13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ամէն, ամէն ասեմ ձեզ. եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ, ապա թէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ»:
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհաննես 12:24):
Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր.
Առաջին մեղսագործությամբ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից: Նրանք ճաշակեցին արգելված ծառի պտղից. «Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»: Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի և թաքնվեցի»: Աստված ասաց նրան. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես: Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես»: Ադամն ասաց. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա՛ տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա»: Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերա» (Ծննդոց 3:8-13):
Սիրելինե՛ր, մարդը միշտ այդպես է. մեղքերը խոստովանելիս անմիջապես արդարացնում է իրեն և մեղքը բարդում է ուրիշների վրա: Մարդն իր մեղքերը չի տեսնում և գցում է այլոց վրա ու փորձում իր խեղճը թեթևացնել, սակայն Աստված սպասում է մեզանից ընդամենը, որ ընդունելով մեր տկարությունը և սխալական ու սայթաքող լինելը, խոստովանենք մեր մեղանչականությունը և ներում հայցենք Իրենից: Երբ որ մարդ խուսափում է ինքն իրեն մեղավոր ճանաչելուց, նրա մեջ գործում է հպարտությունը, իսկ երբ իրեն մեղավոր է ճանաչում և խոստովանում, նշանակում է՝ խոնարհություն ունի:
Եվ ընդհակառակը, երբ մարդը իրեն գովաբանում է, անպայման մեջտեղ է բերում իր «ես»-ը, կարևորում իր անձը, բարձրացնում ուրիշների մոտ: Երբ մարդիկ բարիք անելուց շեշտում են իրենց «ես»-ը, կրկին սնուցում են իրենց հպարտությունը: Իրականում «ես»-ը իր համար դժոխային սահմաններ է դնում, սահմանազատում իրեն մյուսներից, մինչդեռ «ես»-ի զոհաբերմամբ և նվիրումով է, որ գծագրվում են դրախտի սահմանները: «Ես»-ի զոհաբերումը խոնարհություն է, սեր է, հոգատարություն ու խնամք. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. – ասում է Հիսուս Քրիստոս, – եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհաննես 12:24):
Անձնվիրությամբ է, որ մարդ սիրում է իր նմաններին և ձուլվում նրանց: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մեզ սովորեցնում է սիրել Աստծուն ու մարդկանց և այդ սիրո մեջ զոհաբերել սեփական «ես»-ը: Ինչպես շաքարավազը, լցվելով թեյի մեջ, ձուլվում է ընդհանուր բաղադրությանը և քաղցրություն ապահովում, այդպես էլ պետք է լինի քրիստոնյայի կյանքը. նա պետք է միաձուլվի ընդհանուրին և քաղցրություն տա ընդհանուրի կյանքին: Այդ ժամանակ է, որ կյանքը դառնում է դրախտ, երբ քանդվում են «ես»-ի պարիսպները:
Սիրելինե՛ր, ուշադրություն դարձնենք մեր կյանքին, թե ինչպես են տեխնոլոգիական հնարավորությունների այս դարում սահմանագծվում դրախտի և դժոխքի սահմանները: Աստված ասում է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս 22:39): Կամ՝ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհաննես 15:13):
Այսօր տարածում են գտնում կապի զանազան միջոցները, բայց մարդիկ կենդանի շփման, հոգատարության և խնամքի կարիք ունեն: Թվում է, թե մարդիկ ավելի կապված պետք է լինեն իրար, սակայն նորանոր հոգսերը ավելի են հեռացնում մարդկանց իրարից: Մարդիկ նախընտրում են մեռնել, քան բեռ դառնալ իրենց հարազատներին, որը լիովին հակասում է քրիստոնեական սիրո գաղափարին: Հովհաննես առաքյալն ասում է. «Սիրո մեջ երկյուղ չկա. և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է. և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհաննես 4: 18): Սերն է, որ օգնում է մեզ հաղթահարել մղոններ ու սեփական ժամանակից նվիրել մտերմներին ու ոչ մտերիմներին: Եթե հպարտությունը մարդկանց վտարեց դրախտից, ապա եղբայրական սերն է, որ մեզ հետ է վերադարձնում դրախտ: Եթե հպարտությունը սահմաններ է գծում մարդկանց միջև, ապա խոնարհությունը մերձեցնում է մարդկանց, եթե ատելությունը, նախանձն ու չարակամությունը անանցանելի անջրպետներ են գծում մարդկային սրտերի միջև, ապա սերն ու ուշադրությունը, ներողամտությունն ու հոգատարությունը հավիտենական սիրո կապերով կապում են մարդկանց, որն արձանագրվում է ոչ միայն օգնության կարիք ունեցող մարդկանց սրտերում և շրթունքներում, այլ նաև Կյանքի գրքում: Երկնավորներն են ցնծում, երբ քրիստոնեական սերմերը իրենց պտուղներն են տալիս մարդկանց գործերով, երբ մարդկանց առաջնորդում են ոչ թե մարդկային սահմանափակ մտքի օրենքները, այլ քրիստոնեական սիրո օրենքները:
Մեծ բնակչություն ունեցող մեծ քաղաքների մարդիկ առօրյա աշխատանքային վազքի և նիստուկացի մեջ է՛լ ավելի կարիք ունեն բարեկամական ջերմ ու անկեղծ հարաբերությունների հաստատման: Աշխարհը հեշտին է ձգտում, Աստվածաշունչը մատնանշում է երկինքը նեղ դռնով մտնելու ճանապարհը: Աշխարհը սովորեցնում է ամեն գնով նպատակին հասնել, Աստված ցանկանում է, որ բոլորս լինենք բարի սամարացիներ, որպեսզի, մեր երազանքների ու ցանկությունների ետևից շտապելով, ճանապարհին նկատենք և անտարբերությամբ չանցնենք ընկածների կողքով:
Մաղթում եմ բոլորիս, որ վերանան մեր սրտերում կառուցված պարիսպները, որպեսզի կարողանանք տեսնել մեր անձներից այն կողմ: Թող հալչեն մեր սրտերի սառույցները, և Քրիստոսի անսպառ սիրով ջերմանալով՝ կարողանանք ջերմացնել մեր կողքիններին: Թող սուրբգրային պատգամները արմատավորվեն մեր վարքագծում, որպեսզի տեղի չտանք այս աշխարհում թևածող հեղհեղուկ գաղափարախոսություններին և նահանջենք մեր քրիստոնեական արմատներից. «Ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի», – ասում է Տերը (Մարկոս 13:13):
Չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք կարծում են, թե իբր քրիստոնեությունն իր վախճանին է մոտենում, քանի որ աշխարհում շատ գաղափարախոսություններ են եկել և անցել, սակայն Աստվածային պատվիրանները մնացել են, որովհետև մնայուն են և հավիտենական. «Երկինք ու երկիր կանցնեն, – ասում է Քրիստոս, – բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մարկոս 13:31):
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան