25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այսօր արդեն երրորդ կիրակին է, որ փակ վարագույրով է կատարվում Սուրբ Պատարագը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է Մեծ Պահքի շրջանի մեջ: Իր հավատացյալների համար այն մի գթառատ մայր է, որ օրնիբուն իր աղոթքների, քարոզների և աստվածահաճո գործունեության միջոցով հոգ է տանում իր սիրելի զավակների փրկության` հավիտենական կյանքի ժառանգության մասին: Մեր Եկեղեցու հայրերը Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակիին տվել են հատուկ իմաստ և այդ կիրակիներն Ավետարանական ընթերցումների միջոցով մեզ ցույց են տալիս դեպի հավիտենական երանություն տանող ճանապարհը` ուսուցանելով զղջում և ապաշխարություն:
Մեծ Պահքի այս երրորդ կիրակին կրում է «Անառակի կիրակի» անվանումը, որովհետև այսօր Ավետարանից ընթերցվում է այն առակը, որ պատմել է Քրիստոս և որ ծանոթ է մեզ Անառակ որդու առակը անունով (Ղուկ. 15:11-32): Առակ, որ ևս մեկ անգամ բացահայտում է մեր Երկնային Հոր անմեկնելի, անհուն ողորմածությունն այն մեղավորների հանդեպ, որոնք ի սրտե զղջում են իրենց գործած մեղքերի համար և ապաշխարում: «Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»,- ասում է Սուրբ Գիրքը (Ղուկ. 15:10)։
Այս առակը քաջ ծանոթ է բոլորիս: Չգիտեմ կա՞ արդյոք աշխարհում որևէ դեպք կամ երևույթ, որն ինչքան ուսումնասիրես և մեկնես` այնքան այն դառնա անհուն և անմեկնելի:
Սիրելի հավատացյալներ, «Անառակ որդու» առակն այդպիսին է, որն էլ լինելով ամենագեղեցիկը` համարվում է առակների թագուհին: Ես ցանկանում եմ համառոտ կերպով հիշեցնել ձեզ այդ պատմությունը, և իմ մտածումները կիսել ձեզ հետ:
Մի ժամանակ մի մեծահարուստ մարդ էր ապրում: Նա երկու որդի ուներ, որոնց հավասար սիրում էր և հոգ էր տանում նրանց մասին: Երկու եղբայրները բնավորությամբ շատ տարբեր էին: Ավագ որդին շատ ծանրակշիռ ու լուրջ տղա էր երևում: Նա սիրում ու հարգում էր հորը, կրոնասեր էր, կատարում էր իր բոլոր պարտականությունները, սակայն այս ամենի հետ մեկտեղ շատ խիստ էր ու ժլատ` իր ծառաների և աղքատների հանդեպ:
Կրտսեր որդին ամբողջովին տարբեր էր ավագից: Նա կրոնասեր չէր, իր տարիքի համեմատ շատ ավելի աշխույժ էր, սիրում էր լավ հագնվել, խմել, զվարճանալ: Եվ ահա. հոգնելով գյուղի կյանքից և այլևս սպառելով բոլոր հաճույքները` նա որոշում է գնալ մի հեռու երկիր և այնտեղ իր կյանքը վայելել:
Ավետարանիչն ասում է, թե նա ցանկացավ առանձին ապրել և հորից խնդրեց իրեն հասանելիք ժառանգությունը ասելով. «Հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը» (Ղուկ. 15:12):
Այս տողերը շատ գեղեցիկ է մեկնաբանում Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին ասելով. «Մենք այս տողերը, որ առակի սկիզբն է, շատ հանգիստ ենք կարդում և անցնում, բայց եթե մի պահ կանգ առնենք և մտածենք, թե ինչ են նշանակում այս խոսքերը` ուղղակի կսարսափենք: Այս պարզ խոսքերը. Հայր տուր ինձ… նշանակում է, թե . «Հայր տուր ինձ հիմա այն, ինչը որ այնուհանդերձ քո մահից հետո պատկանելու է ինձ: Ես ուզում եմ վայելել իմ կյանքը քանի դեռ երիտասարդ եմ, իսկ դու կանգնում ես իմ ճանապարհին: Ես չեմ կարող սպասել մինչև որ դու մահանաս, և այդ ժամանակ ես չեմ կարող վայելել այն, ինչը որ կարող է տալ հարստությունն ու ազատությունը: Ավելի լավ է հիմա մեռնես. Դու ինձ համար այլևս գոյություն չունես: Ես արդեն մեծ եմ, ինձ այլևս հայր պետք չէ: Ինձ հիմա փող և ազատություն է պետք և թող որ ես ապրեմ իմ կյանքը»:
Սա ծանր մի ապտակ էր հոր համար: Նա հանկարծակիի եկավ, սակայն պատասխան չտալով` լուռ իր ունեցվածքը բաժանեց որդիների մեջ:
Ի՞նչ եք կարծում, սիրելի հավատացյալներ, հենց նույն կերպ չենք վարվում արդյոք մենք, բոլորս, երբ որևէ ընտրության առաջ կանգնած` ետ ենք դառնում Աստծուց, թողնում ենք Նրան ու հեռանում մեր սեփական ճանապարհով` դեպի աշխարհի թվացյալ վայելքները:
Մի՞թե մենք էլ հենց անառակ որդու պես չենք վարվում, երբ կործանում ենք այն անգին ու կարևորագույն հարաբերությունները, որ ունենք մեր սիրասուն Երկնային Հոր ու մեր մերձավորների հետ: Սիրելիներ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ մենք դա անում ենք, որովհետև ուղղակի սովոր ենք, որ մեզ սիրող Հայրն ու մարդիկ մեզ մշտապես տալիս են այն, ինչի կարիքն ունենք և բազում անգամներ էլ այն, ինչի մասին գաղափար էլ չունենք, որ անհրաժեշտ է մեզ: Աստված մեզ տալիս է կյանք, առողջություն, խելք, ֆիզիկական կարողություններ, սեր, օժտում է բազմատեսակ շնորհներով: Իսկ մենք` մեծագույն եսասերների պես, պահանջում ենք նրանցից, կարծես թե պարտական են մեզ, վերցնում ենք այդ ամենը, անիմաստ վատնում ու թիկունք ենք դարձնում նրանց: Մենք հեռանում ենք «հեռու մի երկիր», որը այն մեղավոր վիճակն է, որում հայտնվում ենք` Աստծուց երես դարձնելու հետևանքով: Հենց այստեղ է, որ բացահայտվում է մեղքի բուն էությունը: Մենք բացառում ենք սերը: Մենք պահանջում ենք մեզ սիրողից, որպեսզի նա հեռանա մեր կյանքից, այսինքն համաձայնվի «մահվան»: Հենց այսպես է գործում մեղքը` սիրո սպանության միջոցով:
Եվ այսպես, փոխաբերական իմաստով իր հորը սպանելուց հետո, որդին հանգիստ սրտով հեռանում է նրանից: Եվ հետաքրքիր է այն հանգամանքը, որ հայրը չի համոզում որդուն մնալ և ոչ էլ մարդ է ուղարկում նրա հետևից: Որովհետև տալիս է նրան ազատ ընտրության իրավունք: Նա չի բռնանում որդու վրա և չի ցանկանում բռնի ուժով զավակից սեր և հնազանդություն ստանալ: Որովհետև անհնար է ստիպողաբար սեր ստանալ: Այն պետք է ինքնաբուխ լինի:
Ավետարանն ասում է, որ օրեր հետո կրտսեր որդին` փողի վերածելով ամեն ինչ, ճամփա է ընկնում հեռու մի երկիր: Կյանքի ցոփությունն ու հաճույքները սիրող այս երիտասարդը նոր ընկերներով ու ընկերուհիներով շրջապատվեց, որոնք նրա հետ օր ու գիշեր ուտում, խմում էին և վայելում բոլոր հաճույքները: Սակայն սա երկար շարունակվել չէր կարող: Անառակի փողերը շուտով վերջացան, որոնց հետ նաև կորան նրա ընկերներն ու այլևս չերևացին: Այսինքն նրանք վարվեցին իր հետ ճիշտ այնպես, ինչպես ինքն էր իր հոր հետ վարվել. Վերցրեցին ամենն ինչի կարիքը, որ ունեին և լքեցին նրան:
Եվ այսպես նա մնաց մեն-մենակ` դատարկ ու սոված, այնպես ինչպես մենք ենք հոգևոր սով ապրում, երբ հեռանում ենք մեր Արարչից:
Նա ստիպված մի հարուստ մարդու մոտ ծառայության մտավ` որպես խոզնարած: Սա սոսկալի անպատվություն էր: Մանավանդ հրեայի համար սրանից ավելի մեծ պատիժ լինել չէր կարող: Արածեցնել նզովված` պիղծ համարվող այդ գարշելի կենդանիները: Եվ նրա աշխատանքն էլ ճշտորեն արտացոլում էր իր ներքին, հոգևոր աղտոտվածությունը: Նա հասել էր անդունդի հատակին և միայն այդժամ գիտակցեց իր սոսկալի անկման ողջ սարսափն ու այլ բան չէր մնում անել, քան ողբալ իր դժբախտությունը:
Եվ այս պատանու նման` մենք էլ ավելի հաճախ ողբում ենք մեզ հասած դժվարությունների պատճառով, քան թե` շնորհակալ լինում ուրախությունների համար: Եվ դա ամենևին էլ այն պատճառով չէ, որ մեզ հասած փորձություններն ուժերից վեր են, այլ այն, որ մենք ուղղակի փոքրոգի ու անհամբեր ենք գտնվում տվյալ պարագայում:
Վերադառնալով առակին` տեսնում ենք, որ միայն այն բանից հետո, երբ այդ պատանին անդրադառնում է, թե ինչ կատարվեց իր հետ, փորփրում` իր հոգու խորքերը, դիտում է իրեն անաչառ դատավորի աչքերով` ապա հասկանում է, որ այն բարոյական սպանությունը, որ կատարեց` սպանեց ոչ թե հորը, այլ` հենց իրեն: Իսկ իր հանդեպ տածած հոր անհուն սերն իրեն հույս է տալիս նրա ներմանն արժանանալու, ցույց է տալիս այդ անելանելի վիճակից փրկության միակ, ճշմարիտ ուղին և այդժամ նա որոշում է կայացնում ետ դառնալու հոր գիրկն ու ներողություն խնդրելու նրանից:
Այստեղ էլ մեզ համար բացահայտվում է զղջման իրական էությունը. Իսկական զղջման մեջ մենք բացահայտորեն տեսնում ենք մեր գործած չարիքը, սակայն վստահ ենք լինում, որ նույնիսկ մենք ներման կարժանանանք, քանի որ իսկական սերը երբեք չի երկմտում և չի հանգչում: Այսինքն, երբ մենք իրական զղջում ենք ունենում` չպետք է սևեռվենք մեր գործած մեղքի վրա ու հուսահատվենք, այլ` պետք է հայացքներս ուղղենք դեպի մեր գթառատ ու բազումողորմ Հայրը, որ միշտ սպասում է մեր վերադարձին:
Այդպես էլ առակի ծերունի հայրն էր, որի սիրտն, անշուշտ, շատ էր ցավել, որը շատ էր կարոտել և ամեն օր հիշում էր իր կորած որդուն, որին այլևս մահացած էր համարում, սակայն իր սրտի թաքուն մի անկյունում փայփայում էր որդու վերադարձի հույսը: Եվ ահա գալիս է այդ սպասված օրը: Որդին վերադառնում է: Եվ ինչպես ամենատես Աստված` հայրն էլ հեռվից տեսնում է որդուն, վազում է նրան ընդառաջ, գրկում, սեղմում կրծքին, ողողում ջերմ համբույրներով և ասես չի էլ լսում որդու շփոթված խոսքերը, որ ասում է.«Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկ. 15:21): Սակայն հայրը որդուն չի պատասխանում, այլ երջանիկ ձայնով հրամայում է իր ծառաներին. «Անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը և հագցրեք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին` կոշիկներ. բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. 15:22):
Ահա, թե ինչպես է ցնծում մեր բարեգութ Հոր սիրտը, երբ մեզնից որևէ մեկը, գիտակցելով իր մեղքն ու զղջալով` ետ է դառնում: Այլ ոչ թե առակի ավագ որդու պես, ով տեսնելով հոր ուրախությունը` վրդովվում է, զայրանում, նախանձից ինքն իրեն ուտում և չի ցանկանում խնդակցել իր հոր ուրախությանը: Նա դատապարտելով հորն` ասում է. «Այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ պարարտ եզը նրա համար մորթեցիր» (Ղուկ. 15:29-30):
Առաջին հայացքից թվում է, թե ավագ որդին ճիշտ է, այսինքն` նա ոչ թե վիրավորված էր, որ իր հարստությունը կիսվեց, այլ վիրավորված էր այն տարբերությունից կամ այն խստությունից, որ հայրն ամբողջ կյանքի ընթացքում ցուցաբերել էր իր նկատմամբ: Սակայն Հայրը պատասխանում է. «Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. 15:31-32):
Սիրելի հավատացյալներ, մեր երկրային կյանքն ամբողջովին, և Մեծ Պահքի այս շրջանն ուղղակի անգին են: Սա մի ժամանակահատված է, երբ մենք որոշում ենք մեր հավիտենական կյանքի հարցը: Արդ` ճիշտ օգտագործենք մեզ ընծայված ժամանակն ու հնարավորությունը: Հիշենք, որ յուրաքանչյուր մեղավոր էլ հնարավորություն ունի, անառակ որդու պես, ետ վերադառնալու իր սիրելի Հոր մոտ: Վերադառնալու այն վստահությամբ, որ Նա այս ամբողջ ժամանակ, երբ մենք նույնիսկ չենք էլ հիշել Նրա մասին` սպասել է մեզ: Դրա համար անհրաժեշտ է միայն ուշքի գալ, գիտակցել մեր սարսափելի մեղավոր վիճակը և հասկանալ, որ Կյանքի Աղբյուրից հեռանալն անխուսափելի ու հավիտենական մահ է նշանակում: Արդ` սթափվենք, սիրելիներ, վերանայենք մեր մեղավոր կյանքերը, գիտակցենք, զղջանք, ապաշխարենք մեր մեղքերի համար ու վերադառնանք: Վերադառնանք մեր Հոր տուն, քանի որ Նրա զավակները կոչվելու պատվին ենք արժանացել:
Հենց այսօր մեզ համար մի վերջնական որոշում կայացնենք նոր, մաքուր կյանք սկսելու և ծնկաչոք մեր Երկնավոր Հորից ներում հայցելու. որին վայել է փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան