրոցկան պայուսակներ, գրենական պիտույքներ։
Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտ հյուրերին դիմավորեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Ազարյանը և Գուգարաց թեմի մի խումբ երիտասարդներ: Տ. Վահանն իր երախտագիտությունը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին նախաձեռնությանը միանալու համար և ասաց, որ տրամադրված օգնությունը սիրով կբաշխվի թեմի համայնքներում:
Գուգարաց թեմի երիտասարդաց միությունների համակարգող Էմմա Գրիգորյանը պատմեց «Ձեռք մեկնիր» ծրագրի մասին, որն իրականացվում է արդեն 6-րդ անգամ ՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Նա հավելեց, որ բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների գրենական պիտույք, հագուստ ու կոշիկ չունենալը ստիպեց իրենց ծրագիրն ընդլայնել և իրականացնել նաև նոր ուսումնական տարվա նախաշեմին: Էմման նույնպես իր շնորհակալությունն ու ուրախությունը հայտնեց, որ ի թիվս մյուս թեմերի, իրենց միացան նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները:
ԱՀԹ երիտասարդներն արդեն երկրորդ տարին է առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տիրամոր Վերոփոխման տոնին բարեգործական նախաձեռնություն են իրականացնում՝ օգնելով տարբեր թեմերի կարիքավոր ընտանիքների: Նախորդ տարի տոնի առթիվ թեմի երիտասարդները հավաքել էին հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք, կենցաղային այլ ապրանքներ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար և որոնք Տիրամոր ծննդյան տոնին՝ սեպտեմբերի 8-ին, դրանք բաժանվեցին այգեպարցիներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին