«Նա, ով ինչ-որ բան է վերցնում, մարդկային ուրախություն է զգում: Նա, ով տալիս է, հաղորդակից է լինում աստվածային ուրախությանը» («Հոգևոր բժիշկ» գրքից): Եկեղեցական համայնքներից ներս իրականացվող սոցիալական ծրագրերի պտուղներից մեկն այն աստվածային ուրախությունն է, որին հաղորդակից են դառնում ծրագրի մասնակիցները:
Սեպտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ Մովսես Մանուշակին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Մանուշակն իր ամուսնու՝ Անսեյան Սողոմոնի (46 տ.) և երեք զավակների հետ երեք տարի է, ինչ բնակվում է Հայաստանում: Անսեյան ընտանիքը վարձակալությամբ է բնակվում Գրիբոյեդով փ. 1/14 հասցեում: «Երբ եկանք Հայաստան, ամուսինս սրտի կաթված ստացավ և վիրահատվեց: Նա մասնագիտությամբ լուսանկարիչ է, բայց այստեղ աշխատանք չգտնելով՝ այժմ փայտագործությամբ է զբաղվում, սակայն այս աշխատանքն էլ մշտական չէ: Ես արդեն մեկ տարի է, ինչ մանկապարտեզում որպես խոհարարուհի եմ աշխատում և փորձում ենք գոնե մեր նվազագույն կարիքները հոգալ»,- ասաց Մանուշակը: Ընտանիքի մայրն անչափ երախտապարտ էր բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք մեկնեցին իրենց:
«Երբ սեր ես տալիս, այդ ժամանակ գալիս է ուրախությունը: Որպեսզի մարդն ունենա ճշմարիտ, հոգևոր ուրախություն՝ պետք է սիրի, պետք է հավատա: Մարդիկ չեն հավատում, դրա համար էլ չեն սիրում, իրենք իրենց չեն զոհաբերում և ուրախություն չեն ունենում: Եթե հավատային՝ կզոհաբերեին և կուրախանային: Ամենամեծ ուրախությունը ծնվում է զոհաբերությունից»,- ասել է Հայր Պաիսիոս Աթոսացին:
Կարինե Սուգիկյան