21 Դեկտեմբեր, Շբ
Դեկտեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տարեվերջյան Ս. Պատարագը: Արարարողության ավարտին համայնքի և հոգևոր դասի կողմից եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը եկեղեցում սպասավորող դպիրներին ամանորյա նվերներ՝ իրենց անունը կրող վերնազգեստ և ժամացույց, նվիրեց: Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Սուրբ Սեղանին սպասավորող տղաները լավագույնս էին հանձնել դպիրների թիկնածուների քննությունը, իսկ Ս. Ստեփանոս նախավկայի տոնի օրը ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ձեռամբ արժանացել էին դպրության առաջին չորս աստիճանների:
«Խոնարհ աստիճան ստանձնած մեր դպիրները ոտք դրեցին հոգևոր սպասավորության առաջին աստիճանին: Թող Տերը ուժ և կարողություն պարգևի նրանց՝ ծառայասիրության մեծ գիտակցումով անշեղ ընթանալու հավատքի լուսավոր ճանապարհով: Ամեն կիրակի նրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը եկեղեցական արարողություններին վկայում է նրանց քրիստոնեական դաստիարակության, Տիրոջ հանդեպ երկյուղի, Տիրոջ տան և հոգևոր սպասավորների հանդեպ հարգանքի մասին: Մեր մեծ ընտանիքից ներս ուրախալի է տեսնել դպիրների ուշադիր, կարգապահ և աստվածավախ պահվածքը եկեղեցում: Մեր մեծ ցանկությունն է, որ առաքինությունների մեջ առաջադիմելով, նրանք Հայ ազգի, Մայր եկեղեցու և իրենց ընտանիքի սիրասուն զավակը լինեն, իսկ դպրոցում՝ ուսումնատենչ և կարգապահ աշակերտ»,- ասաց Տեր Գրիգորը:
«Քահանայությունը, հոգևորականությունը, եկեղեցականությունը, մեկ խոսքով՝ Աստծուն և ազգին սպասավորելը, ըստ էության ազնվագույններից մեկն է մարդկային ընկերության ծառայության դաշտում»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:
Կարինե Սուգիկյան