Ամուսնալուծության մասին

Ամուսնալուծության մասին  | Amusnalutsutyan Masin

 

 «Եվ փարիսեցիները, մոտենալով Նրան, փորձեցին և ասացին.  «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջը արձակի ամեն մի հանցանքի պատճառով»: Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թե Նա, Ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի: …Սակայն ասում եմ ձեզ, թե ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկության պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա, ով արձակվածին է առնում»» (Մատթ. 19.3-9):

 

Այսպիսին էր Քրիստոսի պատասխանը փարիսեցիներին: Եվ կարծես մեր Տիրոջ խոսքն այսօրվա մասին է, որովհետև այսօր  տեսնում ենք, որ ոչ ընդունելի պատճառներով ամուսնալուծվում են երիտասարդ զույգերը շատ կարճ ժամանակահատվածում` երկու, երեք տարի հետո: Այսպես չպետք է լինի: Հատկապես, եթե եկեղեցով են ամուսնացած  և Աստված է նրանց միավորել, և Սուրբ Գիրքն ասում է. <<Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի>>: Ի՞նչ է նշանակում` այր և կին, մեկ մարմին: Աստված զույգին միավորել է անքակտելի, անխզելի կապանքներով. նրանց միտքը, սրտերը, մարմիններն է միավորել, նրանց կամքը, զգայարաններն ամբողջությամբ է միավորել և ոչ ոք իրավունք չունի բաժանելու  դա: Քանզի ինչպես Քրիստոսն է եկեղեցուն միավորված, այնպես էլ տղամարդն է կնոջը միավորված, որովհետև Քրիստոս Իր անսահման սիրով է միավորված եկեղեցուն, այսինքն` հավատացյալներին: Եվ այսօրվա Ավետարանն ասում է, որ <<տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն>>, որովհետև մեկ պորտ ենք հաշվում հորն ու մորը զավակի հետ, բայց տղամարդու և կնոջ միջև որևէ սերնդային հարաբերություն չկա: Եվ ինչպես Քրիստոս Հորը թողեց Երկնքում և իջավ երկիր մեզ համար, և մորը թողեց խաչի առջև, որովհետև մայրը` Աստվածածին Մարիամը, խաչի առջև ծնկած աղոթք էր անում իր Որդու համար, ով մեռնում էր խաչի վրա: Բայց Քրիստոս Իր մոր աղերսանքն ու թախանձագին արտասուքը անտեսեց, իջավ դժոխք Իր հարսին` եկեղեցուն փրկելու: Եվ այդպես, Քրիստոս միավորվեց Իր հարսի հետ, դարձավ մեկ: Ճիշտ այդպես էլ, այր և կին մեկ մարմին: Եվ որքան սարսափելի և զարհուրելի է, երբ մեկն ուզում է մարդուն հավատքից շեղել և Քրիստոսից հեռացնել, որովհետև Քրիստոսի արյամբ գնված եկեղեցին միավորված է Տիրոջ հետ, և ով ուզում է մեկին հավատքից, Քրիստոսից հեռացնել, ուրանալ տալ իր հավատքը, սարսափելի մեղք է գործում: Ճիշտ այդպես էլ, ով կնոջը ամուսնուց հեռացնում է և ուզում է ընտանիքը բաժանել, ամենասարսափելի մեղքերից մեկն է գործում: Ինչ որ Աստված է միավորել, մարդը երբեք չի կարող բաժանել: Բաժանումը կլինի այն պարագայում, երբ զույգերից մեկը մահանա: Այս դեպքում կինը կամ ամուսինը կարող է կրկին ամուսնանալ աստվածային օրհնությամբ, բայց միայն երկրորդ անգամ և ոչ երբեք երրորդ կամ չորրորդ անգամ: Եվ ինչպես հոգին է մարմնի հետ միավորված, և եթե հոգու և մարմնի միավորությունը բաժանում է գտնում, այսինքն` հոգին մարմնից դուրս է գալիս, ապա մարմինը մեռնում է: Ճիշտ այդպես էլ, ամուսինն ու կինը  անքակտելի միությամբ են միավորված և նրանց բաժանողը մարդասպան է համարվում, ինչպես հոգին մարմնից բաժանող մարդն է մարդասպան: Ուրեմն, ոչ ոք իրավունք չունի մարմինը հոգուց բաժանել, այնպես էլ կնոջը ամուսնուց բաժանել: Այս բոլորը շատ լավ գիտակցենք և մեր սրտերում դնենք, երկյուղ ունենանք Տիրոջից: Հնում այսպես չէր. մեր պապերն ու տատերը վախ ունեին Աստծուց և երբեք չէին բաժանվում: Այսօր Աստծու վախն է պակասել, հեշտությամբ բաժանվում են և նոր ընտանիք կազմում, որը սխալ է, որովհետև ուրիշի դժբախտության վրա հնարավոր չէ երջանկություն կերտել. որբ երեխաներ թողնելով հնարավոր չէ հարազատ որդիներ ունենալ: Խորթ է այդ երկրորդ ամուսնությունը և Սուրբ Գիրքն ասում է, թե` <<ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկության պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա, ով արձակվածին է առնում>>: Հիշենք այս բոլոր պատվիրանները, փորձենք մեր կյանքում իրագործել և Աստված թող շնորհ և ողորմություն անի, որ մեր հայ ժողովուրդը, մեր հայրենիքը ամուր, կայուն ընտանիքներ ունենա, որ դարերով է ունեցել և հայ ազգը առանձնահատուկ է եղել այդ իմաստով, որ հավատարիմ են եղել այր և կին միմյանց մինչև մահ, երբեք չեն բաժանվել: Ցավոք սրտի, այսօր թշնամու խաբկանքով, արևմտյան, եվրոպական երկրների չար մտադրություններով բաժանվում են մեր երիտասարդ ընտանիքները: Այսպես չպետք է լինի, ամեն մեկս պետք է քաջ գիտակցենք, որ սրբություն է ընտանիքը և որևէ մեկը Աստծու միավորածը չպետք է բաժանի: Տիրոջ շնորհը, սերը, ողորմությունը լինի ձեզ հետ: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

18.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․