21 Դեկտեմբեր, Շբ
Մարիա Գեորգիեվնայի առաջ մի տիկին հայտնվեց: Իսկ միգուցե նաև լեդի: Հայտնի չէ: Տիկինը դես ու դեն էր վազում եկեղեցական կրպակի շուրջը: Հերթն ամեն ինչ անում էր անխռով մնալու համար:
Տիկինը վազվզելուց հոգնեց ու խցկվեց պատուհանի մոտ.
- Ներեցեք, կարո՞ղ եմ առանց հերթի:
Դե ինչ, կարելի է: Ինչո՞ւ չի կարելի: Երշիկի հերթ չէ: Եթե պետք է, ուրեմն պետք է: Հերթը մի փոքր հետ քաշվեց՝ պճնագեղ մուշտակով կնոջն առաջ թողնելով:
- Մի այնպիսի աղոթք եմ ուզում, որ վարորդական իրավունքի քննությունը հանձնեմ:
Մարիա Գեորգիեվնան մտածում էր ինչպես ավելի լավ պատասխանի, իսկ տիկինը լռությունն իր ուզածի պես հասկացավ: Արագ շարժումով պստլիկ պայուսակից դուրս բերեց դրամապանակն ու բազմանշանակորեն արտասանեց.
- Կվճարեմ:
Մարիա Գեորգիեվնան գրեց թերթիկի վրա և սկսեց զգուշորեն բացատրել, որ պետք չէ վճարել, լավ կլինի նվիրատվություն կատարել, եթե հնարավորություն կա: Հնարավորություն կար: Տիկինը նվիրատվություն կատարեց: Այնուհետև մոմավաճառը շատ զգուշորեն, ասես ականապատ դաշտով գնալիս, պետք է բացատրեր, թե տիկինն ուր է եկել: Ինչպես ավելի լավ կլինի, եթե ինքն էլ աղոթի, մոմը որտեղ վառի, և եթե տիկինը դեմ չէ, Ավետարան ձեռք բերի ու սկսի կարդալ: Առարկություններ չհետևեցին: Տիկինը նույնիսկ ողորմածաբար ավելացրեց.
- Կարող եք գրքույկներ էլ ավելացնել, թե չէ եկեղեցական բաներից գլուխ չեմ հանում, իսկ պետք է:
Այսպես սկսվեց Աստծու աղախին Իոաննայի կյանքը Եկեղեցուց ներս:
Եվ ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե Իոաննան կտրականապես չհրաժարվեր համայնքին ձուլվելուց: Եկեղեցում իրեն մեկուսի էր պահում: Մոմ էր գնում, գրականություն, աղոթում էր, բայց առանձին: Շատ թե քիչ միայն Մարիա Գեորգիեվնայի հետ էր շփվում, այն էլ, վերջինիս կարծիքով՝ ստիպված: Այդպես մոտ երկու ամիս անցավ: Իոաննան կիսվեց Մարիա Գեորգիևնայի հետ, որ պատրաստ է խոստովանության և Սուրբ Հաղորդություն ստանալու: Վերջինս արդեն ուրախացավ, բայց…
- Միայն թե ուզում եմ քահանա պատվիրել տուն: Թե չէ բոլորի հետ կանգնել այդ հրմշտոցի մեջ այնքան էլ հաճելի չէ, ինքներդ եք հասկանում: Ես կվճարեմ: Դե, այսինքն՝ նվիրատվություն կանեմ:
Մարիա Գեորգիևնան թախիծով բացատրեց, որ Տեր հայրը միայն հիվանդներին է տանն այցելում, որոնք չեն կարող եկեղեցի գնալ, իսկ այստեղ բոլորը Քրիստոսի Եկեղեցին են: Եվ անհնարին է դրանից անջրպետվել: Ինչպես որ անհնարին է սեփական առանձնասենյակ կառուցել Երկնքի Արքայությունում: Նույնիսկ վճարելով: Ներեցեք, նվիրատվություն կատարելով…
Իոաննան տխրեց: «Ես կմտածեմ» քրթմնջալով, կամաց դեպի ելքը գնաց: Մոմավաճառը դառնությամբ մտածեց, որ տիկին այլևս չի վերադառնա:
Սակայն, Աստված Իր պլաններն ունի յուրաքանչյուրիս նկատմամբ:
Հազիվ էր Իոաննան իր նոր մեքենան նստել, երբ բջջայինը զանգեց: Մայրն էր զանգահարում: Իոաննայի ութամյա որդուն «Շտապ օգնություն»-ը որովայնի ցավերով տեղափոխում էր հիվանդանոց: Կինն այնպես վախեցավ, որ արդեն ի վիճակի չէր սթափ մտածելու և չհամարձակվեց ղեկին նստել: Լավ է, համայնքի անդամները, եկեղեցուց դուրս գալիս, նկատեցին, որ ինչ-որ բան այն չէ և մոտեցան նրան: Լյուբաշան օպերատիվ կերպով վալերիանայի հաբեր մտցրեց նրա բերանը: Անֆիսան տաքսի կանչեց, Վերան, ճշտելով, թե որ հիվանդանոց են տանում երեխային, զանգահարեց իր բժիշկ ամուսնուն: Երբ Իոաննան Անֆիսայի հետ հիվանդանոց հասավ, Վերան արդեն զանգահարել էր նրանց ու հայտնել, որ անհանգստանալու կարիք չկա, տղայի մոտ կույր աղիքի բորբոքում է և քիչ անց նրան մի շատ լավ բժիշկ կվիրահատի, ի դեպ, Ստեպանի նախկին համակուրսեցին:
Իոաննան չհասցրեց նույնիսկ մի կարգին վախենալ: Նրան ասես գրկեցին ու ձեռքերի վրա առած անցկացրին բոլոր խոչընդոտների վրայով: Վիրահատությունը հրաշալի անցավ: Որդին ուրախանում էր հյուրերի այցելություններից: Ամեն օր եկեղեցուց ինչ-որ մեկն այցելում էր նրան և մի համեղ բան բերում:
Հաղորդություն ստացողների հերթի վերջում Իոաննան էր կանգնած:
Եվ այնքա՜ն ուրախալի է, որ դիմացդ ոչ թե ուղղակի բազմություն է կանգնած, այլ հարազատներդ՝ եղբայրներդ ու քույրերդ: Եվ դուք միասին Քրիստոսի Եկեղեցին եք:
Նատալյա Կլիմովա
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը