26 Ապրիլ, Կիր
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար և այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա` տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիներ և ագարակներ` հալածանքներ կրելով հանդերձ, և այն աշխարհում, որ գալու է` հավիտենական կյանք» (Մարկ. 10.29-30):
Ի՞նչ էր ուզում ասել Տերը: Իրապես, առաքյալները թողել էին ամեն ինչ և հետևել էին Քրիստոսին: Եվ մեծ մտավախություն կար առաքյալների մեջ, նաև յուրաքանչյուր մարդու մեջ, ով այսօր ապրում է աշխարհում. հանուն Քրիստոսի թողնել ամեն ինչ, և թողնելով ամեն ինչ մնալ ունայնությա՞ն մեջ, դատարկության և սին վիճակու՞մ: Ո՛չ: Թողնել ամեն ինչ նշանակում է մաքրվել ամեն ինչից, որովհետև ինչին որ մարդը իր սիրտը կապում է այս աշխարհում, այն էլ դառնում է նրա գանձը, որովհետև Քրիստոս ասում է. <<Գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ուտիճ չեն ոչնչացնում և ո՛չ էլ գողերը ծակ են բաց անում ու գողանում>> (Մատթ. 6.20): Իրապես, ով գանձեր է դիզում այս աշխարհում, ոչ թե Երկնքի արքայության մեջ, նրա սիրտը կապվում է գանձերին: Եվ ով աշխարհի հետ սիրտ է կապում և սիրում է աշխարհը, հուսախաբ պետք է լինի, որովհետև Տերը մեզ սովորեցնում է, որ մենք մեր սիրտը ոչ թե գանձերի և աշխարհի հետ կապենք, այլ Երկնքի արքայության մեջ կապենք: Պետք է թողնենք, ինչպես առաքյալները թողեցին ամեն ինչ: Եվ մենք ոչ թե կկորցնենք ամեն ինչ, այլ կգտնենք նորը և իրականը, որովհետև այս աշխարհը մարդուն կամ հուսահատեցնում է, կամ հպարտացնում: Երբեմն մենք գործեր ենք նախաձեռնում, որ Տիրոջ օրհնությամբ չեն, այլ մեր փառքի համար են` հարստության պատրանքներից գայթակղված ուզելով ավելի գումար վաստակել և ավելին ունենալ: Երբեմն հաջողվում են այդ գործերը և մենք ունենում ենք փառք, պատիվ, հարստություն, մեծություններ: Բայց ի՞նչ ենք կորցնում: Կորցնում ենք մեր խոնարհությունը, ձեռք ենք բերում անիմաստ, սին հպարտություն և մեծամտություն, գոռոզություն ուրիշների հանդեպ: Երբեմն այդ նախաձեռնությունները չեն հաջողվում և մենք հուսահատվում ենք, մեր հավատքի մեջ կոտրվում և տկարանում, վերագրում ենք Տիրոջն՝ ասելով. <<Ինչու՞ Աստված չհաջողեց այս գործերը: Մի՞թե Աստված արդար չէ, բարի չէ>>: Այսպես, մեր մեղքը, մեր չարիքը ուզում ենք Տիրոջ արդարամտությանը վերագրել՝ ասելով. <<Աստված արդար չվարվեց մեզ հետ, որ այս գործը չհաջողվեց>>: Այսպիսով, ավելորդ հոգածությունը մեզ գցում է կամ հպարտության, կամ հուսահատության մեջ: Իսկ Քրիստոս ի՞նչ է մեզ ասում. <<Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար>> (Մատթ. 6.33-34): Քրիստոս մեզ պատգամում է, որ ուրանանք և ամեն ինչից հրաժարվենք, անգամ քույրերից և մայրերից, անգամ եղբայրներից և ազգականներից: Թերևս սա ուղղակի և անուղղակի իմաստ ունի, որովհետև այն բարեկամն ու հարազատը, որ արգելք ու գայթակղություն է լինում մեր Երկնքի արքայություն գնալուն, ապա ինչպես մեկ ուրիշ տեղ է ասում Տերը` պետք է կտրել այդ ոտքը, այդ ձեռքը, այդ աչքը հանել, որպեսզի մենք մեկ ոտքով, մեկ ձեռքով կամ միականի մտնենք Երկնքի արքայություն, և ոչ թե ողջանդամ գնանք գեհեն (հմմտ. Մարկ. 9.42-47): Այստեղ Տերն ուզում է ասել, որ այն ամենն, ինչ արգելք կլինի Երկնքի արքայության ճանապարհին, պետք է կտրել և հեռացնել մեզանից: Եվ մեզ չթվա, թե մենք կկորցնենք ամեն ինչ: Ո՛չ, այլ ձեռք կբերենք իրական քույրեր, իրական մայրեր և եղբայրներ, և Երկնքի արքայության մեջ կունենանք մեծամեծ հարկեր, տներ, որ Տերը պատրաստել է Իր սիրելիների համար: Եվ եթե մենք քննենք այսօր աշխարհում, կտեսնենք , որ Տիրոջ խոսքերը իրականում տեղի են ունենում, որովհետև, երբ որ մարդը սկսում է եկեղեցի այցելել, Տիրոջ ճանապարհով ընթանալ, կարծես նոր արյունակցական, բարեկամական կապեր է ստեղծում, որը ոչ թե սովորական մարդկային արյունակցական կապ է, այլ Քրիստոսի արյամբ է նոր բարեկամություն ստեղծում, որ է ի Քրիստոս Հիսուս եղբայրներ և քույրեր, որոնք դառնում են մեզ ընկերներ ոչ միայն այս կյանքում, այլ նաև հավիտենական, հանդերձյալ կյանքում: Եվ քրիստոնյա եղբայրների, քույրերի, հոգևորականների, հայրերի հետ մենք ավելի սերտ սիրով ենք կապված, քան թե մեր այն արյունակից բարեկամների հետ, որոնք նույն կերպ չեն մտածում, ինչ որ մենք, որոնք դեմ են քրիստոնեական հավատքին: Եվ ավելի հաճախ հանդիպում և ավելի սիրով շփվում ենք այդ քույրերի հետ, քան թե մեղքը սիրող և մեղքով ապրող մեր արյունակից բարեկամների հետ: Ուստի Քրիստոս նոր քույրեր, նոր եղբայրներ և Երկնքի արքայության նոր ընտանիք պետք է ստեղծի: Եվ Տերը խոստանում է, թե նա, ով թողած լինի տուն, ագարակ, ընտանիք, ապա Երկնքի արքայության մեջ կշահի ավելին. տներ, ագարակներ, Երկնային հարկեր: Եվ տեսեք, որքան ողորմելի են մեր տները, որ ունենք այս աշխարհում: Անգամ ամենամեծ պալատները, ամենաշքեղ արքունիքները, որ ունեցել են մարդիկ, օրինակ` Սողոմոնը, չեն կարող համեմատվել Երկնքի արքայության ամենափոքրիկ խրճիթի հետ, որովհետև այնտեղ կա իրական երջանկություն և միություն, որովհետև այնտեղ Քրիստոսն է իբրև Արդարության Արեգակ, որովհետև այնտեղ կա ուրախություն, ինչն այս աշխարհում չես տեսնի: Մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետն ասում էր. <<Խոր Վիրապի կարիճների, որդերի, օձերի մեջ, այդ զնդանում, ես ավելի մեծ վայելք, փափկություն, հանդարտություն ապրեցի, քան ամենափառահեղ ու ամենահարուստ թագավորն իր արքունական վայելքների մեջ>>: Այսպիսով, Տերը մեզ պատգամում է իրապես ուրանալ ամեն ինչ և ձեռք բերել նորը: Եվ գիտեք, Երկնքի արքայության նորությունը երբեք չի հնանում: Ինքնաբուխ նորություն ու թարմություն է իր մեջ պարունակում Երկնքի արքայության ուրախությունը: Եվ նոր ընկերները, որ են ի Քրիստոս եղբայրները, քույրերն ու հայրերը, նրանք էլ միշտ նորանում են, և մենք երբեք չենք ձանձրանալու մեր քրիստոնյա բարեկամներից, որովհետև իրենք էլ իրենց մեջ նորոգման աղբյուրն ունեն: Այսպիսին է Երկնքի արքայության գաղտնիքը. ամեն ինչ նոր է, ամեն ինչ թարմ է, և թարմ է միշտ: Փափագենք Երկնքի արքայության այս ուրախությունը, նորությունն ու թարմությունը, և Քրիստոս այն պետք է շնորհի մեզ: Ամեն:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան